«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2007-04-19 | #73, 2007-04-20 | #74, 2007-04-21


ՓԱՅԼՈՒՆ ԱՆՈՒՆՆԵՐՙ ԱՇԽԱՐՀԱՃԱՆԱՉ ԲԵՄՈՒՄ

Երեկ Վիեննայի հայտնի Մուզիքֆերայնում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգՙ հանրահայտ երեք հայ կատարողներիՙ սոպրանո Հասմիկ Պապյանի, դաշնակահար Վարդան Մամիկոնյանի, ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կատարմամբ:

Այս աստղաբույլին միացել է շնորհաշատ դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանըՙ համերգի առաջին բաժնում եղբորՙ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ կատարեցին Սեզար Ֆրանկի (1822-1890) «Սոնատ ջութակի եւ դաշնամուրի համար A-Dur op.105» ստեղծագործությունը, ինչպես նաեւ Կոմիտասի «Ծիրանի ծառը» եւ «Կռունկը»:

Համերգային ծրագրի երկրորդ բաժնում Հասմիկ Պապյանն ու Վարդան Մամիկոնյանը կատարեցին ինչպես արեւմտաեվրոպական, այնպես էլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ունկնդիրն առիթ ունեցավ լսելու Ֆրանց Լիստի «Funerailles» դաշնամուրի համար գրված սոլոն, Լեոնորայի արիան Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայից, Տոսկայի արիան Ջակոմո Պուչչինիի համանուն օպերայից, Կոմիտասի «Գարուն ա», «Քելեր-ցոլեր» հանրահայտ գործերը, Առնո Բաբաջանյանի «Պոեմ» դաշնամուրի համար գրված սոլոն, Բարսեղ Կանաչյանի «Օրորը», Էդվարդ Միրզոյանի «Ասում են թե», Տիգրան Մանսուրյանի «Չորս հայրեն» ստեղծագործությունները:

Համերգի հովանավորը Վիեննայում ՀՀ դեսպանությունն է, կազմակերպիչը Ավստրահայկական մշակութային ընկերությունը, աջակիցըՙ Ավստրիայում հայ առաքելական եկեղեցական համայնքը:

Հիշյալ աստղաբույլի երկրպագուներին տեղեկացնենք, որ ապրիլի 12-ին դասական երաժշտության առաջատար կատարողներ ներկայացնող աշխարհի ճանաչված բեմերից մեկումՙ Լոնդոնի Վիգմոր հոլում հանդիսասրահը մեծ խանդավառությամբ է ընդունել Հասմիկ Պապյանի, Վարդան Մամիկոնյանի, Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների ներկայացրած համերգային ծրագիրը, որում ընդգրկված են եղել Բախի («Չակոննեն»), Սեզար Ֆրանկի, Ֆրանց Լիստի, Առնո Բաբաջանյանի, Ֆրանց Շուբերտի, Կոմիտասի, Վերդիի ստեղծագործություններից:

Ավելի վաղՙ մարտի 12-ին Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում հոտնկայս ծափողջույններով է անցել Փարիզի Salle Gaveau-ում Հասմիկ Պապյանի եւ Վարդան Մամիկոնյանի համերգը, ուր երաժշտասերներին են մատուցել Կոմիտասի, Բերբերյանի, Կանաչյանի, Միրզոյանի, Տերտերյանի, Մանսուրյանի ստեղծագործություններից:

ԱՆ. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4