«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2007-04-21 | #75, 2007-04-24 | #76, 2007-04-26


«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ» ՎՍՏԱՀ Է, ՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՇԱՏ ՁԱՅՆ ԿՏԱ ԻՐԵՆ

«Նոր ժամանակներ» կուսակցությունը ղեկավար Արամ Կարապետյանի գլխավորությամբ նախօրեին հանդիպեց վանաձորցիների հետ: Հազարից ավելի վանաձորցիների հետ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավարությանը Վանաձորի Արցախի հրապարակում դիմավորեց նաեւ թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Վիկտոր Դալլաքյանը:

Վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ ընտրությունների ժամանակ իր ընտանիքը իր ձայնը տալու է «Նոր ժամանակներ» կուսակցությանը (ՆԺ): «ՆԺ» ղեկավար Արամ Կարապետյանն էլ կոչ արեց մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորներից ընտրել Վիկտոր Դալլաքյանին: Նկատենք, որ երկու օր առաջ վանաձորցիների հետ հանդիպեց նաեւ վարչապետ ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը եւ ժողովրդին կոչ արեց, որ իրենց վստահության քվեն նույն ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Վահրամ Բաղդասարյանին տան: Հիշեցնենք, որ թիվ 30 ընտրատարածքում մրցում են անկուսակցական Վահրամ Բաղդասարյանը, որին փաստորեն սատարում է ՀՀԿ-ն, անկուսակցական Վիկտոր Դալլաքյանը, քաղաքացիական նախաձեռնությամբ Ազատամարտի վետերանների միությունից առաջադրված Սամսոն Խաչատրյանը եւ «Դաշինք» կուսակցությունից առաջադրված «Հայանտառ» ՊՓԲԸ գլխավոր տնօրենի օգնական Վահան Մխիթարյանը:

Վիկտոր Դալլաքյանից հետո ելույթ ունեցավ «ՆԺ» առաջնորդ Արամ Կարապետյանը` ներկայացնելով ոչ միայն իշխանությունների նկատմամբ եղած իր դժգոհությունները, այլեւ ընդգծելով փոփոխությունների անհրաժեշտությունը: Նրա ելույթը ընդմիջվում էր ներկաների ծափահարություններով, գոհունակության ճիչերով: Իր ունեցած տվյալներից որոշները «գաղտնազերծելուց» հետո նա Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին առաջարկեց բանավիճել «Հ1»-ի եթերում. «Գաղափարական պայքար եք ասում, եկեք գաղափարական պայքարի»:

«Միանշանակ կարող եմ ձեզ ասել, որ ժողովուրդը մեզ շատ մեծ թվով ձայն կտա, բայց կմտնենք խորհրդարան, թե ոչ, դա կերեւա ընդհանուր իրավիճակից», վանաձորցիների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արամ Կարապետյանը: Արամ Կարապետյանը չի կարծում, որ հնարավոր չի լինի ընտրակեղծիքների դեմ պայքարելը, բայց այնուամենայնիվ նշեց, որ եթե չկարողանան կեղծիքների դեմ պայքարել, կանցկացվեն, իր կարծիքով, արտահերթ նախագահական ընտրություններ, որի ժամանակ ընդդիմությունը կհաղթի:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4