ՊԱՐՈՒՅՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Գրքի կերպարներից երկու-երեքն են իրական, իրենց անուններով, մյուսները հորինովի են, որ սակայն հանդիպում են կյանքում, յուրաքանչյուր բրիգադում, ինչպես որ հորինովի եւ միաժամանակ իրականի է նման Դիվինոնՙ բնակավայր ինչ-որ տեղ Ալթայում: Չկա այդպիսի անվանում քարտեզի վրա, բայց շատերը կճանաչեն այդ գյուղըՙ Ուկրաինայում, Ուրալում, Սիբիրում... Ոմանք էլ հավանաբար իրենց ճանաչեն կամ գտնեն: Ենթադրությունը ընթերցողի իրավունքն է, հնարավոր չէ եւ չի կարելի արգելել: Գրողն էլ ունի երեւակայելու եւ հորինելու ազատություն: Ի վերջո սա գեղարվեստական գիրք է, վեպ, հորինվածք: Իսկ եթե հանկարծ պարզվի, որ իրոք կա նման գյուղ, նույն կամ նման տեղանքով եւ մարդկանցով, թեկուզ ոչ Ալթայում, եթե մեկինՙ Հայաստանում, Ուկրաինայում, Ալթայում կամ Կարելիայում, ծանոթ թվան իրադարձությունները եւ գործող անձինք, որեւէ անուն կամ դրվագ... համարեք զարմանալի զուգադիպություն:
1
Ինքնաթիռն իջավ Նովոսիբիրսկում վերջնականապես հաստատելով, որ իրոք խոպանի ճամփին եմ, գնացի կայարան, որտեղ ինձ էր սպասելու բրիգադը: Նրանք նախորդ օրն էին թռել Մոսկվայով: Օդանավակայան-կայարան ուղերթի ավտոբուսը կարծես Երեւանի ինքնաթիռի շարունակությունը լիներ: Պայմանավորվել էինք հանդիպել մեծ դահլիճում, այնտեղ էլ գտա նրանց: Միայն Սաքոյին էի ճանաչում: Նստել էր ձեռքերը փորին, տխուր կամ հոգնած, մոտը կողքի եւ հետ ընկած քնել էին ամենամոտ ապագայի ընկերներս:
- Եկա՞ր,- հարցրեց նա բարեւի փոխարեն:
Պարզ էՙ ինչ էի պատասխանելու, ապա նստեցի ճամպրուկիս վրա, նրանց դիմաց ու հերթով զննում էի յուրաքանչյուրին:
Մեկը, ամենամեծը, խիտ, սպիտակ մազերով, աչքերը բացեց:
- Արա՞մն է,- շտկվեց նա ու պարզեց ձեռքը,- բարեւ, Արամ ջան:
Վերջին օրերի ու հատկապես յոթժամյա թռիչքի մտածմունքներից հետո այս ջերմությունը տեղին էր:
- Ես Հրանտն եմ,- ներկայացավ նա,- ի՞նչ կար Երեւանում:
- Ոչինչ,- ժպտացի մտածելով, որ տարբերությունը մի օր էր ընդամենը:
- Անձրեւ, բան, չկա՞ր,- ծիծաղեց Հրանտն ու արթնացրեց ընկերներին,- ելեք, արա, սոված մեռանք:
Գրեթե միանգամից շարժվեցին բոլորը, Հրանտի ձայնը ցածր չէր, եւ արմունկներով բզեց կողքիններին: Սաքոն ծանոթացրեց:
Ռազմիկըՙ նիհար ու ջղուտ, Վարդանըՙ հաստ, հորանջեց ու ինձ նայեց բերանով, Դավիթըՙ արտակարգ խոշորակազմ, աչքերն էր տրորում, Գրիգորըՙ կարճահասակ, նվազ եւ կարծես խեղճ, Շուլանՙ մեր կողմերից էր, Լենինականի կողքի գյուղերից, ինչպես ասում են: Նրանց գյուղի մարդիկ կռվարարի անուն էին հանել, իսկ Շուլան խուզած գլխով բանտից նոր ազատվածի տեսք ուներ:
Հրանտն արթնացրել էր նրանց ավելի կարեւոր պատճառով, քան նոր ընկերոջ հայտնվելն էր: Ճամպրուկս տափակ դրեցին հատակին, իհարկե, իմ վեր կենալուց հետո, խաշած ու տապակած հավեր շարեցին, ձու, լավաշով փաթաթված ձվածեղ, պանիր ու կանաչի:
- Խմելու բան չկա՞ մոտդ,- դիմեց ինձ Վարդանը:
- Կա,- ուրախացա, որ ինձնից էլ մաս կլինի սեղանին,- կոնյակ է:
- Կոնյակը թող մնա...
