«Քաղաքային իշխանություններն ամեն ինչ կանեն, որ պահպանվեն բնակիչների իրավունքները սեփականության եւ գույքի նկատմամբ»
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«2007 թվականին նախատեսված քաղաքային ծրագրերի կատարման հիմքեր ու պայմաններ կան, եւ դրանք անպայման կկատարվեն», երեկ հայտարարեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, առաջին կիսամյակում քաղաքապետարանի գործունեության ընթացքը եւ առաջիկա պլաններն ու հեռանկարները մանրակրկիտ ներկայացնելուց հետո: Ի դեպ, այս 2004-2007 թվականների` Երեւանի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրույթները ներկայացնող ծրագրի եզրագիծն է:
Երեւանի գլխավոր հատակագծի շրջանակներում մեկնարկել է Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշեն եւ Նորք-Մարաշ թաղային համայնքների գոտիավորման նախագծերի մշակումը: Կենտրոնի գոտիավորման նախագիծն արդեն պատրաստ է: Հիշեցնենք, որ այս նախագծերը կոնկրետացնում, հստակեցնում են Գլխավոր հատակագծի հիմնադրույթներն առանձին համայնքների կտրվածքով:
Սկսվել են երրորդ աստիճանի վթարայնությամբ 8 բազմաբնակարան շենքերի վերականգնումը եւ ամրացումը: Եվս 3 բազմաբնակարան շենք է կառուցվում 4-րդ աստիճանի վթարայնությամբ շենքերի բնակիչներին բնակարանային փոխհատուցումներ տրամադրելու համար:
Դպրոցները ջեռուցմամբ ապահովելու եւ դրանց տանիքների խնդիրը լուծելուն եւս համապատասխան ֆինանսական հատկացումներ են արվել` 9 դպրոցների համար` շուրջ 400 մլն դրամ:
Ընդհանուր առմամբ, Երեւանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով 2007 թվականի համար նախատեսված էր կատարել 59 մլրդ 310 մլն դրամի աշխատանքներ, բայց պետբյուջեի ընձեռած լրացուցիչ միջոցները հնարավորություն տվին 2007-ին նախատեսել ավելին` 83 մլրդ 717 մլն դրամի աշխատանքներ:
Առաջին եռամսյակում փաստացի կատարվել են այդ ժամանակի համար նախատեսված գումարի 102, 3 տոկոսի չափով աշխատանքներ:
Այս շաբաթ եւս 40 «Բոգդաններ» կմտնեն երթուղի
Այսօր կենտրոնի տրանսպորտային փոխադրամիջոցներով գերբեռնվածությունը քաղաքի երեւի թե ամենաառաջնային խնդիրն է դարձել:
Երեկ քաղաքապետն ավետեց, որ արդեն այս շաբաթվա ընթացքում երթուղիներ դուրս կգան 40 «Բոգդան» մակնիշի նոր մեքենաներ (դրանք արդեն Երեւանում են), եւ մինչեւ տարեվերջ եւս 100 ավտոբուս եւ 20 տրոլեյբուս կներկրվեն, այսինքն, դրանց ընդհանուր քանակը կհասնի 240-ի: Այժմ Երեւանում գործում են միջին տարողության 200 ավտոբուսներ, այսինքն, 3 տարի առաջ խոստացված 350 ավտոբուսներով քաղաքը համալրելու նախագիծն իրականություն է դառնում: Ավտոբուսների քանակի ավելացմանը զուգընթաց երթուղիներից հանվել են կյանքն ապրած 300 միկրոավտոբուսներ: Եվ ինչպես հավաստիացրեց Երվանդ Զախարյանը, աստիճանական կրճատումների միջոցով այսօրվա 3200 միկրոավտոբուսների փոխարեն վերջնահաշվում քաղաքի փողոցներով կերթեւեկեն ընդամենը 1500 երթուղայիններ:
Ուղեւորահոսքերը թեթեւացնելու եւ կարգավորելու, հետիոտնին նյարդային ապրումներից զերծ պահելու համար լուսացույցների աշխատանքի կարգավորումը եւս ընդգրկված է առաջնային ծրագրերում: Այսօր երեւանյան լուսացույցների 60 տոկոսը չի աշխատում: 2007 թվականի հունվարից «Լուսանշան» ՓԲԸ-ն հանձնվել է քաղաքային իշխանություններին, եւ քաղաքապետարանն է արդեն իրավասու իրականացնելու դրանց շահագործումը: Լուսացույցները կփոխարինվեն նորերով, կվերականգնվեն կամ լիովին կվերակառուցվեն: 2007-2008 թվականներին տրանսպորտային սպասարկման նորույթը կդառնա լուսացույցների ավտոմատ կառավարման համակարգի ստեղծումը:
Այժմ քաղաքապետարանը բանակցություններ է վարում միջազգային կազմակերպությունների եւ Համաշխարհային բանկի հետ, եւ երբ ամեն ինչ բարեհաջող ավարտվի, 7-8 մլն դոլարի ներդրումներ կլինեն, որոնք կուղղվեն համակարգի ստեղծմանը: Աշխատանքները կսկսվեն 2008 թվականին եւ կավարտվեն 2 տարի անց:
Փողոցների վերակառուցման բավական ծավալուն աշխատանքներ են կատարվում Լինսի հիմնադրամի միջոցներով` Տիգրան Մեծի պողոտայից մինչեւ կայարան, Կոմիտասի փողոցում եւ հատկապես Սարալանջ-Հերացի, դեպի Դավիթաշենի կամուրջ տանող հատվածում, որը կթեթեւացնի Երեւանի կենտրոնի վիճակը` փրկելով նրան խցանումներից:
Շուկայական միջին արժեք պլյուս 15 տոկոս հավելավճար
Քաղաքապետը տեղեկացրեց, որ Երեւանի իրացվող տարածքների բնակչության հետ հակասությունները նորից հայտնվել են կառավարության` այս անգամ նոր ղեկավարի անմիջական ուշադրության կենտրոնում: Վերջերս նա ընդունել է իրացման տարածքների բնակիչներին, որից հետո խնդիրը մի անգամ եւս քննարկելու հանձնարարական է տվել: Քննարկումները կկազմակերպվեն ընտրություններից անմիջապես հետո, մայիսի 15-20-ին:
Ինչպես հայտնի է, իրացման տարածքների նկատմամբ քաղաքային իշխանությունները նոր քաղաքականություն են սկսել կիրառել. «Իրացման գոտիների բնակիչներին բնակարան կտրամադրվի տվյալ տարածքում, որտեղ տարիներ ապրել են: Իսկ բնակարանային փոխհատուցումներից հրաժարվողներին կառաջարկվեն ֆինանսական փոխհատուցումներ` շուկայական միջին արժեք պլյուս 15 տոկոս հավելավճար սկզբունքով, այսինքն, իրացման գոտիների բնակիչները համարժեք փոխհատուցում ստանալով` նախկին բնակտարածքին հավասար բնակարան գնելու հնարավորություն կունենան: Փոխհատուցման այս նոր կարգը կիրառվելու է օրենքում համապատասխան փոփոխությունների իրականացման շնորհիվ:
Ինքնակամ կառույցների գրանցման եւ սեփականության վկայականներ տրամադրելու հետ կապված կնճռոտ խնդիրն առկա է նաեւ իրացվող տարածքներում, բնականաբար` մի քիչ ավելի յուրահատուկ դրսեւորումներով: Այս խնդիրը եւս կրկնակի ուսումնասիրությունների է ենթարկվելու: Նոր հետազոտությունների արդյունքները 1 ամսվա մեջ կներկայացվեն ՀՀ նախագահին ու վարչապետին, եւ ինչպես ընդգծեց քաղաքապետը` ամեն ինչ կարվի, որ բողոքները նվազագույնի հասնեն, իսկ քաղաքացիները չզրկվեն սեփականության ու գույքի հանդեպ իրենց իրավունքներից:
Վերլուծելով «1 պատուհանի» հետ կապված փաստերն ու ցուցանիշները, քաղաքապետն արդյունավետ է համարում նաեւ այս նոր համակարգի ներդրումը: Թվերը բավականին խոսուն են. 2006 թվականի ողջ ընթացքում նույն քաղաքացու կողմից նույն խնդրի վերաբերյալ մի քանի անգամ դիմելու 562 դեպք է արձանագրվել: Երկրորդ կիսամյակում եղել է ընդհանուր առմամբ` այդպիսի 50 դեպք, իսկ 2007-ին` ընդամենը 19 դեպք: Մեկ պատուհանի սկզբունքն արդեն ներդրվել է նաեւ 12 համայնքներում, գործում է նաեւ համաքաղաքային էլեկտրոնային ընդհանուր համակարգ:
Փորձած թանը անփորձ մածունից տարբերելու սկզբունքով
Քաղաքապետը, բնականաբար, ասուլիսի ավարտին չշրջանցեց նախընտրական թեման, քանի որ ինքն էլ հանրապետական կուսակցության խորհրդի անդամ է: «Այն, ինչ ես ներկայացրի, ընդգրկված է նաեւ հանրապետական կուսակցության ծրագրերում, որը հատկապես վերջին 5 տարիներին իշխանության հիմնական մաս է եղել: Ամենամեծ բանը, որ կուսակցությունը կարողացել է անել, հանրապետությունում տնտեսական ու քաղաքական կայուն իրավիճակ ապահովելն է, որով եւ պայմանավորվել է տնտեսական աճի դինամիկան այդ տարիներին: Եվ այն խոստումները, որոնք այսօր տալիս է խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, նորից կկատարվեն, քանի որ կուսակցությունն ի վիճակի է խոստացածը գործով իրականություն դարձնել»: Քաղաքապետը համոզված է, որ ընտրողներն այնքան խելամիտ են, որ «Փորձած թանը անփորձ մածունի հետ չեն փոխի», եւ կտարբերեն իրականությունն ու չհիմնավորված խոստումները:
Երվանդ Զախարյանը քաղաքային ծրագրի իրականացումը կարեւոր է համարում նաեւ կուսակցության վարկանիշի համար: Ինչ վերաբերում է անձամբ հանրապետական քաղաքապետին, ապա նա իրեն ավելի շուտ տեսնում է գործադիր, քան խորհրդարանական աշխատանքում, թերեւս նաեւ դրա համար չի ընդգրկվել հանրապետականի համամասնական ցուցակում: Մանավանդ որ ստիպված կլիներ որոշ ժամանակով ընդհատել աշխատանքը:
Ներդրումների ծավալները բազմապատկվել են
Երեւանի քաղաքաշինական զարգացմանը վերջին տարիներին մեծապես նպաստեց ներդրումների հոսքը: Թե որքան բուռն ծավալներ են դրանք ընդգրկել, վկայում է տարիների կտրվածքով պարզ համեմատությունը: 2000-2007 թվականներին Երեւանում եղել են ընդհանուր առմամբ 75 մլրդ դրամի կապիտալ ներդրումներ: Միայն այս տարի այդ ցուցանիշը եղել է 24 մլրդ դրամ: Ներդրումների ընդհանուր կաթսայում 70 մլրդ-ը իրականություն է դարձել միայն վերջին 4 տարիների ընթացքում: Այսինքն, 2000-2003 թվականներին եղել է ընդամենը 5 մլրդ դրամի ներդրում: