հատուկ վերաբերմունք, հատուկ եւ գործնական հարաբերություններ
Ըստ ամենայնի հայ-եգիպտական հարաբերությունները թեւակոխում են նոր եւ ավելի գործնական փուլ, երբ պատմական ու բարիդրացիական համակրանքին եւ մեկ անգամ արդեն անհաջող փորձարկված գործարար հարաբերություններին (1992 թ.) փոխարինելու են գալիս փոխշահավետ նոր պայմանագրերը: Նման ենթադրությունը հավաստի է թվում, երբ նախընտրական պայքարի այս թեժ օրերին` ապրիլի 14-16-ը, ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը գերադասում է թողնել հանրապետությունը եւ երկօրյա պաշտոնական այցով գտնվել Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում: Նրա մեծաթիվ պատվիրակության կազմում էին երեք նախարար եւ բազմաթիվ գործարարներ:<>
«Ազգը» հնարավորություն ունեցավ ներկա լինելու ՀՀ նախագահի եւ նրա տիկնոջ` Բելլա Քոչարյանի մի շարք հանդիպումներին, արձանագրելու պատվիրակության անդամներից մի քանիսի տպավորություններն ինչպես գործնական քայլերի, այնպես էլ Եգիպտոսի եւ եգիպտահայ համայնքի մասին: Եգիպտոս երկօրյա այցելության ծավալուն եւ խիտ գրաֆիկը, իրար անընդհատ հաջորդող իրադարձությունների առատությունը մեկ համառոտ ռեպորտաժում ներկայացնելը ոչ միայն ժամանակի, այլեւ ծավալի հարց առաջացրեց: Խնդիրը գործնականորեն լուծեց ՀՀ Արդյունաբերողների եւ գործարարների միությունը, որի նախագահ Արսեն Ղազարյանի աջակցությամբ լույս է ընծայվում ներկա ներդիրը:
Ձգտելով մանրամասներով չկրկնել այն, ինչ արդեն հնչեցրել են մի քանի տեղական հեռուստաընկերություններ, նշենք միայն, որ ՀՀ նախագահը տեսակցություն ու հանգամանալից առանձնազրույց ունեցավ ԵԱՀ-ի նախագահ Հոսնի Մուբարաքի հետ: Լրագրողները ոչ մի հանդիպման մինչեւ վերջ ակնդիր լինելու հնարավորություն չունեցան, սակայն հանդիպումների մասին մանրամասն տեղեկատվություն ստացան տեղում:
Եվ այսպես, նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության, տարածաշրջանային, միջազգային ու տնտեսական ոլորտների հարցեր, ինչպես նաեւ զրուցել են մերձավորարեւելյան տարածաշրջանի թեմայով: Հ. Մուբարաքի խնդրանքով Ռ. Քոչարյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա իրադրությունը: Հանդիպումներ եղան նաեւ վարչապետ դոկտոր Ահմադ Նազիֆի, ԵԱՀ-ի շեյխ Սայիդ Տանտավիի հետ: ՀՀ նախագահը այցելեց նաեւ Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար դոկտոր Ամր Մուսայի ու ԱՊԼ անդամ պետությունների դեսպանների, ինչպես նաեւ ԵԱՀ Ժողովրդական ժողովի նախագահ դոկտոր Ֆաթհի Սուրուրի հետ: Առավել ուշագրավ էր ԱՊԼ դեսպանների հետ կայացած հանդիպումը, որի ընթացքում ՀՀ նախագահը հանդես է եկել ելույթով: «Մերձավոր Արեւելքն այսօր ապրում է իր նորագույն պատմության թերեւս ամենաբարդ եւ բախտորոշ ժամանակաշրջանը: Տարածաշրջանում ծավալված անհաշտ պայքարը սպառնում է ընդգրկել ավելի ու ավելի մեծ թվով երկրներՙ վտանգելով ոչ միայն տարածաշրջանային, այլեւ` միջազգային կայունությունը», նշել է ՀՀ նախագահըՙ համոզմունք հայտնելով, որ տարածաշրջանային կայունության եւ անվտանգության հաստատման գործում առանցքային նշանակություն ունի պաղեստինյան հարցի լուծումը: Ի պատասխան դեսպաններից մեկի հարցին, Ռոբերտ Քոչարյանը նշել է. «Մենք համակրում ենք պայքարող ժողովրդին, բայց եւ հասկանում ենք, որ հենց պաղեստինցիները պետք է գիտակցեն, որ իրենց ուժն առաջին հերթին իրենց միասնության մեջ է եւ իրենք պետք է ավելի կազմակերպված ձեւով ապացուցեն բոլորին, որ ի վիճակի են վերականգնել եւ կատարել այն բոլոր գործառույթները, որոնք յուրաքանչյուր պետություն պետք է կատարի»: Անդրադառնալով Իրաքում տեղի ունեցող իրադարձություններին, ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանն անկեղծորեն շահագրգռված է տեսնելու Իրաքը որպես ինքնիշխան, կայուն եւ անվտանգ պետություն: ՀՀ նախագահն իր տեսակետն է ներկայացրել նաեւ Լիբանանում ստեղծված իրավիճակի առնչությամբՙ հայ-լիբանանյան կապերը բնութագրելով «բացառիկ»: «Այստեղ տեղի ունեցող իրադարձությունները մեզ առանձնահատուկ ցավ են պատճառում: Հիասքանչ այդ երկրում կայունության եւ հուսալի անվտանգության հաստատումը դարձել է հրամայական ամբողջ տարածաշրջանի համար»,- նշել է Ռոբերտ Քոչարյանըՙ ընդգծելով թե՛ լիբանանահայ համայնքի, թե՛ արաբների ակտիվ գործունեությունը Հայաստանի տնտեսության մեջ: Հայաստանի նախագահը ԱՊԼ երկրների դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձել է նաեւ ՀՀ արտաքին քաղաքականությանը, տնտեսության առանձնահատկություններին ու առաջնահերթություններին, մշակութային համագործակցությանը, ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Վերջինիս առումով Ռոբերտ Քոչարյանը բարձր գնահատական տալով ԵԱՀԿ միջնորդական ջանքերինՙ միաժամանակ նշել է, որ գործընթացին մեծապես վնասում են դրանից դուրս ղարաբաղյան կարգավորման շուրջ տարբեր կառույցներում ընդունվող տարբեր բանաձեւերը: Նա ներկա դեսպանների միջոցով կոչ է արել ԱՊԼ անդամ երկրների կառավարություններին` ձեռնպահ մնալ տարբեր կազմակերպություններում ԼՂՀ խնդրի շուրջ բանակցային գործընթացների հետ առնչություն չունեցող բանաձեւերին միանալուց:
ԱՊԼ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպումից հետո պատասխանելով արաբ լրագրողի հարցին Ռ. Քոչարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանը տարբեր միջազգային ատյաններում, առաջին հերթին ՄԱԿ-ում, միշտ քվեարկել է ի պաշտպանություն արաբական ընդհանրացված մոտեցումների: «Սա խոսում է հատուկ վերաբերմունքի եւ հատուկ հարաբերությունների մասին», նշեց նախագահը:
Դե իսկ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի առաջին այցելության առաջին երեկոն ԵԱՀ-ում գտնվող Հայաստանի դեսպանությունում հուզառատություն եւ ջերմ մթնոլորտ ապահովեց հարյուրավոր եգիպտահայերի համար, ովքեր եկել էին ողջունելու հայրենի երկրի ղեկավարին ու բազմանդամ պատվիրակությանը: ՀՀ նախագահը դեսպանության բարեկամների խորհրդի անդամներին շնորհակալագրեր հանձնելու առիթը բաց չթողեց եւ իր հիացմունքը հայտնեց Հայկական բարեգործական Ընդհանուր Միության դեսպանությանը տրամադրած գեղեցիկ շենքի առթիվ: (Եգիպտահայերի մասին տես նաեւ «Եգիպտահայ համայնքՙ պատշաճ եւ օրինակելի հայություն» վերտառությամբ հարապարակումը)։
