«Ազգի» ընթերցողներին պարբերաբար տեղեկացնում ենք ամերիկահայ բարերար Ջորջ Նաջարյանի ընդդեմ Գրիգոր Իգիթյանի հայցի դատական գործի ընթացքի մասին, որը հասել է արդեն վկաներին լսելու փուլին: Անցած օրը քրգործով դատարանի կողմից վկայակոչվել էր ԵՊՀ-ի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, դասախոս Գուրգեն Մելիքյանը: Վկա Գուրգեն Մելիքյանը դատարանին տեղեկացրեց շատ կարեւոր փաստերի մասին` այն որ Ձորագյուղ ազգագրական թաղամասում հատկացված 3 հողամասերից մեկը Ջորջ եւ Քերոլայն Նաջարյան ամուսինները գրանցման ձեւակերպումը արել են իր անունով, քանի որ նրանք այլ երկրի քաղաքացի լինելով, իրավունք չունեին ՀՀ-ում իրենց անվամբ հողատարածքների գնումը ձեւակերպել: Ավելի ուշ ամբաստանյալ Գրիգոր Իգիթյանը գնում է համալսարան Գուրգեն Մելիքյանի մոտ եւ հայտնում, որ Նաջարյանները չեն ցանկանում, որ Գ. Մելիքյանի անվամբ լինեն հողատարածքները: Մելիքյանը նախ զարմանում է, իսկ հետո Իգիթյանին է տալիս իր անձնագիրը, որ վերաձեւակերպում արվի, ասելով. «Չեն ցանկանում, հեչ էլ ցանկանան»: Դրանից հետո նեղացած Մելիքյանը որեւէ առնչություն չի ունենում մինչեւ հիմքի շինարարության սկիզբը, որի վրա Գ. Իգիթյանը ամրացնող աշխատանքներ էր իրականացրել: Իսկ Աբովյան փողոցի ֆոտոխանութը, ինչպես ասում էր Գ. Մելիքյանը, գնել է Ջորջ Նաջարյանը, իսկ թե ո՞ւմ անունով է` տեղյակ չէ, եւ միայն գործի բերումով հաճախակի օգտվել է ֆոտոխանութից: Ջորջ Նաջարյանի կարգադրությամբ Գ. Մելիքյանը ամբաստանյալից ստացել է գումարներ ու տվել ստացականներ, Արցախում գործող «Մայր եւ նորածին» բարեգործական իր հիմնադրամի համար: Մելիքյանը նշեց նաեւ, որ բարեգործական կազմակերպության անունով Նաջարյաններից ստացել է լազերային տպիչ սարք եւ տվել է Գ. Իգիթյանին: Մեղադրող դատախազ Լեւոն Մելքոնյանի, Նաջարյանի փաստաբաններ Հրայր Ղուկասյանի եւ Իրինա Ղազարովայի հարցերին Գ. Մելիքյանի պատասխաններից պարզ դարձավ, որ Ձորագյուղ թաղամասում «Մայր եւ նորածին» բարեգործական կենտրոն հիմնելու համար հենց ինքն է տվել խորհուրդ Նաջարյանի ընտանիքին գնել հողատարածքները զոհված ազատամարտիկ Դավիթի կնոջից, սակայն մանրամասներին տեղյակ չէ, թե որքանո՞վ: Երբ երեք տարի առաջ Գ. Մելիքյանը իմացել է, որ Նաջարյանի ու ամբաստանյալ Իգիթյանի հարաբերությունները սրվել են այն պատճառով, որ իբր ամբաստանյալին է պատկանում մեծ շենքը: Եվ զարմացել է: Չնայած, որ Գ. Մելիքյանը երկուսին էլ առանձին-առանձին դիմել է նստել մեկ սեղանի շուրջ, բանակցել, Ջորջը հրաժարվել է եւ առաջարկել է Իգիթյանի երեխաներին 50.000 ԱՄՆ դոլար տրամադրել որպես բարի կամքի արտահայտություն: Երբ այդ մասին Գ. Մելիքյանը տեղեկացնում է ամբաստանյալին, վերջինս պատասխանում է. «Գուրգեն ջան, իմ կյանքը վտանգի տակ է, ես ավելի քան 173.000 ԱՄՆ դոլար պարտք եմ, դրանով որեւէ հարց չի լուծվի»: Այնուհետեւ մի քանի անգամ կրկին Գ. Մելիքյանը, Քերոլայն Նաջարյանը, Սեւակ Ավագյանը, հետո նաեւ Ջորջ Նաջարյանը հանդիպում են ու Սեւակ Ավագյանին որպես բանագնաց կրկին ուղարկում են ամբաստանյալի հետ հաշտության եզրեր գտնելու, սակայն որեւէ արդյունքի չեն հասնում: Ավելի ուշ երկրորդ հանդիպման ժամանակ ամբաստանյալին առաջարկվել է 150.000 ԱՄՆ դոլար Նաջարյանների կողմից, որպես բարի կամքի դրսեւորում Իգիթյանի երեխաների նկատմամբ: Այդ առաջարկն Իգիթյանը կրկին առարկել է ու պնդել իր 173.000 ԱՄՆ դոլար պարտքի մասին, առանց որեւէ առաջարկություն անելու: Երբ Քերոլայն Նաջարյանը ժամանում է Երեւան ու Գ. Մելիքյանից տեղեկանում հողատարածքի վերաձեւակերպման մասին, զայրանում է ու զարմանում, որ իրենք նման հանձնարարություն չեն տվել ամբաստանյալ Իգիթյանին, ու ցավում է, որ ուշացումով է այդ մասին տեղեկանում: Երբ ամբաստանյալն ու իր պաշտպան Կ. Գիրգորյանը փորձում էին անհասկանալի կամ նախաքննության ցուցմունքներին առնչվող հարցերով խճճել վկային ու պաշտպաններին, դատարանի նախագահ ժորա Վարդանյանը ճիշտ պահին ընդմիջում էր, զգուշացնում ու գործին չառնչվող հարցերը, հայտարարությունները հանում: Վկայի ցուցմունքներից միանշանակ պարզ էր դառնում եւս մեկ անգամ, որ Ձորաղբյուր ազգագրական թաղամասի թիվ 4, 11/12 շենքերը եւ Աբովյան փողոցում գտնվող ֆոտոխանութ-սրահը գնվել ու ֆինանսավորվել է Ջորջ Նաջարյանի կողմից:
Աշխատանքային օրն ավարտվելու պատճառով դատական նիստը տեղափոխվեց մայիսի 8-ին եւ վկա Գուրգեն Մելիքյանը կպատասխանի ամբաստանյալի ու իր պաշտպանի «հետաքրքիր ու խորաթափանց» հարցերին:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