«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2007-04-19 | #73, 2007-04-20 | #74, 2007-04-21


ՌՈՒԲԵՆ ԷԼԲԱԿՅԱՆԸ ԵՐԳԵՑ ԱՐՔԱՅԱԿԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

2007 թ. ապրիլի 3-ին հիրավի արքայական քաղաք Վերսալում էինք հավաքվել, որպեսզի Ռուբեն Էլբակյանի ոսկե ձայնն ունկնդրեինք քաղաքապետարանի սրահների ջահերի ներքո: Անկասկած, դա աշխարհիկ իրադարձություն էր, բայց նաեւ երաժշտական իրադարձություն, քանզի այդ հայ տենորի ձայնը շարունակ մեզ հմայում է իր տեմբրի գեղեցկությամբ ու հստակությամբ: Նրա երգացանկը պատշաճ էր. Դոնիցետտի, Վերդի, Ռոսսինի, բայց նաեւ Չայկովսկի, Սեն Սանս... եւ մանավանդ (թերեւս ոչ այնքան շատ) Հայոց ցեղասպանության խորհրդանշական զոհ, երգահան Կոմիտասի երգերից մի քանիսը: «Գարուն ա»-ից մինչեւ «Կռունկ» բալլադները պատմում են նրա ժողովրդի աստանդական կյանքի, ինչպես նաեւ տարագրության եւ նահատակության մասին:

Ռուբեն Էլբակյանի հարուստ ձայնի շնորհիվ դրանք անսահման հուզմունքով հագեցած ծավալ են ստանում: Ռուբենը համերգը եզրափակեց ավելի թեթեւ նոտաներովՙ նեապոլյան երգերով, որոնք նա խաղի պես կատարում է տաղանդով եւ ուրախությամբ: Ես մի պահ ափսոսում եմ Կոմիտասին, բայց հանկարծ ըմբռնում եմ, որ հարեւաններս ձայնակցում են, տակտ զարկում, տենորի յուրաքանչյուր նոտային հետեւում այնպիսի երջանկությամբ...., որ ես մոռանում եմ Հայաստանի երգերը եւ լոկ կարողանում եմ մեկ անգամ եւս զմայլվել երգչի ձայնային կարողությունների բազմազանությամբ:

1998 թվականին Ռուբեն Էլբակյանը նախընտրեց կարիերան շարունակել Ֆրանսիայում: Նա մեզ համար հիանալի նվեր է, որը ծաղկում է անցյալ սեպտեմբերին սկսված Հայաստանի տարում: Ռուբեն Էլբակյանն իր դաշնակահար Գրիգոր Աբրահամյանի ուղեկցությամբ համերգային շրջագայություն է սկսել ամբողջ Ֆրանսիայում (Վալանս, Մարսել, Բորդո, Նիս, Էքս...) մինչեւ հունիս, ապա կմեկնի Նեապոլ, Մոսկվա, Բոստոն:

Եվ եթե երգչի բացակայության ժամանակ զգաք նրա ձայնի պակասը, ապա շտապեք գնել անցյալ տարեվերջին նրա ձայնագրած Կոմիտասի երգերի խտասկավառակը: Այդ սկավառակն ունկնդրում ես գլխով, մարմնով եւ սրտով:

ԷԼԻԶԱԲԵԹ ԲԵՌՆԱՐ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4