Պաշտոնական այցի երկրորդ օրը նշանավորվեց հայ-եգիպտական բարեկամական հուշակոթողի բացման արարողությամբ, որին ներկա էին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Եգիպտոսում օտարերկրյա դիվանագետների ներկայացուցիչներ, եգիպտահայեր: Նույն ժամանակահատվածում ՀՀ նախագահական պատվիրակության անդամ գործարարները, ինչպես նաեւ նույն օրը ժամանած գործարարների խումբը, Տնտեսական զարգացման առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանի գլխավորությամբ մասնակցեցին գործարար համաժողովի բացման արարողությանը: Դրան հաջորդեց եւս մեկ համաժողով: (Երկու հանդիպումների մասին ավելի մանրամասն ծանոթացեք «Թռիչք, որ կապահովի հայ-եգիպտական գործարար կապեր» հրապարակման մեջ։
Ընդլայնված կազմով հանդիպումը ԵԱՀ կառավարությունում արդյունավորվել է երկու երկրների պաշտոնատար անձանց ութ պայմանագրերի ստորագրմամբ: Դրանց շնորհիվ Հայաստանն ու Եգիպտոսը կհամագործակցեն հանցավորության դեմ պայքարի, մաքսային զբոսաշրջության, միջբուհական կապերի եւ լրատվության ոլորտներում:
ՀՀ նախագահը ծաղկեպսակներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին եւ ԵԱՀ նախկին նախագահ Անուար Սադաթի շիրիմին: Նախագահը նաեւ հարցազրույց է տվել «Մենա» լրատվական գործակալությանը: Նրա եւ ՀՀ առաջին տիկին Բելա Քոչարյանի այցերը լուսաբանել են եգիպտացի մեր բազմաթիվ գործընկերները:
Նեղոսի պարգեւը հայերիս աչքերով
Մշակութային ծրագիր
Միջպետական եւ գործնական կապերի ամրապնդման համար նախատեսված երկու օրերը հայաստանյան պատվիրակության համար համեմված էին մշակութային տեսարժան վայրեր այցելություններով: Այցելության առաջին իսկ օրը ՀՀ նախագահն իր պատվիրակության կազմով եղավ Միջնաբերդում, որ մի ծավալուն ամրոց է` կառուցված Կահիրեի բլուրներից մեկի վրա: Միջնաբերդը Կահիրեն մայրաքաղաքային տեսքի բերած հայտնի բարեփոխիչ Մուհամմադ Ալիի ամրոցն է, որ նաեւ Ալաբաստրե անունն է կրում, քանի որ նրա պատերի ներքին ձեւավորման համար մարմար է օգտագործվել: Տաճարը կառուցվել է Պոլիսի սբ. Սոֆիայի տաճարի նմանությամբ եւ թուրքական ռոկոկոյի ոճով է ձեւավորված, նկատենք սակայն, որ այն որքան վեհաշուք, այնքան էլ վերանորոգման կարիք զգացող կոթող է: Ուշագրավ է պղնձե զարդարուն ժամացույցի աշտարակը, որ ֆրանսիական թագավոր Լուի Ֆիլիպի նվերն է Մուհամմեդ փաշային ի պատասխան նվեր կոթողի, որ կանգնած է Փարիզի Համաձայնության (Կոնկորդ) հրապարակում:
Հայաստանյան պատվիրակությանը ուղեկցեցին նաեւ Եգիպտոսի ազգային թանգարան, որը կառուցվել է 1857 թվականին ֆրանսիացի եգիպտագետ Օգյուստ Մարիետի կողմից: Ավելի քան 160 000 ցուցանմուշներ ունեցող այս թանգրանը ցուցադրում է իր հարստության չնչին տոկոսը միայն, որոնց մեջ մտնում են ինչպես մի քանի մետր բարձրություն ունեցող արձաններն ու սարկոֆագները, այնպես էլ Թութանհամոն փարավոնի դամբարանից բերված ոսկեպատ իրերը, աշխարհահռչակ մումիաները:
