2007 թվականի ապրիլի 14-ը մտավ եգիպտահայ պատմության մեջ, որպես պատմական օր: Այդ օրը եգիպտահայերը ամենայն պատշաճությամբ եւ մեծ ուրախությամբ եկել էին ընդունելության, որ կազմակերպել էր Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը` ՀՀ նախագահի ու նրա պատվիրակության պատվին: ՀՀ նախագահը դատարկաձեռն չէր եկել եւ Եգիպտոսում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի նախաձեռնությամբ շնորհակալագրեր բաժանեց դեսպանության բարեկամների խորհրդի անդամներին: Վերջիններս պատկառելի այրեր են, որ իրենց նպաստն ու կարողությունն են ներդնում եգիպտահայ գաղութի կյանքում, բարձր պահելով համայնքի պատիվը ողջ աշխարհում եւ հատկապես հայրենիքում:
Հարյուրավոր եգիպտահայեր շրջում էին ՀԲԸՄ-ի սեփականությունը հանդիսացող եւ ՀՀ դեսպանությանը տրամադրված հրաշալի շենքի (ազգային բարերար Ջանիկ Չաքըրի վիլլան) բակում եւ հաճելի զրույցներով ու ժպիտով ողջունում միմյանց: Երեկոն շնչում էր կարոտի եւ սիրո ջերմությամբ...
Սկսած 9-րդ դարից հայեր են ապրել Եգիպտոսում: Հայերը տարբեր ոլորտներում առաջատար դիրքեր էին զբաղեցնում: Եգիպտոսի առաջին վարչապետը եղել է Նուբար Նուբարյան փաշան, հայ արտգործնախարարներ են եղել են Պողոս Բեյ ՅուսուՖյանը (1826-1844թթ.), Արթին Բեյ Շուքրին (Չրաքյան) (1844-1850թթ.), Ստեփան Բեյ Ռասմի էլ Արմանին (1850)1858թթ.), Նուբար Նուբարյանը (1858)1879) եւ (1884)1888թթ.), Տիգրան փաշան (1891-94թթ.):
1837թ.. հայերը Կահիրեում հիմնել են առաջին բանկը: Կրթության փոխնախարար է եղել Յագուբ Արթին Փաշան, որը հսկայական դեր է խաղացել կրթության մակարդակը Եգիպտոսում բարձրացնելու հարցում: Երկրի գլխավոր գանձապահն է եղել Եղիազար Ամիրան (1808-1827թթ.):
Շնորհիվ Մուհամմեդ Ալիի կիրառած վարչական եւ տնտեսական բարեփոխումների, 19-րդ դարում եգիպտահայ գաղութը վերելք էր ապրում եւ իր մասնակցությունը բերում երկրի պետական, առեւտրատնտեսական եւ մշակութային կառույցների գործունեությանը: Գրավելով բարձր պաշտոններ, հայերը մեծ ներդրում ունեցան Եգիպտոսի պետության կայացման գործում: Մեծ էր հայերի դերը նաեւ հողագործության, ոռոգման, բանակի վերակազմավորման, երկաթուղային ցանցի ընդարձակման, իրավագիտության, թարգմանական արվեստի, մշակույթի, արհեստների եւ այլ ոլորտների զարգացման գործում: Եգիպտահայ առեւտրականները երկրի համար վարկեր էին ապահովում, լայն կապեր ունեին ասիական եւ եվրոպական շուկաների հետ: Հայտնի է, որ Մուհամմեդ Ալին մոտ 200 հայ շինարարներ եւ արհեստավորներ է բերել Եգիպտոս` նրանց վստահելով պալատական եւ պետական շենքերի կառուցումը:
