«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2007-04-19 | #73, 2007-04-20 | #74, 2007-04-21


ՀՌԻՓՍԻՄԵՆ ԿՐԿՆԵՑ ՄԵԼԻՆԵԻ ՍԽՐԱՆՔԸ

Նազիկ Ավդալյանն ու Տիգրան Մարտիրոսյանը Եվրոպայի փոխչեմպիոններ

Նախորդ համարում տեղեկացնելով ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Մելինե Դալուզյանի աննախադեպ հաջողության մասին, հույս էինք հայտնել, որ այն շարունակություն կունենա: Եվ ահա Հայաստանի պատվիրակներն իրենց հիանալի ելույթներով շարունակեցին հաջող մեկնարկը` նոր փառավոր էջեր գրելով հայկական ծանրամարտի էջերում:

Կանանց ծանրամարտում Հայաստանը եւս մեկ Եվրոպայի չեմպիոնուհի ունեցավ: Գերազանց ու վստահ ելույթ ունեցավ մեր փորձառու մարզուհի Հռիփսիմե Խուրշուդյանը: Նա հաղթող ճանաչվեց մինչեւ 75 կգ քաշային ծանրորդուհիների մրցավեճում: Հռիփսիմեն երկամարտում ցույց տվեց 262 կգ արդյունք (122+140) եւ 15 կգ-ով գերազանցեց արծաթե մրցանակակիր, ռուսաստանցի Տատյանա Մատվեեւային: Ընդ որում, հրում վարժությունում Հռիփսիմեն վերջին մոտեցման ժամանակ չկարողացավ իրեն ենթարկել 147 կգ-անոց ծանրաձողը, այլապես նրա առավելությունը մրցակցի նկատմամբ կարտահայտվեր 22 կգ-ով: Սակայն հայ մարզուհու ցույց տված արդյունքն էլ տպավորիչ է: Նա իր հավասարը չունեցավ նաեւ առանձին վարժություններում` արժանանալով փոքր ոսկե մեդալների: Բրոնզե մեդալը բաժին հասավ իսպանուհի Լիդիա Վալենտինին, որը ցույց տվեց նույն 247 կգ արդյունքը, ինչ-որ Տատյանա Մատվեեւան, սակայն վերջինից ծանր էր 500 գրամով: Իսպանուհին փոքր արծաթե մեդալի արժանացավ պոկում վարժությունում, որտեղ Մատվեեւան 3-րդն էր: Իսկ հրումում արծաթե եւ բրոնզե մեդալները նվաճեցին Տատյանա Մատվեեւան եւ Օլգա Կիսելյովան:

Իր թիմակիցներից հետ չմնաց նաեւ մեր կանանց հավաքականի 3-րդ պատվիրակը` Նազիկ Ավդալյանը: Պոկում վարժությունում Նազիկը հաջողությամբ հաղթահարեց պատվիրած նախնական 105 կգ քաշը, սակայն հետագայում երկու անգամ անհաջողության մատնվեց 108 կգ ծանրությունը բարձրացնելիս: Արդյունքում նա 105 կգ-ով արժանացավ բրոնզե մեդալի: Իսկ լավագույն արդյունքը ցույց տվեց ռուսաստանցի Օքսանա Սլիվենկոն (112 կգ): Աշխարհի ներկայիս չեմպիոնուհին ու պոկում վարժության աշխարհի ռեկորդակրուհին (123 կգ) իրոք որ ուժեղ էր իր մրցակցուհիներից եւ արժանիորեն նվաճեց Եվրոպայի չեմպիոնուհու տիտղոսը: Հրում վարժությունում նա ցույց տվեց 145 կգ արդյունք` երկամարտի ցուցանիշը հասցնելով 257 կգ-ի:

Հրում վարժությունում Նազիկը վստահ հանդես եկավ` հաջորդաբար բարձրացնելով 130, 134 եւ 136 կգ: Նա երկամարտի 241 կգ (105+136) արդյունքով արժանացավ արծաթե մեդալի: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ ուկրաինուհի Նատալյա Դավիդովան, սակայն վերջինս ընդամենը 70 գրամով ծանր էր հայ մարզուհուց, ուստի ստիպված էր բավարարվել բրոնզե մեդալով:

Բավական դրամատիկ պայքարում անցավ տղամարդկանց մինչեւ 69 կգ քաշային ծանրորդների մրցավեճը: Հաջողությանը շատ մոտ էր Տիգրան Մարտիրոսյանը: Նա առաջին վարժությունից հետո վստահորեն գլխավորում էր չեմպիոնական մրցավազքը: Տիգրանը նախ իրեն ենթարկեց 150 կգ-անոց ծանրաձողը, ապա բարձրացրեց 155 կգ, իսկ ահա երրորդ մոտեցման ժամանակ չկարողացավ հաղթահարել 157 կգ ծանրությունը: Տիգրանը 155 կգ արդյունքով լավագույնն էր եւ պոկում վարժությունում նվաճեց ոսկե մեդալ: Նա 7 կգ-ով առաջ էր անցել 2-րդ արդյունքն ունեցող ֆրանսիացի Վենսելաս Դաբայայից: Իսկ ռուսաստանցի Վլադիսլավ Լուկանինը պոկում վարժությունն ավարտել էր 147 կգ-ով:

Եվրոպայի չեմպիոնի բախտը վճռվելու էր հրում վարժությունում: Ցավոք, այստեղ Տիգրանն անհաջող հանդես եկավ: Նա մրցումը սկսեց 176 կգ-ով եւ միայն երրորդ մոտեցմամբ կարողացավ բարձրացնել այն, այլապես զրո կստանար եւ դուրս կմնար մեդալների համար մղվող պայքարից: Տիգրանը երկամարտում ցույց տվեց 331 կգ (155+176) արդյունք: Բարձրացնելով 183 կգ, հայ ծանրորդի արդյունքը կրկնեց ֆրանսիացի Դաբայան: Քանի որ նա անձնական քաշով մոտ 400 գրամով թեթեւ էր Տիգրանից, ուստի իր համար ապահովեց ոսկե մեդալը: Ֆրանսիացին 3-րդ մոտեցմամբ փորձեց բարձրացնել 190 կգ, սակայն ապարդյուն: Մրցակիցներին փորձեց գերազանցել ռուսաստանցի Վլադիսլավ Լուկանինը, բայց երկու անգամ էլ անհաջողության մատնվեց 185 կգ ծանրությունը հաղթահարելիս:

Այսպիսով, Տիգրան Մարտիրոսյանը երկամարտում դարձավ արծաթե մրցանակակիր, իսկ հրում վարժությունում բրոնզե մեդալ ստացավ: Իսկ չեմպիոն հռչակվեց ֆրանսիացի Դաբայան: Բրոնզե պարգեւին արժանացավ ռուսաստանցի Վլադիսլավ Լուկանինը` 322 կգ (147+175):

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4