Ապրիլի 24-ին Ալ. Սպենդիարյանի անվան ազգային օպերայի եւ բալետի թատրոնը լեփ լեցուն էր:
«Ոչ ոք, ոչինչ չի մոռացվել» խորագրի ներքո անցավ այդ օրվա համերգային ելույթըՙ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Միջոցառման կազմակերպիչներն էին Երեւանի պետական կոնսերվատորիան եւ «Բեմ» համերգային գործակալությունը: Երեկոյի ընթացքում Հայաստանի երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավարՙ Յուրի Դավթյան, գլխավոր դիրիժորՙ Սերգեյ Սմբատյան) եւ Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղարվեստական ղեկավարՙ Հովհաննես Չեքիջյան) կատարեցին Մոցարտի «Ռեքվիեմը»:
Այդ հանճարեղ ստեղծագործության երաժշտական ոգին համահունչ էր դահլիճում տիրող օրվա համընդհանուր վշտալի մթնոլորտին: Հոգեհանգստի պատարագը (Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ) հատկապես ազդեցիկ էր երիտասարդ նվագախմբի եւ երգչախմբի մերթ հզոր, մերթ քնարական ու քնքուշ ելեւէջներով, որն ամբողջանում էր մենակատարների (Արծվիկ Դեմուրճյան-սոպրանո, Քրիստինե Սահակյան-մերցո-սոպրանո, Սուրեն Մկրտչյան-տենոր, Վազգեն Ղազարյան-բաս) վարպետ երգեցողությամբ:
ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