«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2007-04-19 | #73, 2007-04-20 | #74, 2007-04-21


ԲԱՑՎԵՑ «ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ» ԹԱՆԳԱՐԱՆԸ

Ականավոր պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանի ծննդյան 75-ամյակի առիթով երեկ ՀԺԿ շենքի առաջին հարկում բացվեց «Կարեն Դեմիրճյան» թանգարանը: «2001 թ. հունվարին ՀՀ կառավարության որոշմամբ, ի հավերժացումն պետական, քաղաքական գործիչ Կարեն Դեմիրճյանի կյանքի ու գործի եւ նրա հիշատակի, որոշվեց Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ ստեղծել «Կարեն Դեմիրճյան» թանգարանը», տեղեկացրեց փոխքաղաքապետ Կամո Արեյանը թանգարանի հանդիսավոր բացման ժամանակ: Ղազար Փարպեցի 7 հասցեում թանգարանի վերանորոգման գույքի եւ համապատասխան իրեր ձեռք բերելու համար կառավարությունը հատկացրել է նաեւ գումարներ: Թանգարանի բացման աշխատանքները ձգձգվեցին ապրիլի 12-ի հայտնի դեպքերի պատճառով, երբ թանգարանի տարածք ներխուժածները ջարդուփշուր էին արել շատ կարեւոր հավաքածուներ... Ինչեւէ, այսօր արդեն շքեղ ու լուսավոր, ամբողջովին կահավորված թանգարանն իր դռները բացեց այցելուների առաջ: Դեմիրճյանի կենսագրությունն անբաժանելի մասն է մեր պետության, մեր ժողովրդի կայացման ու զարգացման մի մեծ ժամանահատվածի: Թանգարանի բացմանը ներկա էին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, վարչապետ Սերժ Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, պատգամավորներ, մտավորականներ, նաեւ հոծ բազմություն: Վարչապետ Սերժ Սարգսյանը բարձր գնահատեց Կարեն Դեմիրճյանի քաղաքական գործունեությունն ու թողած ժառանգությունը եւ նշեց. «Ասում են, մարդ իր երկրային կյանքում ապրում է այնքան, ինչքան ապրում է իր անունը, եւ այս թանգարանը կոչված է հավերժացնելու Կարեն Դեմիրճյանի հիշատակը...»: «Կ. Դեմիրճյան բարեգործական հիմնադրամի» տնօրեն Ռիմա Դեմիրճյանը շնորհակալական խոսք հղեց նրանց, ովքեր մասնակցել են թանգարանի կայացմանը, մասնավորապես լուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանին եւ մյուսներին:

Թանգարանի բացման պատիվը տրվեց վարչապետ Սերժ Սարգսյանին եւ Ռիմա Դեմիրճյանին: Վարչապետը առաջին գրությունը թողեց հուշամատյանում: Թանգարանի տնօրեն Վահագն Մամյանի հետ զրույցից տեղեկացանք, որ բացի ցուցադրված նմուշներից պահոցներում կան 10.000 ցուցանմուշներՙ սկսած 1932 թվականից: Դրանց թվում են նաեւ մեկ տասնյակ օտարերկրյա պաշտոնատար անձերի նվիրած իրերՙ Ինդիրա Գանդի, Հաֆեզ Ասադ, Չաուշեսկու, Բելա Խարի եւ այլ: Թեմատիկ ցուցադրությունների, սեմինարների եւ հատուկ երեկոների ընթացքում պարբերաբար կցուցադրվեն թանգարանի ողջ ցուցանմուշները: Թանգարանի մեկ այլ սրահում է ցուցադրվում 1962 թ. ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար եւ հետագայում ԱԺ նախագահ աշխատած տարիների իր միակ գրասեղանը, բազմոցը, աթոռները, բաժակակալով թեյի բաժակը...

Կարեն Դեմիրճյանի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում ապրիլի 21-ին, ժամը 13-ին այց կկատարվի նրա շիրիմինՙ Կոմիտասի անվան այգու պանթեոն, իսկ երեկոյան օպերային թատրոնում տեղի կունենա հանդիսավոր նիստ եւ հոբելյանական համերգ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4