«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2007-04-19 | #73, 2007-04-20 | #74, 2007-04-21


2007 Թ. ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿՀԱՆՁՆԻ 4 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐ

Չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու համար

Քաղաքապետարանիՙ Երեւանի կառուցապատման ծրագրերի իրականացման գրասենյակըՙ ԾԻԳ-ը, 2007 թվականին, ի թիվս այլ շինարարական աշխատանքների, կիրականացնի կենտրոնական մի քանի փողոցների խաչմերուկների, ստորգետնյա անցումների կառուցման ու վերակառուցման, Հերացու փողոցից մինչեւ Խորենացի շրջանային նշանակության մայրուղու կառուցման աշխատանքները: Սակայն կապիտալ շինարարության ոլորտում առաջնահերթություններից մեկը եղել եւ մնում է 4-րդ աստիճանի վթարային շենքերիՙ բնակիչներին փոխհատուցմամբ տրվող բնակարանների շինարարությունը:

2006 թվականի դեկտեմբերի 25-ին մայրաքաղաքի Լենինգրադյան փողոցին հարող տարածքում շահագործման հանձնվեցին 2 բազմաբնակարան բարձրահարկ նորակառույցներ: Դրանք նախատեսված էին 4-րդ աստիճանի վթարայնության եւ, հասկանալի է, քանդման ենթակա շենքերում բնակվող 100 ընտանիքների համար: Բացման արարողության ժամանակ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը շեշտեց, որ 2007 թ.-ին կկառուցվեն 3 բարձրահարկ շենքեր նույն նպատակով, իսկ «եթե միջոցներ հայթայթվենՙ նաեւ 4-րդը»: Ըստ քաղաքապետի, 2007-ից հետո մայրաքաղաքում կմնան 11 ծայրահեղ վթարային շենքեր, որոնք էլ կվերացվեն մինչեւ 2010 թ.:

Ինչպես երեւում է, միջոցները հայթայթված են. 2007 թ.-ին շահագործման կհանձնվեն սույն նպատակին ծառայելու կոչված 4 շենքեր, որոնցից մեկըՙ Դավթաշեն համայնքում, երեքըՙ Հարավ-արեւմտյան թաղամասում: Դավթաշենում կառուցվող 12 հարկանի 60 բնակարանանոց շենքի կառուցումն ընթացքի մեջ է, մյուս երեքի շինարարական աշխատանքները կսկսվեն կապալառու կազմակերպությանՙ մրցույթով ընտրվելուց հետո: Վերջիններս կլինեն 10 հարկանի 50 բնակարանանոց բազմահարկեր: Այսպիսով, ըստ գրասենյակի շինարարության բաժնի պետ Ա. Հարությունյանի, նոր բնակարաններ տարվա վերջում վթարային շենքերից տեղափոխվելու հնարավորություն կստանան 210 ընտանիքներ:

Վթարային շենքերից բնակիչներին վերաբնակեցման պրոբլեմներին կառավարությունն անդրադարձել է 2000 թ.-ի հոկտեմբերի 25-ինՙ հաստատելով «ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտում վերականգնման առաջնահերթ ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին» որոշումը, որով կանոնակարգվում են քանդման ենթակա տների բնակիչների վերաբնակեցման հարցերը: Առաջին նորակառույցը ԾԻԳ-ը շահագործման հանձնեց 2005 թ. Արզումանյան 43 հասցեում, որտեղ բնակարանամուտ տոնեց 43 ընտանիք:

Մ. ԴԻԼԱՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4