Երեկ կենտրոնական ընտրական հանձնաժողով էին այցելել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին: Առիթը մի հուշագրի ստորագրումն էր Գոդֆրիի եւ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանի կողմից, ըստ որի ԿԸՀ-ն 10 համակարգիչ եւ հարակից տեխնիկական միջոցներ է ստանալու հատկապես մայիսի 12-ի ընտրությունների արդյունքները հաղորդելու, փոխանցելու եւ արձանագրություններ ստանալու համար: Այս ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից` IFES-ի խողովակով, որի հայաստանյան գրասենյակի տնօրեն Չեդոմիր Ֆլեգոն նույնպես ներկա էր եւ իր խոսքում հույս հայտնեց, թե այս համակարգիչներն ու սարքերը կօգնեն, որ ընտրատարածքային հանձնաժողովներից ընտրությունների արդյունքներն ավելի արագ փոխանցվեն ԿԸՀ: Ահա հենց այդ համակարգիչների հանդիսավոր փոխանցմանն էր ներկա վարչապետ Ս. Սարգսյանը, եւ վստահություն հայտնեց, թե տեխնիկական հագեցվածությունը դրական դեր կխաղա Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդար եւ թափանցիկ անցկացման համար, քանի որ. «Մենք արդեն որերորդ անգամ դառնում ենք միջոցառման վկա, որն ուղղված է այդ խնդրի լուծմանը»: Էնթոնի Գոդֆրին էլ համոզմունք հայտնեց. «Հիմա բոլոր տեխնիկական միջոցները կան, եւ այն, ինչ անհրաժեշտ է` դա քաղաքական կամքն է եւ առանձին քաղաքացիների մասնակցությունը: Եվ ինձ հուսադրում է այն ամենը, ինչ տեսնում եմ»: Մնացյալն, ըստ նրա, Հայաստանի քաղաքացիների գործն է:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