«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2007-05-02 | #81, 2007-05-03 | #82, 2007-05-04


ԺՈՂՈՎՐԴԱ-ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺՈՒՄ Է ՆԱԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԺՈՂՈՎՐԴԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՄԲ ԸՆՏՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԸ

Դրա հիմքում ընտրություններին թուրքական բանակի միջամտության հնարավոր բացառման մտահոգությունն է

Մայիսի 2-ին Սահմանադրական դատարանը պատճառաբանելով, թե նախագահական ընտրությունների առաջին փուլում Թուրքիայի ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում չի ապահովվել առնվազն 367 պատգամավորի ներկայությունը, չեղյալ էր հայտարարել քվեարկության արդյունքները: Մինչդեռ Թուրգութ Օզալը, Սուլեյման Դեմիրելը եւ Ահմեդ Նեջդեթ Սեզերն ընտրվել էին առանց 367 պատգամավորի ներկայությունն ապահովելու նախապայմանի: Իսկ Սահմանադրական դատարանը չէր առարկել նրանց ընտրությանը:

Առաջին փուլում վերոհիշյալ նախագահներից ավելի շատ ձայներ ստացած Աբդուլլահ Գյուլի քվեարկության առթիվ դատարանի որոշման վրա, որը Եվրոմիության շրջանակներում պայմանավորվում է բանակի միջամտությամբ, մեծ էր թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի հուշագրի բնույթ կրող հայտարարության ազդեցությունը: Այնուամենայնիվ, հարց է ծագումՙ ինչո՞ւ Օզալի, Դեմիրելի եւ Սեզերի ընտրությունն անկախ 367 պատգամավորի ներկայությունից, հաստատող Սահմանադրական դատարանը Գյուլի դեպքում չեղյալ է հայտարարում քվեարկությունը:

Հարցին մայիսի 3-ի համարում մասնակի պատասխանել էր «Ենի շաֆաք» թերթը: Պարզվում է, նախագահական ընտրությունների առաջին եւ երկրորդ փուլերում 367 պատգամավորի ներկայության տեսակետը դեռեւս 1980 թ. հրատարակած աշխատության մեջ առաջ է քաշել բարձրագույն կրթության խորհրդի նախագահ Էրդողան Թեզիչը: Նախագահ Սեզերը հանդիպել է գերագույն դատարանի նախկին գլխավոր դատախազ Սաբիհ Քանադօղլուին, նրան է փոխանցել Թեզիչի տեսակետը եւ հանձնարարել է, որ նախագահական ընտրությունների առնչությամբ բարձրացնի 367 պատգամավորի հարցը:

Ըստ «Ենի շաֆաքի», Քանադօղլուն Սեզերի հանձնարարականով շտապել է Ժողովրդա-հանրապետական կուսակցություն, որտեղ վարչության անդամների հետ գրի է առել նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկությունը չեղյալ հայտարարելու վերաբերյալ Սահմանադրական դատարանին հասցեագրվող դիմում: Ելնելով Սեզերի պաշտոնավարման ժամկետի մայիսի 16-ին լրանալու հանգամանքից, վարչապետ Էրդողանի հետ նրա հակասություններից եւ զինված ուժերի գլխավոր շտաբին առընթեր կառույցի այն դերից, որը Թուրքիայում կատարում է նախագահական աշխատակազմը, դժվար չէ կռահել, թե երկրի գործող նախագահը ո՞ւմ առաջադրանքով է հանձնարարական տվել Քանադօղլուին:

Մայիսի 2-ին, ելույթ ունենալով «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության խմբակցության առջեւՙ վարչապետ Էրդողանը քվեարկությունը չեղյալ հայտարարելու Սահմանադրական դատարանի որոշումը բնութագրեց չափազանց վիճարկելի, ասաց, որ դրանով ուղեփակվել է Մեջլիսում նախագահի ընտրություն կատարելու հնարավորությունը, եւ դա դարձել է անհնար: Այնուհետեւ Էրդողանը նշեց, որ սա ոչ այլ ինչ է, քան ժողովրդավարության վրա արձակված կրակոց, եթե Մեջլիսին չհաջողվի նախագահ ընտրել, ապա նախագահին կընտրի ժողովուրդը, եւ իրենք ժողովրդին խորհրդարանականի հետ կտանեն նաեւ նախագահական ընտրությունների:

Վերջում Թուրքիայի վարչապետը եզրակացրեց. «Նախագահական ընտրությունների ուղեփակումը հաղթահարելու համար կգնանք հանրաքվեի: Մենք պատրաստ ենք նաեւ դրան, որովհետեւ Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը թուրք ազգի նկատմամբ հարգանք չունի եւ չի թողնի, որ երկրի նախագահին ժողովուրդն ընտրի: Լավ իմացեք, խուսափելու է նաեւ դրանից»:

Հազիվ էր ավարտվել Էրդողանի ելույթը, նրա եզրակացությունն ակամա հաստատեց Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիս Բայքալը: Նա իր խմբակցության անդամներին ասաց. «Կառավարությունն այլընտրանք չուներ, քան խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունների գնալը: Սակայն երկրի նախագահին ժողովրդի քվեներով ընտրելու համար սահմանադրական փոփոխություններ կատարելու «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության առաջարկը հղի է նոր ճգնաժամերով: Ի՞նչ է, իբրեւ նախագահ ընտրված սուլթա՞ն (միապետ) ենք առաջադրում: Դա աբսուրդ է: Հանրապետության առաջին նախագահի պաշտոնին ընտրելու ենք Սեզերի պես գործչին, նախապես ստանալով պետական կառույցների համաձայնությունը»:

Առ այսօր Թուրքիայի նախագահին, ըստ սահմանադրության, ընտրել է Մեջլիսը, եւ սահմանադրությունը չի պահանջել պետական կառույցների համաձայնությունը: Այդ դեպքում ինչո՞վ պայմանավորել համաձայնության մասին Բայքալի խոսքերը: Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ Մեջլիսի սահմանադրական հանձնաժողովը խորհրդարանական վաղաժամկետ ընտրությունները հունիսի 24-ին նշանակելու Էրդողանի կառավարության առաջարկի առնչությամբ դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարծիքին եւ որոշել է ընտրություններն անցկացնել հուլիսի 22-ին:

Առկախ է մնում երկրի նախագահի համաժողովրդական քվեարկությամբ ընտրելու համար սահմանադրության մեջ փոփոխություն կատարելու, ինչպես նաեւ նախագահի պաշտոնակատարի հարցը, որքան էլ վերջինին ժամանակավորապես փոխարինելու դերը վերապահվի Մեջլիսի նախագահին: Համենայն դեպս, Եվրոմիության ընդարձակման գծով Եվրոհանձնաժողովի հանձնակատար Օլի Ռենը Թուրքիայում ստեղծված իրավիճակը համարել է ժողովրդավարությունից շեղում, նկատի ունենալով բանակին, ժողովրդավարության սկզբունքներին հարգանք է պահանջել երկրում եւ առկա ճգնաժամը շուտափույթ հաղթահարելու կոչ է արել քաղաքական գործիչներին:

Նրան է հետեւել ԱՄն պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը, հայտնելով Վաշինգտոնի լիարժեք աջակցությունը թուրքական ժողովրդավարության եւ սահմանադրական գործընթացներին: Նա ի պատասխան «ԵՄ պահանջեց թուրքական բանակից չմիջամտել նախագահական ընտրություններին, իսկ ԱՄՆ-ն ինչպես է վերաբերվում» հարցի, ասել է. «Այո, պատասխանս դրական է: ԱՄՆ-ն այդ հարցում համամիտ է ԵՄ-ի հետ»:

Սա նշանակում է, որ 1960, 1971 եւ 1980 թվերի նախորդ հեղաշրջումներում Վաշինգտոնի աջակցության վրա հենված թուրքական բանակի նոր միջամտությունը միջազգային հավանության չի արժանանալու: Ինչ վերաբերում է նախագահի պաշտոնում «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ներկայացուցչի ընտրությանը հակադրվող Ժողովրդա-հանրապետական կուսակցությանՙ «հանրապետության նախագահին համաժողովրդական քվեարկությամբ ընտրելու» առաջարկը կտրականապես մերժելու գործելակերպին, պետք է ասել, որ եթե Թուրքիայում նախագահի աշխատակազմը գործում է իբրեւ զինված ուժերի գլխավոր շտաբին առընթեր կառույց, ապա Ժողովրդա-հանրապետական կուսակցությունն էլ, ելնելով բանակի խոսափողի դերից, կատարում է այդ շտաբի կամքը:

Ակնհայտ է, որ երկրում օրենսդիր եւ գործադիր իշխանությունների վրա վերահսկողություն սահմանած բանակի համար անհամեմատ հեշտ է միջամտել, ինչպես Բայքալն է նշում, «պետական կառույցների փոխհամաձայնությամբ Մեջլիսին առաջադրված նախագահի» ընտրությանը, քան ընտրության հարցում ուղղորդել մի ամբողջ ժողովրդիՙ միջամտելով համաժողովրդական քվեարկությանը: Հատկապես այն դեպքում, երբ բանակի միջամտությունը չի արժանանում թուրք հասարակության հավանությանը, իսկ միջամտությանը միանձնյա դիմակայելու վարչապետ Էրդողանի եւ նրա կուսակցության ջանքերն աջակցություն են գտնում նաեւ ԱՄՆ-ում եւ ԵՄ-ում, որոնց հետեւանքով երկրում աճում է «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ժողովրդականությունը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4