«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#80, 2007-05-02 | #81, 2007-05-03 | #82, 2007-05-04


ՆԱՏՕ-Ի ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐ ԱԷԿ-Ի ՈՒ ԻՐԱՆԻ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆՅՈՒԹ ՉԷ

Հյուսիս-ատլանտյան դաշնության կազմակերպության (ՆԱՏՕ) «Գիտությունը հանուն խաղաղության» ծրագրերի շրջանակներում երեկ Երեւանում անցկացվեց ՆԱՏՕ-ի երկրորդ գիտաժողովը` «Միջուկային եւ ռադիացիոն վտանգների կանխարգելում, բացահայտում եւ դիմակայում» թեմայով: Գիտաժողովը կազմակերպել էին Հայաստանից «Առաջատար գիտության եւ տեխնոլոգիաների կենտրոնը», ԱՄՆ-ից Բրուկհավենի ազգային լաբորատորիան եւ ԱՄՆ պետդեպարտամենտը:

Ինչպես տեղեկացրեց «Առաջատար գիտության եւ տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սամվել Ապիկյանը, սառը պատերազմից հետո փոխված վտանգների տեսակներն ու բնույթը մոտեցումների փոփոխության անհրաժեշտություն առաջացրին, եւ ԱՄՆ-ի, Հայաստանի, Ռուսաստանի, եւ էլի մեկ տասնյակից ավելի երկրների առաջատար գիտնականներն անդրադարձան միջուկային եւ ռադիացիոն ահաբեկչության հարցերին: Հետաքրքրական է, որ գիտաժողովին մասնակցում էին նաեւ Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, միջինասիական հանրապետությունների ներկայացուցիչներ, բայց ոչ Թուրքիայից կամ Իրանից:

Մասնավորապես Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նպատակահարմարության հարցը, Սամվել Ապիկյանի խոսքերով, ներկայացման նյութ չէ, բայց «կուլուարներում նման քննարկումներ լինելու են, իսկ Իրանի առնչությամբ թեման շատ զգայուն է քննարկման համար, թերեւս էլի ոչ բարձրաձայն»:

Առաջատար գիտության եւ տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետների կարծիքով, ատոմակայանների հանդեպ ընդհանրապես վերաբերմունքը փոխվել է երկու պատճառով: Նախ, ատոմակայանները աշխատում են եւ տեսանելի է, որ դրանց տեխնոլոգիաները բավականին հուսալի են: Երկրորդ, ատոմակայանների ժամանակակից մոդելները մի կարգ ավելի բարձր հուսալիություն են խոստանում ապահովել: «Եվ Հայաստանի դեպքում մենք ուղղակի այլընտրանք չունենք, եւ պետք է հաշվի առնել, որ երկար տարիներ ԱԷԿ-ը նորմալ գործում է, ունենք գիտատեխնիկական բարձր ներուժ, ատոմակայանն էլ մեզ հաց ու ջրի պես պետք է», նշեց Սամվել Ապիկյանը: Ընդ որում, անվտանգության առումով գերազանց են ինչպես ատոմակայանների ամերիկյան, այնպես էլ ռուսական մոդելները:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4