«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2007-04-24 | #76, 2007-04-26 | #77, 2007-04-27


ՈՐՆ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ, ՈՐԸՙ ԻՐԱԿԱՆ

«Ազգի» խմբագրությունը էլեկտրոնային նամակ է ստացել ԱՄՆ-ում բնակվող մեր ընթերցող դոկտ. Սարգիս Կարայանից: Անդրադառնալով մեր թերթում անցյալ տարվա դեկտեմբերին հրապարակված ազգային վիճակագրական ծառայության այն տեղեկատվությանը, որ Հայաստանում գործազրկության մակարդակը 2005 թ.-ին 7,2 տոկոս է, Սարգիս Կարայանը հակասություն է տեսնում նույն ծառայության հրապարակած մեկ այլ տեղեկատվության հետ, որտեղ գործազրկության ցուցանիշը նշվում է 30 տոկոս: Պարզաբանենք, թե ինչով են պայմանավորված գործազրկության վերաբերյալ առաջին հայացքից հակասական թվացող այդ ցուցանիշները:

7,2 տոկոսը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական ծառայությանը դիմած եւ գործազուրկի կարգավիճակ ստացած մարդիկ են: Այսինքն, պաշտոնապես գործազուրկի կարգավիճակ ստացած մարդիկ:

Ինչ վերաբերում է 30 տոկոսին, ապա դա նույն ազգային վիճակագրական ծառայության կողմից տնային տնտեսությունների ուսումնասիրման արդյունքում ստացված գործազրկության իրական ցուցանիշն է: Դրանք այն մարդիկ են, ովքեր չեն դիմել զբաղվածության պետական ծառայությանը, այլ աշխատանք են փնտրել աշխատանքի տեղավորման մասնավոր ծառայությունների, իրենց ծանոթների եւ բարեկամների միջոցով կամ ուղղակի գործատուներին դիմելով, կամ թերթերի հայտարարություններ տալով, ովքեր չունեն աշխատանք եւ լինելու դեպքում պատրաստ են աշխատել: Այսինքն, աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ նրանք համարվում են գործազուրկներ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4