«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2007-04-24 | #76, 2007-04-26 | #77, 2007-04-27


«ՄԵՐ ՁԵՌԱԳՐԵՐՈՒՄ ԳԱՂՏՆԻՔՆԵՐ ՉԿԱՆ: ԴՐԱՆՔ ԷԺԱՆԱԳԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ»

Ասում են մատենադարանցիները

«Մենքՙ մատենադարանցիներս, շնորհակալ ենք զանգվածային լրատվամիջոցներով ծավալված քննարկումներից, ու գնահատելով արտահայտված սրտացավ մտահոգությունները, հայտնում ենք, որ հնչած բոլոր առաջարկները հաշվի կառնվեն բուն աշխատանքային պայմանագիրը կնքելուց առաջ: Կոչ ենք անում նաեւ այս խնդրով մտահոգ բոլոր հայագետներին ու մտավորականներին, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների զարգացմամբ զբաղվող մասնագետներին ու կազմակերպություններին սերտորեն համագործակցել Մատենադարանի տնօրենության հետ, որպեսզի հաշվի առնվեն բոլոր շահեկան եւ օգտակար կարծիքները: Միաժամանակ անթույլատրելի ենք համարում հայ ժողովրդի ազգային հարստության մասը կազմող հայ ձեռագրային ժառանգության պահպանության, անվտանգության եւ գիտական շրջանառության մեջ դնելու նպատակով նախաձեռնված այս ծրագրի քննարկումը սեփական, նեղ անձնական շահերին եւ «ամբիցիաներին» ծառայեցնելը: Կոչ ենք անում բարեկիրթ, մտավորականին վայել բանավեճի ու մերժում ենք ժողովրդի զգացմունքների վրա խաղացող մերկապարանոց հայտարարությունները: Հավաստիացնում ենք, որ հայ ժողովրդի մաքառումներով փրկված ու մեզ հասած հայ մտքի, արվեստի ու մատենագրության անգնահատելի ժառանգությունը գտնվում է հուսալի ձեռքերում», ասված է Մատենադարանի տնօրենության եւ աշխատակազմի հայտարարության մեջ, որը երեկ տարածվեց տնօրեն Սեն Արեւշատյանի հրավիրած մամլո ասուլիսի ժամանակ: Սեն Արեւշատյանը դարձյալ խոսեց Մ. Նահանգների Մինեսոտա նահանգի Սուրբ Հովհաննես վանքի համալսարանի Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանի միջեւ վերջերս կնքված մտադրությունների հուշագրի մասին, համաձայն որի նախատեսված է լուսանկարել ու թվայնացնել Մատենադարանում պահվող գրեթե բոլոր ձեռագրերը: Համաձայնագիրը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր հաստատություններում պահպանվող շուրջ 16 հազար հայերեն ձեռագրերի թվային պատկերների կրկնօրինակները հավաքել Մատենադարանում: Ձեռագրերը նկարահանվելու են բացառապես Մատենադարանում, այդ աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծվելիք ձեռագրերի թվայնացման բաժնումՙ նոր տեխնոլոգիաների մասնագետների օգնությամբ: Մատենադարանի գիտաշխատողները եւս մեկ անգամ անդրադարձան շարունակաբար հնչող այն կարծիքին, թե իրենց հայտնի չէ բոլոր ձեռագրերի բովանդակությունը: Իր գիտական գործունեության ընթացքում ավելի քան 7 հազար ձեռագիր ուսումնասիրած ավագ գիտաշխատող Արմեն Տեր-Ստեփանյանը եւս մեկ անգամ պնդեց, որ Մատենադարանում պահվող ձեռագրերում մեր ազգային անվտանգությանը դիպչող որեւէ տեղեկություն չկա, ի վերջո դրանք գրված են գրաբարով, որին տիրապետում է արտասահմանցի 25-30 գիտնական: Բոլոր նրանց ինքն անձամբ ճանաչում է, ու լավ գիտի, որ նրանց հետաքրքրող հիմնական ձեռագրերը ավետարանները եւ ադամագրքերն են: Հակառակը պնդողներին նա հրավիրեց Մատենադարանՙ մեկառմեկ բոլոր ձեռագրերի բովանդակությանը ծանոթացնելու:

Ասուլիսի ավարտին հայտարարություն անելու ցանկություն հայտնած Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վարդան Գրիգորյանը թերեւս միակն էր բոլոր գիտաշխատողների մեջ, որը զգուշանում է ձեռագրերը Մ. Նահանգներում պահ տալուց, որովհետեւ. «Ամերիկան այն լավ տեղը չէ, որտեղ որ պետք է մեր պատճենները պահվեն: Երբ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվեց, Մատենադարանի ձեռագրերը տեղափոխվեցին Մոսկվա ու 7 տարի պահվեցին Սուրբ Խաչ եկեղեցում: Մենք ունենք փորձ եւ եթե ուզում ենք մեր ձեռագրերը լավագույն ձեւով պահպանել, գործ չունենք Ամերիկայի հետ: Ռուսաստանում ունենք Լազարյան ճեմարան ու դեսպանատուն: Բուշի վարչակարգի վրա ոչ մի հույս չի կարելի դնել, իսկ Ռուսաստանի վրա կարելի է, որովհետեւ նա մեր դաշնակիցն է»: Նա բողոքեց, որ ամերիկյան կողմի հետ պայմանագիր կնքելու հարցը չի քննարկվել Մատենադարանի գիտխորհրդի նիստում:

