«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2007-04-21 | #75, 2007-04-24 | #76, 2007-04-26


«ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ԱՄԻՕ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ 10 ՏԱՐԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է

Հայաստանում հաճախ են խոսում արտերկրի բիզնեսների չկայանալուց, դրա համար բարենպաստ պայմանների բացակայությունից: Այս տեսակետը ժխտող մի լավագույն օրինակ կա` «Գրանթ թորնթոն ամիօ» հայ-ֆրանսիական աուդիտորական-խորհրդատվական համատեղ ընկերությունը, որն ուղիղ 10 տարի գործում է Հայաստանում` միջին եւ խոշոր ձեռնարկություններին, բանկերին (առեւտրային եւ կենտրոնական), կառավարական կազմակերպություններին մասնագիտական խորհրդատվություն տրամադրելով եւ աուդիտորական առաքելություն իրականացնելով: Ընկերությունը մասնաճյուղերի ցանց ունի ողջ աշխարհում` 113 երկրներում ներկայացված է 521 գրասենյակներով: Նրա բարձր վարկն ու մասնագիտական բարձրորակ ծառայությունները բավարարում են ամենախիստ հաճախորդների պահանջներին: Իսկ ընկերության հայաստանյան գրասենյակը ճանաչված եւ ընդունված է մեր գործարարների եւ կառավարական շրջանակների կողմից: Հայաստանում իր տասնամյա գործունեության առթիվ լրագրողներին հանդիպած ընկերության ներկայացուցիչները չէին թաքցնում, որ գոհ են հայկական գործունեությունից: Հայկական գրասենյակի ղեկավար Արման Փինարբասին, որպես աշխատանքի գնահատական, նշում էր. «Եթե տեսնեք մեր հաճախորդների թիվը, անունները, մեր աշխատանքը տեսնեք` կհասկանաք, որ այո, հաջողել ենք: Երբ մենք Հայաստան եկանք ու 1991-ից սկսեցինք` մեր գրասենյակը կազմված էր 4 աշխատակցից, հիմա 110-ից ավելի ենք, ինչը հենց չափանիշ է, որ մեր գործունեությունը կայացել է Հայաստանում»:

Նա չափանիշ համարեց նաեւ այն, որ իրենց վերապատրաստած կադրերը հաջողությամբ աշխատում են Ֆրանսիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում` ոչ մի ձեւով չզիջելով եվրոպական եւ ամերիկյան չափանիշներին:

Գրասենյակի հիմնադիր, Ֆրանսիայից ժամանած Դանիել Քյուրքջյանն առավել քան պերճախոս էր` մեր տնտեսության վիճակը, եւ դրա արդյունքում ծաղկած իրենց գրասենյակի նկարագիրը համադրելով. «Ամեն տարի ավելի աղեկ է, եւ ամեն տարի մերին գործն ավելի կլավնա»:

Գրանթ թորնթոնցիները խոստացան իրենց տասնամյակն ավելի ներկայանալի նշել` լրագրողների, կառավարական շրջանակների եւ գործարարների ներկայությամբ:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4