«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2007-04-19 | #73, 2007-04-20 | #74, 2007-04-21


ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԻԿՆՈՋ ԱՌԱՆՁԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

Ղպտի եկեղեցու ստեղծած մշակույթը հետաքրքրում է եւ հիացնում

Մինչ ՀՀ պատվիրակությունը տարբեր խմբերի բաժանված իրականացնում էր յուրաքանչյուրն իր այցելության բուն նպատակը, ՀՀ նախագահի առաջին տիկին Բելլա Քոչարյանն էլ իր հերթին ուսումնասիրում էր եգիպտական մշակույթն ու առողջապահական ոլորտները:

Հայաստանյան պատվիրակության այցելության առաջին իսկ օրը հանդիպեցին Հայաստանի Հանրապետության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահների տիկինները:

Այցելության երկրորդ օրը Բելլա Քոչարյանը ԵԱՀ բնապահպանության նախարարի տիկնոջ` Մերվաթ Մեգիթ Ժորժի ուղեկցությամբ այցելեց պատմական «Ֆոստատ» թաղամասի թանգարան, ուր գտնվում են Եգիպտոսի Ղպտի եկեղեցու հարստությունները: «Ազգը» հնարավորություն ունեցավ մասնակցելու այդ այցելությանը:

Ֆոստատն ինքը պատմական վայր է, քանի որ ըստ ավանդության այստեղ է ապրել մանուկ Հիսուսը, Մարիամ աստվածածինը եւ Հովսեփը: Ղպտի եկեղեցու հետեւորդները ամեն տարի նշում են այդ իրողությունը հատուկ տոնական օրով:

1910 թվականին է ստեղծվել Ֆոստատի թանգարանը Մարկոս Սիմարկայի կողմից: Փայտե զարդանախշերով եւ գունավոր ապակիներով զարդարված առաստաղներն ու պատերի քիվերը խոսում են մշակութային ոճերի բարձրաճաշակ խառնուրդի մասին: Նրա կառուցմանը մասնակցել է նաեւ հավատացյալ համայնքը: Այժմ այն ունի 16 000 ցուցանմուշ, որոնցից 29 սրահներում ցուցադրվում են1500-ը: Ցուցանմուշները թվագրվում են 300-ից 1000 թթ.: Նրանցից շատերը զարմանալի նմանություն ունեն հայկական քրիստոնեական մշակույթի նմուշներին` հատկապես որմնագրության արվեստի եւ քարերի զարդապատկերումներով գործերը: Հետաքրքրական էր նաեւ այն, որ քրիստոնեական վաղ շրջանի ցուցանմուշները կրում են հին եգիպտական, մահմեդական եւ հունական մշակույթների ազդեցությունը, նրանցում առկա գաղափարաբանությունը խորհրդանշական կերպով արտահայտված է դրանց մեջ: Քրիստոնեական մշակույթի ցուցադրվող ուրույն նմուշները ուշագրավ են իրենց բազմադարյան պատմությամբ, կատարման ձեւով:

Տեղացիները «Ազգի» հետ առանձնազրույցում պատմեցին, որ այս թանգարանը հիմնականում փակ է լինում վերանորոգման պատճառաբանությամբ: «Ղպտի եկեղեցու մշակույթի այս նմուշները դիտելով նոր բաներ հայտնաբերեցի ինձ համար, մեզ հետ զրույցում նշեց տիկին Բելլա Քոչարյանը: Զարմացրեց ու ուրախացրեց փաստը, որ ղպտի եկեղեցու գանձերը շատ նման են մեր եկեղեցում գործածվող եկեղեցական ու ծիսական հարստություններին: Այս ամենն ինձ հետաքրքրեց այն աստիճանի, որ անպայման պետք է նորից կարդամ ու համեմատեմ երկու եկեղեցիների պատմությունն ու հարստությունները», ասաց նա:

Պատմական գործին արժանի հիացմունք

Այցելություն քաղցկեղի մանկական հիվանդանոց

ՀՀ եւ ԵԱՀ առաջին տիկիններն ու ԵԱՀ բնապահպանության նախարարի տիկին Մերվաթ Մեգիթ Ժորժը այցելեցին նաեւ Կահիրեում գտնվող մանկական հիվանդանոց, որ չնայած լիովին պատրաստ է, բայց կբացվի հունիս ամսին:

Կահիրեի առողջապահական շրջանակների կարեւորագույն դեմքերը հոտնկայս ծափերով դիմավորեցին Սյուզան Մուբարաքին եւ Բելլա Քոչարյանին: Բարձրաստիճան հյուրերին ողջունեց հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ղեկավարը, որ նախ ՀՀ առաջին տիկնոջը ողջունեց հայերենով, ապա եւ մայրենի լեզվով բավականին հանգամանալից ներկայացրեց մանկական քաղցկեղի վիճակագրությունն իրենց երկրում: Պատվավոր հյուրերին ներկայացված երաժշտական ֆիլմը բավականին հուզիչ ու խոսուն կերպով ներկայացնում էր հիվանդանոցի կառուցման պատմությունը, որտեղ հաճախ էր հիշատակվում Սյուզան Մուբարաքի անունը, կադրերում ԵԱՀ նախկին եւ ներկայիս տիկիններն էին` շինարարական պաշտպանիչ գլխարկներով շաղախ խառնելիս եւ շենքի հիմքերը դնելիս:

Այժմ արդեն հիվանդանոցը կազմ ու պատրաստ է, խաղալիքներն անգամ կարծես սպասում են երեխաներին: Հիվանդանոցը ստեղծվել է կանադական առողջապահական ընկերության հետ պայմանագրի արդյունքում: Մինչեւ 17 տարեկան 180 երեխաներ կարող են հետազոտվել եւ բուժվել այս հիվանդանոցում:

Սյուզան Մուբարաքը շեշտեց, որ այս հիվանդանոցը կառուցել է ինքը` եգիպտական ժողովուրդը, այն էլ հանգանակությունների արդյունքում, որը ինքն է նախաձեռնել:

Բելլա Քոչարյանը նշեց, որ այս շնորհակալ գործը պատմական նշանակություն ունի: Առաջին տիկնոջ գնահատականն իրոք տեղին էր, քանի որ տարեկան 7000 եգիպտացի երեխա հիվանդանում է մանկական քաղցկեղով:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4