101 տարի առաջ Եգիպտոսում է ստեղծվել Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, որ մինչ օրս աջակցում է հայրենիքում ու սփյուռքում ամենատարբեր ազգանպաստ ու հայանպաստ ձեռնարկների: Իրավամբ կարծիք կա, որ այս կազմակերպությունն ավելին է անում հայության համար, քան դրա պարտավորվածությունն ի պաշտոնե ստանձնած շատ անձինք եւ կազմակերպություններ:
Մինչեւ 20-րդ դարի 50-ական թթ.. հայ համայնքը կազմել է շուրջ 40-50 հազար մարդ: Իսկ այն, որ ներկայում հայ համայնքը Կահիրեում եւ Ալեքսանդրիայում միասին 3 հազարից ավելի չէ, պաշտոնական տեսակետ է, քանի որ տարբեր մարդիկ եգիպտահայերի գաղութի թվաքանակ են նշում 5-8 հազարը:
Եգիպտական պետական ռադիոն հեռարձակում է հաղորդումներ հայերեն լեզվով:
Այժմ եգիպտահայերը մեծամասամբ պատկանում են միջին խավին, հիմնական զբաղմունքներն են մանր եւ միջին առեւտուրը, բժշկությունը, ոսկերչությունը, լուսանկարչությունը, տպագրական գործը, կան ինժեներներ, երաժիշտներ, նկարիչներ, լրագրողներ, դասախոսներ:
Համայնքը բաժանված է առաքելական - կաթողիկե համայնքների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր կառույցները:
Առաքելական համայնքն ունի 3 եկեղեցի եւ 2 դպրոց Կահիրեում, իսկ Ալեքսանդրիայում` 2 եկեղեցի եւ մեկ դպրոց: Կաթողիկե հայերի թիվը չի անցնում 300-ից: Ունեն 2 եկեղեցի Կահիրեում եւ մեկ` Ալեքսանդրիայում: Հայ կաթողիկե համայնքին է պատկանում Կահիրեի ամենահեղինակավոր դպրոցներից մեկը` Անարատ հղության քույրերի վարժարանը, որի աշակերտները (մոտ 2500 հոգի) հիմնականում եգիպտացիներ են: Եգիպտոսում լույս է տեսնում 2 հայկական օրաթերթ, մեկ շաբաթաթերթՙ «Արեւ» (ՌԱԿ), «Յուսաբեր» (ՀՅԴ), «Ջահակիր» (ՍԴՀԿ): «Արեւը» ունի նաեւ արաբերեն ամսագիր:
Հայաստանյայց առաքելական եկեղեցու Եգիպտոսի թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպս. Մնացականյանը պատմում է, որ եգիպտահայերն ունեն երկու գերեզմանատներ` իրենց մատուռներով, ուր ըստ սովորության յուրաքանչյուր տաղավար տոնի հաջորդ կիրակի օրվա պատարագը կատարվում է Հելեոպոլիսի գերեզմանատան Ամենայն Սրբոց կոչվող եկեղեցի-մատուռում, իսկ դրա հաջորդ կիրակին` Կահիրեի գերեզմանատան սբ. Մինաս մատուռում: Սրբազանի խոսքով եգիպտահայերը մյուս գաղութների ներկայացուցիչների համեմատությամբ առավել հաճախ են գալիս եկեղեցի` աղոթելու: «Սփյուռքահայը մի մեծ պայքար ունի` իր հայեցիության պահպանությունը», ասում է սրբազան հայրը, որ նաեւ մեծարանքով է խոսում հետզհետե նոսրացող գաղութի ջանքերի մասին: «Պատմական գաղութ է Եգիպտոսի հայ համայնքը, որ երբեմնի 45 000-ից հասել է 5-8 000-ի: Այս փոքրաթիվ համայնքն իր ուսերին է վերցրել պահելու այն հաստատությունները, որ ժառանգել է: Դա հեշտ չէ, քանի որ փոքրաթիվ դարձող համայնքը պետք է պահի այն, ինչ ժառանգել է երբեմնի մեծաթիվ ու բազմանդամ եգիպտահայությունը», ասում է սրբազանը:
Եգիպտահայության առջեւ ծառացած խնդիրների մասին զրուցում ենք նաեւ դեսպանության բարեկամների խորհրդի անդամ Պերճ Թերզյանի հետ: Շնորհակալությամբ ընդունելով մեր շնորհավորանքը նախագահական շնորհակալագրի ստացման առթիվ, եգիպտահայ համայնքի եւ ՀԲԸՄ-ի գործի նվիրյալ մարդը մի կողմ թողնելով իր ազգանվեր աշխատանքի մանրամասները պատմում է հայկական գաղութների համար արդիական մտահոգությունների մասին: «Շատ ավելի մահեր են լինում, քան ծնունդներ: Դժբախտաբար խառն ամուսնությունները վերջին շրջանում շատացել են, մեր ազգային վարժարաններում աշակերտների թիվը հետզհետե պակասում է, հայերեն լեզուն գործածական է դառնում միայն բանավոր խոսքի ժամանակ, այն էլ իր ոչ գրական տեսքով, ինչը դժվար կացություն է ստեղծում գրական արեւմտահայերենի պահպանման համար: Հայերեն լեզվի պահպանման համար դիմել ենք հայրենի իշխանություններին` նախագահից մինչեւ վարչապետ ու Ամենայն հայոց կաթողիկոս: Մեր խնդրանքն էր, որ Հայաստանում արեւմտահայերեն դասավանդող ուսուցիչներ պատրաստեն: Ես տաս օր առաջ էի Հայաստանում եւ ուրախ եմ, որ հարցը Վեհափառ հայրապետի ուշադրությանն է արժանացել: Նախատեսվում է ուսումնական կենտրոնի ստեղծում, որ պետք է բացվի Ս. Էջմիածնում: Այնտեղ պետք է հայաստանցի եւ սփյուռքահայ երիտասարդ տղաներ ու աղջիկներ ուսանեն արեւմտահայերենՙ գաղութներում երեխաներին դասավանդելու համար», պատմում է զրուցակիցս:
Պերճ Թերզյանն անթաքույց բավարարումով է խոսում ՀԲԸՄ-ի պես կարեւոր կազմակերպության մասին, որ մինչեւ այսօր թե՛ սփյուռքում, թե՛ հայրենիքիում մեծ ու կարեւոր ներդրում ունի: Ի դեպ, դեսպանատան շենքն էլ ՀԲԸՄ-ինն է, որ խորհրդանշական գումարով տրվել է վարձակալության ՀՀ դեսպանությանը: Վարձակալությունից եւ այլ հանգանակություններից ստացված գումարները եւս ուղղված են հայապահպանության խնդիրների լուծմանը, որոնցից զրուցակիցս կարեւորեց գրքերի հրատարակությունը. «Գրքեր ենք հրատարակում ԳԱԱ-ի, Մատենադարանի համար, եւ այդ գործունեությունը շարունակական է: Վերջին տասը տարիների ընթացքում շուրջ 67 անուն գիրք է հրատարակված, որոնց մեջ կան նաեւ արաբերեն եւ անգլերեն լեզվով հրատարակություններ: Դրանից բացի Եգիպտոսում կան մայր հայրենիքից ուսանողներ, որոնք երկու երկրների կառավարություննների համաձայնությամբ գալիս են Եգիպտոս իրենց արաբերեն լեզուն զարգացնելու: Կահիրեի ազգային առաջնորդարանը եւ տեղի Բարեգործականը միասնաբար, որոշ հատկացումներ են անում նրանց այստեղ ուսանելու եւ ապրելու համար: Բացի դրանից սոցիալապես օգնում են այն հայազգի ուսանողներին, որոնք սովորում են տեղի բուհերում եւ վարժարաններում: Հայ ուսանողներին կրթաթոշակ ենք հատկացնում, մարզական միությանն ու այլ հայկական միությունների ենք օգնում»: Ինչպես տեսնում եք, այս ամենը շատ ընդարձակ գործունեության դաշտ է եւ համահունչ է Բարեգործականի գաղափարին եւ պատշաճ նրա հարյուրամյա գործունեությանը:
Տիկին Դիանա Սիմոնյանը Կահիրեի առաջնորդարանի Տիկնանց միության անդամ է: Նա պատմում է, որ չնայած հայրենիքից հեռու են ծնվել ու մեծացել, բայց իրենց կյանքից գոհ են` ապրում են եւ աշխատում: Նրա ամուսինը` Նուբար Սիմոնյանն է, որ նույնպես շնորհակալագիր է ստացել նախագահից հայանպաստ ու ազգանվեր գործունեության համար: Նա գործարար է, իսկ ինքը` տիկին Դիաննան ակտիվորեն զբաղվում է հասարակական գործունեությամբ: «Բարեգործական բազարներ ենք կազմակերպում հենց դեսպանատան պարտեզում, այսինքն Հայաստանից Եգիպտոսի դեսպանության միջոցով ձեռարվեստի նմուշներ եւ այլ ապրանքներ ենք բերում եւ այստեղ վաճառք ենք կազմակերպում: Հասույթն էլ այստեղի դեսպանատանն ենք թողնում, որով հոգում ենք բազմաթիվ խնդիրներ: Մասնակցում ենք նաեւ եվրոպական բազարին, որ տեղի է ունենում «Հիլտոն» հյուրանոցի սրահներից մեկում»: Գործնական կյանքի մասին զրույցը աստիճանաբար անձնական երանգներ է ստանում եւ տիկին Դիանան ուրախությամբ է պատմում իր հարսի եւ տղայի ծանոթության պատմությունը, որ յուրահատուկ է հայաստանցի եւ սփյուռքահայ շատ զույգերի: «Հարսիկս եկել էր հյուր իր մորաքրոջը, որ Կահիրեում է ապրում: Շատ անուշիկ աղջիկ է, տեսա ու միանգամից հավանեցի, տղաս էլ հավանեց: Զատկական օր էր, ավելի գեղեցիկ առիթ չէր կարող լինել, դրա համար էլ աղջկա եւ տղայիս ձեռքերը բռնելով` միացրի, ասելով` եղավ»:
Կանանց մոտենում եւ զրույցին է միանում նաեւ նրա ամուսինը` Նուբար Սիմոնյանը, որ «Նուբարպրինտինգ»-ի եւ էլի մի քանի նմանատիպ ձեռնարկությունների տնօրենն է: Մեր խնդրանքով նա խոսում է իր ծրագրերի մասին: «Մտածում ենք պզտիկ հրատարակչական գործունեություն ծավալել Երեւանում: Մենք եկամուտ չենք հետապնդելու, խնդիր ունենք տպագրական մեքենաներ այնտեղ տեղափոխելու, որ մարդիկ աշխատանք ունենան»:
Արաքսի-Աիդա Դեւլեթյանը ՀԲԸՄ-ի «Տեղեկատու» թերթի խմբագիրն է: «Երեք ամիսը մեկ լույս է տեսնում մեր թերթը, որ ՀԲԸՄ-ի ձեռնարկների, ինչպես նաեւ գաղութում տեղի ունեցող մշակութային անցուդարձի մասին է: Անդրադառնում ենք նաեւ ՀԲԸՄ-ին կից ՀՄԸՄ մարզական ակումբի գործունեությանը»: Տիկին Արաքսին ասում է, որ խնդիրների գոյությունը լուսաբանելը սակայն «Տեղեկատուի» նպատակների մեջ չի մտնում: Հատկանշական է համարում այն փաստը, որ կուսակցական տարակարծությունները եգիպտահայության մեջ լուծվում են պատշաճ մակարդակով, առանց միմյանց խոչընդոտելու կամ սրացումների:
...Ապրիլյան Կահիրեի գիշերային զովը հաճույքով են ըմբոշխնում լույսերով զարդարուն պարտեզում հավաքված հայախոս մարդիկ, որոնց միավորում են մեծ ու համամարդկային զգացումներ` սերն առ մերձավորն ու անհագուրդ կարոտն առ հայրենին...
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