Նա գնաց օղի բերելու:
- Հաց կեր,- ասաց ինձ Հրանտը:
Մի կտոր հաց ու պանիր վերցրեցի զբաղվելու համար:
- Կարգին կեր,- հանդիմանեց Հրանտը:
Նախատեսում էի, որ մի դժգոհություն էլ օղուց հրաժարվելն է առաջացնելու, լավ է, աննկատ անցավ, ասենք, Հրանտն ու Շուլան նույնպես չխմեցին:
Ցերեկը Նովոսիբիրսկում մնացինք, հետաքրքրական քաղաք չէր, մի քիչ թափառելուց հետո վերադարձանք կայարան, որտեղ շատ հայեր կային, խոպանիստներ, բրիգադներով, որոնք, ինչպես եւ ինքնաթիռում էր, բարձրաձայն խոսում էին շինարարության ու այլ բաների մասին, բետոնի ու ասֆալտի, գոմերի ու ակումբների, նախագահների ու դիրեկտորների, առանձին-առանձին, որոնք լսում էին կողքից ու խոսքի բռնվում, ջահել տղաներ ու Հրանտի պես տարիքով մարդիկ, հիմնականում` միջին տարիքի, սափրված կամ չսափրվածՙ նույն տպավորությամբ, պնդակազմ, կոպիտ, տհաճ, եւ ավաղ, ընկերներս նրանց պես էին:
Արդեն զղջում էի եւ մտածում, որ հիմարություն եմ արել որոշելով խոպան գնալ, բայց հուսահատված չէի: Ինքնաթիռից չէի ցատկել, Նովոսիբիրսկից էլ հավանաբար հետ չդառնայի, բայց կարող եմ թոթափել այդ ինքնակամ պարտադրանքը հենց որ ուզեմ: Այնպես որ, սարսափահար չէի. մի փոքրիկ ուղեւորություն, էքսկուրսիայի պես, տեսնենք, թե ինչ տեղ է Ալթայը, հետո կերեւա...
Խոշոր հանգուցային քաղաք էր Նովոսիբիրսկը, ողջ Միության արեւելքն ու արեւմուտքը, հյուսիսն ու հարավը իրար կապող, օրական հազար-հազարավոր մարդիկ էին անցնում այդ կայարանով, սպասում սրահներում, բայց հենց առաջին հայացքից նկատվում էին խոպանիստները, ոչ միայն հայեր, վրացիներ, ադրբեջանցիներ, ուրիշներ... եւ բոմժերը: Շատ-շատ էին կայարանի բազմաթիվ դահլիճներում եւ շրջակայքում: Այս շերտը անծանոթ էր ինձ, երբեք չէի տեսել...
