«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2007-04-24 | #76, 2007-04-26 | #77, 2007-04-27


ԵՐԵԽԱՆԵՐԻ ՆԿԱՐՆԵՐԸ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ ԿՆԻՔՈՎ

Գույնի, ռիթմի, ներդաշնակության, ձեւի, չափի ընկալումներով ձեւավորել գեղեցիկի զգացում, ներարկել արվեստի ճշմարիտ զգացողություն` սա է այն բանալին, որով այսօր առաջնորդվում են Գեղագիտության ազգային կենտրոնում:

Արդեն 20 տարի է, ինչ նույն կենտրոնում է դասավանդում նկարիչ, արվեստաբան Սաթենիկ Մելիքյան-Կանդայանը, ում համար շփումը երեխաների հետ բացահայտումների անվերջանալի շղթա է: Մասնագիտությամբ ճարտարապետ տիկին Կանդայանը մանուկների աշխարհից է ներշնչվել, ստեղծագործելու բուռն ոգեւորություն ապրել, ունեցել մի քանի անհատական պատկերահանդեսներ, մասնակցել բազմաթիվ հանրապետական եւ միջազգային ցուցահանդեսների ու մրցույթների Ռուսաստանում, Շվեյցարիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, արժանացել բարձր գնահատականի: 1992-ից նա Հայաստանի նկարիչների միության անդամ է:

2004-ին լույս է տեսել Սաթենիկ Մելիքյան-Կանդայանի «Ալեքսանդր Սարուխանի արվեստը» մենագրությունը, որը հանրաճանաչ երգիծանկարիչ-արվեստագետի կյանքի եւ հարուստ ժառանգության գիտական առաջին վերլուծությունն է: 2006-ի սեպտեմբերին Սաթենիկ Մելիքյան-Կանդայանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն ԳԱ արվեստի ինստիտուտում: Եգիպտոսից Հայաստան բերված Ալ. Սարուխանի (1898-1977) արխիվը, որը հանգրվանել է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, հնարավորություն տվեց Սաթենիկ Մելիքյան-Կանդայանինՙ հանգամանորեն ուսումնասիրելու նրա ստեղծագործությունը (2000-ից ավելի գրչանկարներ, ճեպանկարներ, երգիծանկարների ժողովածուներ):

... Միջանցքում խմբված սաները անհամբեր սպասում են հերթական դասաժամին: Լուսավոր եւ ընդարձակ դասասենյակում լիցքաթափվում են նրանք, տեղափոխվում ուրիշ աշխարհ, ուշադիր լսում սիրելի ուսուցչուհու դիտողությունները, խորասուզված աշխատում. արարման տարերք է: Մինչ նրանք զբաղված էին, հարց ուղղեցի տիկին Կանդայանին, թե ի՞նչն է կարեւորում երեխաների հետ աշխատանքում, ո՞րն է համարում առաջնային խնդիր:

«Ես չեմ կարող ասել, թե այս երկարուձիգ տարիների ընթացքում ով ումից ավելի հարստացավ ստեղծագործական տեսակետից: Երեխաները արտակարգ մաքուր են, անմիջական, ես իրենցից այդ էներգիան եմ ստանում: Ճարտարապետի մասնագիտությունս ինձ շատ է օգնում, որ բազմաբնույթ դառնա իմ ստեղծագործական աշխատանքը, որովհետեւ ճարտարապետության մեջ կա ե՛ւ արվեստաբանություն, ե՛ւ գրաֆիկա, ե՛ւ նկարչություն, ե՛ւ տրամաբանական մտածողություն: Գեղագիտական կենտրոնում բոլոր դասատուները յուրահատուկ են, բոլորն էլ նվիրյալ, ամեն մեկը որոշակի ուղղություն է որդեգրել: Ես շեշտադրում եմ կոմպոզիցիայի կառուցումը: Երկրորդ կարեւոր հանգամանքը, որ կարեւորում եմ` չկաշկանդել երեխաներին, ես ուզում եմ նրանց մի քիչ ազատ թողնել: Որքան էլ մենք փորձում ենք երեխաների անհատականությունը պահել, միեւնույն է` դասատուի կնիքը մնում է, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Եթե սրտով ես վերաբերվում, երեխաները քեզ սիրում են: Նրանք պարզապես զգում են քո նախասիրությունը, եւ ենթագիտակցաբար կամ ինքնաբերաբար ոչ թե ընդօրինակում, այլ զարգացնում են դա»:

Տարեկան մեկ-երկու անգամ պարտադիր կազմակերպվում են ցուցահանդեսներ: 2002-ին Սաթենիկ Մելիքյան-Կանդայանի սաներից 21-ը ձեռնամուխ եղան մի հետաքրքրական աշխատանքի` հայկական ասացվածքները, նույնիսկ բառակապակցությունները վերածել տեսողական կերպարների. թվում է` շատ վերացական մտահղացում, բայց երեխաները տարբեր ասոցիատիվ կապեր էին գտել: «Եվրոպան երեխաների աչքերով» ցուցահանդեսի ժամանակ Ավստրիայի ներկայացուցիչն այնքան է հիանում հայ երեխաների ստեղծագործություններով , որ առաջարկում է 2006-ի նոյեմբերին համանման ցուցահանդես բացել ավստրիական Հալայն քաղաքում, որտեղ գտնվում է կելտական մշակույթի Եվրոպայում ամենամեծ թանգարանը: Եվ ահա կենտրոնի սաներին է հանձնարարվում այդ պատասխանատու գործը: Թեման էր «Սուրբ Ծնունդ» կամ, ինչպես իրենք ենք անվանում, «Մսուրք»: Խմբի սաները ստեղծեցին մեծածավալ գիրք` «Եռահարկ»` «Նոր կտակարանի» սյուժեներով: Նրանք ոգեշնչվել էին հայկական մանրանկարչությունից, բայց դիտողը չէր տեսնի, որ դա մանրանկար է, կզգար պարզապես հայ արվեստի շունչը: Այդ աշխատանքը կառուցողական էր, ճարտարապետական, ամբողջը չափված էր իր համադրություններով, ներդաշն համամասնություններով, հարուստ գունային լեզվով: Գիրքը նվիրեցին Ավստրիային: Երեխաների ստեղծագործության մեջ ազգային պատկանելությունը զգացվում է անխուսափելիորեն:

Չեմ կարող չնշել Անի Պապյանի անունը, որի աշխատանքը տեղ է գտել Եվրոմիության 2006-ի օրացույցում, 14-ամյա Մարգարիտա Մարկոսյանի «Օզոնային շերտը եւ կենաց ծառը» յուրօրինակ աշխատանքը, որը զարդարում է հայկական արտադրության դպրոցական տետրի կազմը, ինչպես նաեւ Սայադ Հակոբյանի, Արամ Զոհրաբյանի, Վահե Աբելյանի, Անուշիկ Ղազարյանի, Ինեսա Մելիքյանի, Հարություն Սականյանի եւ մյուսների աշխատանքները, որոնք ներկայացվել են 2001թ. հունիսի 15-ին ՀՀ մշակույթի նախարարության պատկերասրահում կայացած «21-րդ դարի օրակարգը երեխաների աչքերով» մրցույթի եզրափակիչ փուլի ընթացքում ցուցահանդեսի բացմանը ու արժանացել դիպլոմների ու բարձր գնահատականի: Անշուշտ, բոլոր երեխաներն են արժանի հիշատակման, բայց բոլորին չես թվարկի»:

... Դասը շարունակվում էր, եւ տիկին Կանդայանի սաները զգում էին սիրելի ուսուցչուհու ներկայության ջերմությունը... Ու ես թերթում եմ «Հայաստան 2020» ծրագրի «Ապագայի ուրվանկարներ» գրքույկը, ուր տեղ են գտել Գեղագիտության ազգային կենտրոնի սաների աշխատանքները: Դրանք գամում են դիտողին ոչ միայն իրենց անմիջականությամբ, գունային հարստությամբ, այլ նաեւ մանկական մտածելակերպի բնականությամբ:

ՍԱՀԱԿԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4