Այցի երկրորդ օրը նախագահական պատվիրակությունից մեկ օր առաջ ժամանած Երեւանի օպերայի եւ բալետի պետական թատրոնը Կահիրեի դահլիճներից մեկում ներկայացրեց «Գայանե» բալետը, որին ներկա եղան ՀՀ եւ ԵԱՀ նախագահների տիկնայք:
ՀՀ նախագահն ու նրա պատվիրակությունը զբոսանավով շրջեցին երկրագնդի ամենաերկար գետի` Նեղոսի (6500 կմ) վրայով, որ կարծես ավանդույթային տարրեր պարունակող մշակութային արարողություն է: Չէ՞ որ Նեղոսը հին եգիպտացիների համար համարվել է սուրբ, ինչպես իրենց փարավոններն ու բնության երեւույթները, ողջ կենդանական ու բուսական աշխարհը:
Այցելությունը եգիպտական բուրգեր բավականին տպավորիչ էր: Նախագահը թեթեւ փութկոտությամբ բարձրացավ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկի` Քեոփսի բուրգի 147 մետրը: Ավելի բարձր բլրից բուրգերի դիտումն ուղղակի անմոռանալի է: Տեսարանն իրոք որ անասովոր էր, մանավանդ, որ քար ու կանաչի սովոր հայաստանցիներիս համար մինչ հորիզոնը տարածվող անապատը ծավալվում էր բլուրների բարձրունքից եւ անհետանում հորիզոնում: Պատվիրակությունը կանգ առավ եւ լուսանկարվեց նաեւ հանրահայտ սֆինքսի մոտ:
Եգիպտական Լուքսոր քաղաքն իրոք զբոսաշրջության ակնառու կենտրոն է: Նշանավոր Կառնակի տաճարը ժամանակի ու տարածության հաղթանակի օրինակ կարող է համարվել: Այն խոսում է հին եգիպտացիների հզորության ու կամքի ուժի մասին: ՀՀ նախագահին Լուքսորում ուղեկցում էր հնագետ գիտնականների շրջանում ծանրակշիռ համարում ունեցող եգիպտագետ Հուրիկ Սուրուզյանը, որ բացի մանրամասն բացատրություններից, Թութանհամոնի դամբարանում խորհուրդ տվեց մեր նախագահին ու նրա մերձավոր շրջապատին հետեւել փարավոնների օրինակին եւ չմտածել անցողիկ երկրային կյանքի, այլ երկնային հարստությունների եւ հաջորդ կյանքի վայելքների մասին: Նախագահը ժպիտով ընդունեց գիտնականի խոսքը եւ գոհունակություն հայտնեց, որ դամբարանաշինության ավանդույթը ընդունված չէ ներկայիս նախագահների համար, «թե չէ բան ու գործ թողած մեկ էլ դամբարան պիտի կառուցեինք»: Նախագահը այցելեց նաեւ Թագավորների հովիտ, որի ընդարձակ եւ խնամքով վերականգնված ճարտարապետական կառույցները հիացնում ու զարմացնում են հորինվածքի վեհությամբ ու կատարման հնարամիտ պարզությամբ: 130 սյուներ իրենց անհավատալի բարձրությամբ ծածկում են մոտ 6000 քառակուսի մետր տարածություն եւ ապշեցնում են իրենց ծավալներով ու համաչափ դասավորվածությամբ:
Լուքսորը եղավ ՀՀ պատվիրակության վերջին այցելավայրը: Լուքսորի` անապատային այդ հրաշալի օազիսի, նրա վերականգնվող թագավորական ամրոցի տպավորությունների տակ էլ նախագահական պատվիրակությունն ուշ երեկոյան վերադարձավ հայրենիք:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ, Եգիպտոս-Երեւան