«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2007-04-19 | #73, 2007-04-20 | #74, 2007-04-21


ՆԱՀԱՆՋ ՈՒԹ ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին հանդիպումների արդյունքներն իրենց անմիջական արտացոլումն են գտել ՖԻՖԱ-ի դասակարգման նոր ցուցակում ազգային հավաքականների ցուցանիշներում: Լեհերից կրած պարտությունից հետո Հայաստանի ազգային հավաքականը նախորդ ամսվա համեմատ դասակարգման ցուցակում 8 տեղով նահանջել է, վարկանիշը նվազեցրել 26-ով եւ այժմ զբաղեցնում է 127-րդ հորիզոնականը: Իսկ ահա ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցներ Ադրբեջանի եւ Ղազախստանի ընտրանիները բավական առաջադիմել են շնորհիվ վերջին հանդիպումներում տոնած հաղթանակների: Այսպես, ղազախները 27 հորիզոնականով առաջադիմել են եւ զբաղեցնում են 116-րդ տեղը: Իսկ ադրբեջանցիները 20 տեղով են վեր բարձրացել եւ այժմ 103-րդ տեղում են: Հարկ է նշել, որ ամենամեծ առաջընթացը գրանցվել է Լիխտենշտեյնի հավաքականի մոտ (31 տեղով):

Ընտրական «A» խմբում հանդես եկող հավաքականներից ամենաբարձր վարկանիշն ունեն պորտուգալացիները, որոնք մեկ տեղով բարձրացել են եւ զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը: Լեհերն էլ մեր հավաքականին հաղթելու շնորհիվ 3 տեղով բարձրացել են եւ զբաղեցնում են 21-րդ հորիզոնականը: Իսկ ահա ֆինները 12 տեղով նահանջել ենՙ տեղ զբաղեցնելով 45-րդ հորիզոնականում: 4 հորիզոնականով նահանջել են սերբերը (32-րդ տեղ) եւ բելգիացիները (59-րդ տեղ):

Մեկամսյա ընդմիջումից հետո աշխարհի չեմպիոն Իտալիայի հավաքականը կրկին գլխավորեց դասակարգման ցուցակը: Իտալացիներն իրենց վարկանիշն ավելացրել են 12-ով, մինչդեռ 2-րդ հորիզոնական նահանջած արգենտինացիներն իրենց ցուցանիշը նվազեցրել են 22-ով: Լավագույն տասնյակում 2 հորիզոնականով նահանջել է Անգլիայի ընտրանին, մեկ տեղովՙ Չեխիայի հավաքականը: Իսկ ահա հոլանդացիները, պորտուգալացիներն ու իսպանացիները մեկ տեղով բարձրացել են:

Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականներից ամենաբարձր վարկանիշն ունեն ուկրաինացիները (1021), որոնք 11-րդ տեղում են: Բավական առաջադիմել են ռուսներըՙ 23-րդ տեղից բարձրանալով 16-րդ հորիզոնական: Դասակարգման ցուցակում ամենամեծ նահանջն ունեցել է Բանգլադեշի հավաքականը (21 տեղով):

Ներկայացնում ենք դասակարգման ցուցակի առաջին տասնյակի եւ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականների ցուցանիշները:

1. Իտալիա1604
2. Արգենտինա1594
3. Բրազիլիա1520
4. Ֆրանսիա1496
5. Գերմանիա1393
6. Հոլանդիա1302
7. Պորտուգալիա1292
8. Անգլիա1278
9. Իսպանիա1237
10. Չեխիա1169
11. Ուկրաինա1021
16. Ռուսաստան901
60. Ուզբեկստան511
63. Բելառուս475
85. Վրաստան374
89. Լիտվա356
92. Մոլդովա345
103. Ադրբեջան298
104. Լատվիա297
110. Էստոնիա247
116. Ղազախստան235
127. Հայաստան184
145. Տաջիկստան122
151. Ղրղզըստան108
163. Թուրքմենստան76

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4