Էլի երկու անգամ հաց կերանք, բուֆետներում, առանց օղու, ոչ այնքան պահանջից, որքան ժամանակ անցկացնելու համար, գիշերը գնացքը մեզ հարավ տարավ, մինչեւ սպիտակ շենքերով քաղաքը, այնտեղից ավտոբուսով ճամփա ընկանք դեպի մեր նպատակակետը:
Գնացքից տափաստաններ էինք տեսնում (առավոտյան) հատուկենտ ծառաշերտերով, այստեղ արդեն սարեր երեւացին: Քիչ բան գիտեի Ալթայի մասին. կենտրոնը Բառնաուլն է, Օբն է սկիզբ առնում այստեղից, Շուկշինի հայրենիքն է... Մոռացել էի, որ նաեւ Սիբիր է, ու թեեւ ապրիլի վերջն էր, քսանյոթը, ցուրտ էր, ինչպես Հայաստանում փետրվարի վերջին: Ես ոչ մի տեսակի վերարկու չէի բերել (ինչքան գիտեմ, դու մի՛ վերարկու ունեիր, որը ձմռան վերջում աղբի ավտոն գցեցիր), քրոջս գործած տաք անթեւիկն էր փրկում ինձ, որ հագել էի պիջակի տակ:
Հասանք Դիվինո, որը կես տարի մեր հանգրվանն էր լինելու: Շրջկենտրոն էր, շատ մեծ գյուղ կամ գյուղաքաղաք, երկարությամբ մեծ: Տեղավորվեցինք հյուրանոցում ու դուրս եկանք գյուղին ծանոթանալու: Ես գեղեցիկ դեմքեր էի որոնում, ընկերներսՙ հայտնի չէ, ում կամ ինչ, բայց գյուղի բնակչությունը միասեռվել էր ռետինե սապոգների ու մատնաքաշ բաճկոնների մեջ: Համատարած ցեխ էր: Կենտրոնական փողոցը ասֆալտած էր, բայց համարյա ամբողջովին ծածկված էր ջրալի ցեխով: Կուլտուրայի տան մոտ կանգնեցինք մի քանի րոպե շինարարների գնահատականը որոշելու, հաջորդ կանգառը խանութների հրապարակում եղավ: Երկու հոգի հանրախանութի ցուցափեղկերն էին նորոգում, հայի նման էին, մոտեցանք, հաստատվեց:
- Արսենի բրիգադի՞ց եք,- հարցրեց Սաքոն:
- Հա,- ավագը պատասխանեց, մյուսը իմ տարիքին էր:
- Ինքն ո՞ւր է:
- Գործարանում:
- Ո՞նց եք, տղերք,- հարցրեց Վարդանը:
- Եսիմ, աշխատում ենք, էլի...
- Շուտվանի՞ց եք եկել:
- Տասնհինգից:
- Գյուղում ուրիշ բրիգադ կա՞:
- Լիքը,- քմծիծաղեց նա:
Շրջվեցինք եւ նույն փողոցով, որը ձգվում էր գյուղի երկարությամբ, գնացինք դեպի մեր հիմնարկը, շրջանային գյուղտեխնիկա: Այստեղ նույնպես ցեխի թագավորություն էր:
- Տնաշեն,- բրիգադիրին դիմեց Հրանտը,- հինգ տարի գալիս ես, տիրություն չես անում:
Մեր կոշիկները չէին երեւում այլեւս:
- Բետոնելու ենք լրիվ,- ասաց Սաքոն:
- Ուր է, ոչ մի տեղ ավազ չկա թափած,- ասաց Վարդանը:
- Տոներից հետո կսկսեն կրել:
- Մինչեւ տոները ի՞նչ ենք անելու:
- Կտեղավորվենք, կհանգստանանք:
- Մենք ձմեռը հանգստացել ենք:
Սաքոն չխոսեց: Մոտեցանք երկհարկանի, սպիտակ աղյուսով շարված գրասենյակին:
- Դո՞ւ ես սարքել,- հարցրեց Վարդանը
- Մենք ներսի գործն արեցինք, պատերը չեչեններն են շարել:
- Լավ են շարել,- հեգնեց Վարդանը:
Գրասենյակի առջեւ հավաքված մարդիկ հետաքրքրությամբ նայում էին մեզ, Սաքոն մոտեցավ մի հոգու, իսկ մենք լվացինք մեր կոշիկները դրա համար դրված տաշտի մեջ:
- Գլխավոր ինժեներն է,- ասաց Սաքոն,- Իվանով է ազգանունը, Նիկոլայ Իվանովիչ, խելացի մարդ է, բայց քաշ չունի, Չուլկինը բանի տեղ չի դնում:
Քիչ հետո տեսանք պետին: Մեզ հատկացված սենյակն էինք նայում, շեմից բարձրահասակ, կարմրադեմ տղամարդը բարեւ տվեց: Սաքոն ժպիտը դեմքին ընդառաջ գնաց:
- Բարի գալուստ, Սերգեյ,- ասաց Չուլկինը առողջ մարդու ձայնով, ապա բոլորիս բարեւեց ձեռքով:
Դավիթը, Շուլան ու Հրանտը դարձան Դավիդ, Շուրա ու Գրանտ, Գրիգորի գործն էլ էր հեշտ, Վարդանն ու Ռազմիկը արմատական փոփոխության դիմեցին` Տոլիկ, Ալիկ: Հերթը հասավ ինձ:
- Առա՞մ,- հարցրեց Չուլկինը,- իսկ ռուսերե՞ն...
