«Իմպիչմենտ» դաշինքը, «Նոր ժամանակներ» եւ «Հանրապետություն» կուսակցությունները դիմել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ պահանջում են ուժը կորցրած ճանաչել ՀՀԿ-ի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների համամասնական ընտրակարգով գրանցումը` ընտրարշավի ընթացքում եւ դրանից էլ առաջ նրանց կողմից մի շարք ընտրախախտումներ մատնանշելով: Եռյակը, ԿԸՀ-ին ուղղված իր ծավալուն դիմումը լրատվամիջոցներին ուղարկելուց բացի` այդ մասին հայտարարեց երեկ «Ազատության» հրապարակում կայացած իր հանրահավաքի ընթացքում: Այնտեղ հնչող կարգախոսներն ու ելույթները նորություն չէին եւ նույն շեշտադրումներով ու ընտրարշավի մասին դիտարկումներով եռյակն այսօր հանդես կգա ասուլիսով: Սակայն նորությունն այն էր, որ «Ազատության» հրապարակը մարդաշատ էր եւ մի հինգ հազար մարդ եկել էր հանրահավաքի: Նայելով եռյակի այդ պոտենցիալ ընտրազանգվածին` հաստատ կարելի էր ասել, որ Ահարոն Ադիբեկյանը հաստատ սխալվում է` տոկոսներ չտալով «Իմպիչմենտին». վերջինս արդեն անվանում է կեղծ ընդդիմադիրներին եւ կարող է մյուս` ցանկալի ընդդիմադիրների համար սոսնձող ուժ դառնալ` ՆԺ-ի եւ «Հանրապետության» հետ միասին` իր համար պայքարի երկրորդ գիծ սահմանելով հետընտրական զարգացումները:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