Միջնադարյան ձեռագրերի ուսումնասիրության եւ հրատարակության գիտական խմբի ղեկավար, ավագ գիտաշխատող Էդվարդ Բաղդասարյանը կարծում է, որ «ծրագրի սկզբնական փուլում կարելի է թվայնացնել մի քանի հազար ավետարաններ, որոնք իրենց մեջ որեւէ նորույթ չեն պարունակում, քանզի ավետարանները մեկը մյուսին կրկնում ենՙ Սուրբ գիրքը անխոտելի է համարվել եւ ձեռագրերում ոչինչ չի փոխվել: Իսկ արժեքավոր հիշատակարանները վաղուց հրատարակվել են, ազգային անվտանգության լուրջ խնդիր այսօր չի կարող առաջանալ: Պատմագիտական նյութերը նույնպես քանիցս հրատարակվել են: Օտար հայագետների կողմից անհարկի հարձակումներ, այո, եղել են, բայց պատասխաններն անմիջապես տրվել են: Դա նույնիսկ ավելի լավ է, թող քննարկվի: Հայկական արժեքները պետք է տարածել, որպեսզի ամբողջ աշխարհը ճանաչի: Ի՚նչ ունենք թաքցնելու, ձեռագրերում գաղտնիքներ չկան: Դրանք էժանագին խոսակցություններ են: Մատենադարանցիներին մեղադրել, թե նրանք արժեքները վաճառում են, դա առնվազն անբարոյականություն է: Ավելի մեղմ բառ չեմ կարող գտնել: Վիրավորվում են, թե ինչո՞ւ իրենց ամեն ինչի մասին տեղյակ չի պահվել: Մենք էլ ամեն ինչ միանգամից չենք իմացել: Փառք աստծո, քննարկումները դեռ շարունակվում են ու թաքցնելու ոչինչ չկա: Քանի որ 7 տարվա ծրագիր է, այդ ընթացքում կարելի է տեսնել ծրագրի դրական ու բացասական կողմերը եւ անհրաժեշտության դեպքում կանխել: Բացի այդ, եթե այսօր հնարավորություն ենք ստանում մեր նյութերը դրսում տարածելու, դրանից հայագիտությունը միայն կշահի: Մի՞թե Մխիթարյանների շնորհիվ չէր, որ հայագիտությունը տարածվեց Եվրոպայում»:

Ավագ գիտաշխատող Վարդան Դեւրիկյանը նույնպես անհեթեթություն համարեց ձեռագրերը լուսանկարելու եւ ինտերնետում տեղադրելու մեջ վտանգներ փնտրելը: Նաեւ հավելեց, որ Ամենայն հայոց կաթողիկոսը հույս է հայտնել, որ Մատենադարանն ու Հիլլը բոլոր հարցերը կկարգավորեն եւ ծրագրի հաջող ընթացքի դեպքում, հնարավոր է, որ թվայնացվեն նաեւ Էջմիածնում պահվող ձեռագրերը:

Փոխտնօրեն Արշակ Բանուչյանը վերստին փաստեց, որ ինտերնետում տեղադրվելու են միայն ձեռագրերի 4-5 էջերի լուսանկարները, ուրիշ ոչինչ, մնացյալն առանձին DVD-ի վրա է լինելու, որի օգտագործումը հնարավոր է միայն Մատենադարանի թույլտվությունը ստանալուց հետո:

Սեն Արեւշատյանը հավաստիացրեց, որ թվայնացման ծրագիրը չի մեկնարկի, քանի դեռ չեն ստորագրվել պատկերների օգտագործման իրավունքների եւ եղանակների հետ կապված տեխնիկական եւ իրավաբանական եւս 3 փաստաթղթեր, որոնք նախատեսվում է ստորագրել 5 ամիս հետո: Մինչ այդ պատրաստ են ընդունելու խելամիտ ամեն մի առաջարկ: Հայաստանի կառավարությունից թվայնացման համար անհրաժեշտ գումար ստանալու առանձնակի հույսեր չունեն, ոչ էլ հայաստանցի օլիգարխներից: «Մեր պետության վիճակն այնպիսին է, որ դեռ երկար ժամանակ կառավարությունը չի կարող մոտենալ այդ խնդրին», ասաց Սեն Արեւշատյանը: Արշակ Բանուչյանը «Ազգին» տեղեկացրեց, որ առաջիկա օրերին համաձայնագիրն անպայման կտպագրվի, փոքր-ինչ ուշացնելու պատճառը վերջին օրերին Հայոց ցեղասպանության վերաբերյալ նյութերով տպագիր մամուլի հագեցած լինելն էր:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4