Այսօր եւ հաջորդ ուրբաթ օրերին «Ազգի» գրական հավելվածում
«Թողնել ընտանիքը անտեր, երկար ու ձիգ տարիներ թափառել աշխարհի մի ծայրից մյուսը, արծաթ որսալու համար չխնայել ամեն տեսակ անազնիվ միջոցներ,- այդ խաչագողի գործն է»:
Րաֆֆի, «Խաչագողի հիշատակարան»
1954 թվականին կոմունիստական կուսակցությունը որոշեց ընդլայնել հացահատիկի ցանքատարածությունը խամ ու խոպան հողերն իրացնելով: Տարիներ հետո եւ տասնամյակներ շարունակ հայերը «խոպան էին գնում»: Իհարկե, ոչ հողեր մշակելու, մի ուրիշ խոպան էին հայտնաբերել անծայրածիր Խորհրդային Միության խորքերում, ամենուր, անսպառ շինարարությունՙ գոմեր, ակումբներ, կամուրջներ, ճանապարհներ, ասֆալտապատում, վերանորոգում, քանդել, կառուցել, բացարձակապես ամեն ինչ, չխորշելով ոչ մի աշխատանքից:
Հայը պանդուխտ էր, աստանդական, գաղթական, առեւտրական, նաեւ խոպանիստ դարձավ:
Խորհրդային վերջին տասնամյակներինՙ 1960-ական, 70-ական, 80-ական թվականներին համատարած էր արտագնացությունը: Հայաստանի գյուղերի գրեթե բոլորՙ պարապության դատապարտված կամ նվազ եկամտից դժգոհ եւ նույնչափ տղամարդիկ քաղաքներից մեկնում էին երկրի տարբեր անկյուններում գումար վաստակելու: Գնում էին սովորաբար հինգ-վեց ամսով, ամեն տարիքի աշխատունակներ, բայց տարիներով եւ ընդմիշտ մնացողներ էին լինում, որ մինչեւ հիմա տուն չեն վերադառնում կամ... երկու ընտանիք են պահում:
Ընտանիքներ էին քայքայվում, բարքեր էին փոխվում...
Անկախության տարիներին շարունակեցին գնալ, սակայն անհամեմատ քիչ, նոր ժամանակները որոշակի թելադրանքներ մտցրեցին, նոր հարաբերություններ, աշխատանքի նոր բնույթ, բիզնես... Բացի դրանից, գնացողների հիմնական զանգվածն արդեն արտագաղթել եւ հաստատվել էր դրսում, նույն Ռուսաստանում եւ այլուր, ընտանիքներով, սեզոնային արտագնացությունը վերածելով տեւական բնակության:
Այս գրքի մարդիկ եւ նրանց նմանները թողնում են ընտանիքը եւ արտագնացությամբ ապրուստի ճար կամ ավելի շատ եկամուտ փնտրում, բայց խաչագող չեն: Նրանք խոպանիստներ են, ոչ խարդախ, ոչ էլ առանձնապես ճարպիկ եւ աստանդության իրենց գումարը վաստակում են տաժանակիր աշխատանքով: Նույնիսկ որոշ խաբեբաների եւ փող յուրացնողների չի կարելի խաչագող համարել: Այդ դեպքում ինչո՞ւ «Խաչագող» եւ ոչ, ասենք, «Խոպանիստ» կամ «Խոպանիստի հիշատակարան», մանավանդ որ գիրքը նման է հիշատակարանի, խոպանի վեց ամիսների ժամանակագրություն: Սակայն խոպանի սեզոնը ծանր աշխատանքով չի սահմանափակվում: Խոպանը տաժանակիր աշխատանք է, բայց նաեւ վարակ է, որը մեկ գնացողին նորից է ձգում ոչ միայն մեծ գումարներով եւ ոչ պակաս փորձությունների ենթարկում, քան արծաթըՙ խաչագողին: Գուցե այստեղ է վերնագրի բացատրությունը... գուցե մոտավոր իմաստի գայթակղության եւ ենթադրվող շարունակության մեջ... Կամ էլ այդ բառը մնում է լոկ չարագուշակ սպառնալիք: Ենթադրություններն, իհարկե, չեն ավարտվում:
Պարույր Հակոբյանի այս վեպը, որն սկսում ենք հրատարակել ներկա համարի գրական հավելվածում, եթե չենք սխալվում, առաջին փորձն է խոպանչիության կամ, առավել ճշգրիտ, նոր պանդխտության երեւույթը գեղարվեստական գրականություն բերելու: