Ապրիլ 24-ին, ժամը 22-ի սահմաններում ձերբակալվել են «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ, Ախալքալաքի շրջանային սակրեբուլոյի պատգամավոր, նաեւ 2003-2006 թթ. Ախալքալաքի քաղաքագլուխ Նաիրի Իրիցյանը, դաշինքի ակտիվիստ Արթուր Պողոսյանը: «Ջավախք-Ինֆոյի» տեղեկացմամբ, ձերբակալությունից մի քանի ժամ անց Իրիցյանին եւ Պողոսյանին տեղափոխել են Ախալցխա: Չճշտված տեղեկություններով, ձերբակալության պատճառն ընդհարումն է, որ տեղի է ունեցել շրջանի դատախազի վարորդի եւ նշված անձանց միջեւ: Գործակալությունը տեղեկացնում է, որ դատախազի վարորդը վրաերթի է ենթարկել «Միասնական Ջավախք» դաշինքի մեկ այլ անդամ Անդրանիկ Աբելյանին, ոչ միայն չօգնելով նրան հասցնել հիվանդանոց, այլեւ կռիվ սարքելով Նաիրի Իրիցյանի եւ Արթուր Պողոսյանի հետ: Վերջիններս վերադառնում էին Սամսար գյուղից, որտեղ մասնակցել էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը: