«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2007-04-24 | #76, 2007-04-26 | #77, 2007-04-27


ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԻ 1600-ԱՄՅԱԿԻՆ

Այսօր ամենուր պատմական, հայրենամշակութային ցուցահանդեսներ են բացվում Ֆրանսիայումՙ Հայաստանի տարվա առիթով: Մեծ տոնակատարություն է նաեւ Մարսելումՙ նվիրված հայոց գրերի գյուտի 1600-ամյակին:

Ցուցահանդեսը կոչվում է «Հայաստանՙ գրության մոգականությունը», որի աշխատանքները ղեկավարում է մաթեմատիկոս, պատմաբան Արմեն (Կլոդ) Մութաֆյանը: Հայաստանից յոթ հաստատություններ են մասնակցում ցուցահանդեսին. պատմության թանգարանը, Մատենադարանը, գրականության եւ արվեստի թանգարանը, Մայր աթոռ Սբ. Էջմիածինը, Ստեփանակերտի պատմության թանգարանը, ժողովրդական ստեղծագործության թանգարանը:

Ցուցահանդեսում ներկայացված են նաեւ հայ երեք ամենախոշոր եւ կարեւոր մշակութային գաղութներըՙ Իտալիայի միջնադարյան գաղութը, Արեւելյան Եվրոպայի եւ Ղրիմի գաղութները: Հատուկ բաժին է տրվել այդ երեք մշակութային գաղութներին, որոնք տպագրական ոլորտում շատ մեծ դեր են ունեցել ժամանակին:

Չնայած Ֆրանսիայի Անտոնի քաղաքում այսօր գործում է «Նոր Ջուղա-400 տարի» մշակութային ցուցահանդեսը, սակայն Մարսելիՙ հայ գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված ցուցահանդեսում իր ուրույն տեղն է ունենալու նաեւ «Նոր Ջուղա-400 տարի» ցուցահանդեսը, որը մեզ հաղորդակից է դարձնում Պարսկաստանի հայկական համայնքի ներկայությանն Սպահանում: Հայերը 4 դար պահեցին հոգեւոր եւ պատմական ինքնությունն իսլամական շրջապատում իրենց ճարտարապետության, նկարչության եւ արվեստի շնորհիվ:

Ցուցահանդեսի զարդը 16-րդ դարի «Գոհար» գորգն է, որը հայտնաբերվել է ԱՄՆ-ում: Առաջին անգամ ցուցահանդեսը կզարդարի նաեւ Լվովի ավետարանը, որը բերվելու է Լեհաստանի ազգային թանգարանից: Մեզ համար անակնկալ է, որ ցուցահանդեսում ցուցադրվելու է Սիմեոն Լեհացու ինքնագիրը, որը նույնպես կորած էր համարվում:

Մարսելի ցուցահանդեսին ավելի հանգամանորեն «Ազգը» կանդրադառնա Արմեն (Կլոդ) Մութաֆյանի հետ «Հայաստան, գրության մոգականությունը» թեմայով մեր հարցազրույցում:

ԳՈՀԱՐ ԱՃԵՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4