Ավանդաբար արդեն երկրորդ տարին Համաշխարհային հայկական կոնգրեսի (ՀՀԿ) ֆինանսական աջակցությամբ եւ հովանու ներքո իրականություն է դառնում Սփյուռքահայ ուսանողների մշակութային փառատոնը: Այս տարի ՀՀԿ նորաստեղծ Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիան «Սփյուռք» համահայկական ուսանողական միության հետ նախաձեռնեց սփյուռքահայ ուսանողների համաբուհական 5-րդ փառատոնը: Նման մշակութային միջոցառումները եւս մեկ քայլ են հայրենիք-սփյուռք, սփյուռք-սփյուռք կապի ամրապնդման, հայապահպանության, մշակութային զարգացման աջակցության առումով:
Ապրիլի 28-ին հայ-ռուսական պետական համալսարանում տեղի ունեցած փառատոնին մասնակցում էին Հայաստանի 15 բուհերի ներկայացուցիչներ: Նախընտրական փուլերը սկսվել էին դեռեւս մեկ ամիս առաջ, իսկ փառատոնին մասնակցում էին այդ փուլերն արդեն հաղթահարած մասնակիցները: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԿԳՆ փոխնախարար Բագրատ Եսայանը` ողջունելով կազմակերպիչների նախաձեռնությունը եւ շնորհավորելով մասնակիցներին: Շնորհավորական խոսք ասաց նաեւ հյուրընկալ բուհի պրոռեկտոր Գագիկ Սարգսյանը: Վերջինս նշեց, որ կարեւորում է նման միջոցառումը, քանզի ամեն մի հավաքույթ, որը կնպաստի երիտասարդների հայ մնալուն, շատ ողջունելի է:
ՄԱՐԻԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