Ընտրարշավին մնացել է 15 օր, իսկ կուսակցությունների նախընտրական հիմնադրամների գումարների զգալի մասը ծախսվել է` երեւում է մեր կուսակցությունները կա՛մ այնքան էլ մտահոգ չեն եղել ունեցածը համամասնորեն ծախսելու, քարոզարշավի վերջին տասնօրյակում ծախսելու համար դրամ պահելով, կա՛մ էլ` վստահ են, որ կարողանալու են շատ ավելին ծախսել` առանց արտացոլելու որեւէ ձեւով. այնպես որ` շախով ծախսել են: ՀՀԿ-ն 54 մլն 70 հազար դրամից 44 մլն 164 հազար դրամ արդեն ծախսվել է, մնացել է մոտ 10 մլն դրամ: «Բարգավաճ Հայաստանի» 32 մլն 650 հազ դրամից 31 մլն 195 հազարն արդեն ծախսված է, մնում է ընդամենը մեկուկես մլն դրամի քարոզարշավ: «Դաշինքը» 14 մլն 550 հազարի մեծ մասը ծախսել է` թողնելով ընդամենը 296 250 դրամ: ՀՅԴ-ն 45 մլն դրամից մի փոքր ավելի է ունեցել, էլի մեծ մասը ծախսել է` թողնելով 3 մլն 804 հազար դրամ: «ժառանգությունը» ամենամաքսիմալիստ ծախսողներից է` 20 մլն 750 հազարից թողել է 190 900 դրամ: Խեղճ ՀՀՇ-ն ընդամենը 1 մլն 50 հազար դրամ է ունեցել, մնացել է 2 հոգու մի օրվա ընդմիջում անելու փող` 10 000 դրամ: Իսկ կոմունիստները ընդամենը 400 000 դրամ են ունեցել ու այնպես խնայողաբար ծախսել, որ այդ գումարի կեսից ավելին դեռ մնացել է: ՄԱԿ-ի 5 մլն-ից 1-ն է մնացել, Կարապետիչի 10,4 մլն-ից` միայն 600 000-ը, ՕԵԿ-ի 5 մլն 208 450-ից միայն 780 450 դրամն է մնացել: «Ազգային միաբանությունն» իր 22 մլն դրամին հասնող գումարից խնայել է 4,5 մլն-ից մի փոքր պակաս գումար:
Ներկայացված թվերում հստակ ուրվագծվում են նախընտրական պայքարի հարուստները` ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, «Ժառանգությունը», «Ազգային միաբանությունը»:
Թե տեղերն էլ ապագա խորհրդարանում այդ հերթականությամբ լրացվեն...
Իսկ թե այդ գումարների մեջ մտնո՞ւմ են անվճար ավտոբուսները, ընտրողներին բաժանվող զանազան բարիքները, մնում է ենթադրել, քանի որ ԿԸՀ-ն առայժմ որեւէ խախտում կուսակցությունների ծախսումներում չի նկատել:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