«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#74, 2007-04-21 | #75, 2007-04-24 | #76, 2007-04-26


ԿԱՌՈՒՑՎՈՂ ՏԱՃԱՐԻ ՊԱՏԵՐԻ ՆԵՐՔՈ

Եղեռնի հերթական տարելիցը Մոսկվայում նշվեց... նոր կառուցվող եկեղեցական համալիրում: Արդեն նախօրյակին այստեղ էին հավաքվել եկեղեցու եւ տեղի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները եւ մինչեւ լուսադեմ հնչում էին ելույթներ, երգեր, երաժշտություն, ցուցադրվում էին պատմական ֆիլմեր: Իսկ 24-ին բարեպաշտ հայորդիների մասնակցությամբ հայ եկեղեցու թեմի առաջնորդ Եզրաս սրբազան Ներսիսյանը «Հայր մերով» սկսեց հոգեհանգստի արարողությունն անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար: Շինհրապարակի կենտրոնում դրված վեհատես խաչքարին ծաղկեպսակներ դրեցին ինչպես Մոսկվայի, այնպես էլ Ռուսաստանի տարբեր քաղաքներից եկած բազմաթիվ ազգային կազմակերպությունների պատվիրակները:

Խորհրդալից ու խորհրդանշական էր միջոցառումը. ռուսահայ համայնքը մեր ժողովրդի պատմության ողբերգական իրադարձությունը նշում էր օր օրի շունչ առնող եկեղեցական կառույցների պատերի ներքո: Շատերն առաջին անգամ էին այստեղ եւ ըմբոշխնում էին համալիրի սրբահույզ մոնումենտալությունը:

- Ես որոշեցի սգո տարելիցն այստեղ անցկացնել, որովհետեւ սա նոր նվիրական սրբազան վայր է, քանզի տաճարի հիմքերն օրհնվում են հայոց եւ ռուսաց եկեղեցիների առաջնորդների կողմից, «Ազգի» թղթակցին ասաց թեմի առաջնորդը: Ինչպես տեսնում եք, տակավին ոչինչ չի ավարտված, բայց առկա է խորհուրդըՙ իրականացնենք մայր հայրենիքի, հայ եկեղեցու շուրջը համախմբվելուՙ անմեղ նահատակների սուրբ տեսիլքները:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4