«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2007-05-01 | #80, 2007-05-02 | #81, 2007-05-03


ԹԻՎ 39 ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔՈՒՄ ՀՀԿ-Ի ԹԵԿՆԱԾՈՒՆ ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՔԸ

Երեկ Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանը լսեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, թիվ 39 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու Սերգեյ Բագրատյանի հայցն ընդդեմ նույն ընտրատարածքի մեկ այլ թեկնածու, «Հանրապետական» կուսակցության անդամ, Վայոց ձորի մարզպետ Սամվել Սարգսյանի: Վերջինս քարոզարշավի ընթացքում իր պլակատների վրա օգտագործել է Հայաստանի եռագույնը: Սերգեյ Բագրատյանը դիմել է նաեւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին, այդ փաստը որպես օրենքի խախտում համարելու համար: Սակայն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դա խախտում չի համարել: Երեկվա նիստով մարզի առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել հօգուտ Սերգեյ Բագրատյանի, հաստատելով, որ տեղի է ունեցել օրենքի խախտում:

Այդ դեպքում թիվ 39 ընտրատարածքի թեկնածու, ՀՀԿ անդամ Սամվել Սարգսյանն այլեւս չպետք է մասնակցի ընտրապայքարին եւ դրա համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը դիմումով պիտի դիմի դատարան, սակայն չի անում... Իսկ ԲՀԿ-ի թեկնածուն պատրաստվում է դիմել Սահմանադրական դատարանՙ իր իրավունքները պաշտպանելու եւ անգործության մատնված ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի գործելաոճին համարժեք վճիռ կայացնելու համար:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4