- Նույնը,- շվարեցի ես:
- Դե լավ,- համաձայնեց նա,- բայց մեկ է, աղջիկները անուն կտան...
Սաքոն նրա հետ երկրորդ հարկ բարձացավ, իջան հինգ րոպեից, գնացին «Վիլիսով»:
- Կախքիթ մարդ է մեր բրիգադիրը,- դժգոհեց Հրանտը,- չի ասում, ուր գնաց, երբ կգա...
Զբաղմունք գտանք: Կարմիր անկյունում բիլիարդ կար: Խաղում էին Հրանտն ու Վարդանը, հետո չորսով խաղացինք, բայց քիչ մնաց մահուդը պատռեի, ինձ այլեւս չթողեցին:
Սաքոն ուշ եկավ:
- Գնացել էինք տների տեղը որոշելու,- ասաց:
- Է,- հարեց Հրանտը:
- Տոներից հետո,- չկամ ասաց բրիգադիրը:
- Լավ, թող տոներից հետո լինի,- ասաց Վարդանը,- հիմի սոված ենք...
Սաքոն մեզ տարավ սովխոզի ճաշարան, այստեղ նրան ուրախությամբ դիմավորեցին, որից մեզ էլ բաժին հասավ:
- Մեր հա՞րսն է,- ժպտաց Վարդանը խոհարարուհու ոգեւորությունը յուրովի հասկանալով:
Սաքոն գլուխն օրորեց:
Մինչ ափսեների լցվելը ուսումնասիրեցինք մենակ նստած աղջկան:
- Սրա աղջիկն է... անցյալ տարի բաժանվեց,- տեղեկացրեց Սաքոն:
- Բաժանվա՞ծ է,- անմիջապես սրվեց Վարդանը:
- Քեզ ինչ, թե բաժանված է,- ասաց Հրանտը:
Մայրը եկավ աղջկա մոտ:
- Սերգեյ,- ժպտալով խոսեց նա,- նախկիններից ոչ ոք չի՞ եկել:
- Ո՞վ է պետք,- հարցրեց Սաքոն:
- Ի՞նձ,- նա աշխույժ ծիծաղեց,- այս քո ջահելը քանի՞ տարեկան է:
- Օհո, Լիզա,- սառած տրակտորի պես քրքջաց Սաքոն,- ահա թե ում ես ուզում:
- Ո՜չ... ես աղջկաս համար եմ ասում...
Աղջիկը ժպտալով նայեց ինձ:
- Ձեն հանի,- շշնջաց Վարդանը,- տեսնո՞ւմ ես, ինքն է ուզում:
- Քանի՞ տարեկան ես, աղավնյակս,- փաղաքշորեն հարցրեց Լիզան:
- Քսաներեք,- մռթմռթացի ես:
- Իմ Նատաշան էլ է այդքան,- ծափ տվեց նա, կարծես իր առաջին դասարանցի աղջկա համար նկարչության տետր էր գտել,- դե, նա քեզ դուր չի՞ գալիս:
- Ոչ,- ասացի:
Լիզան ծիծաղեց, իսկ աղջիկը դեմքը թեքելով ասացՙ օ՜...
Նոր մարդիկ եկան, Լիզան վեր կացավ: Աղջիկը մի քանի անգամ ժպտալով նայեց ինձ, այսինքնՙ չհավատացի քո խոսքին: Նա տգեղ չէր, ազդրերն էին հաստ:
Հյուրանոցում սպասում էին մեզ, ցերեկվա հանդիպածներից տարիքովն էր իրենց բրիգադիրի հետ, որը Սաքոյի պես հնաբնակ էր, բայց ավելի վաղուց գիտեին իրար, քան հաստատվել էին Դիվինոյում:
Արագորեն սեղան բացեցինք, որի հիմնական շեշտը սպիրտի մեծ պաշարի վրա էր: Երկու բաժակ ունեինք, երկուսն էլ ճարեցինք, չորս բաժակ այդքանիս համարՙ միանգամայն բավական համարվեց:
- Դե, տղերք ջան,- առաջին կենացը սկսեց Արսենը,- բարով տեսանք: Եկել ենք աշխատելո՞ւ, լավ ենք արել: Մարդ եկել ենք, մարդ գնանք: Ողջ-առողջ տուն դառնանք, մնացածը կլինի, գործն էլ, փողն էլ... մենակ մեզ մարդու պես պահենք, համամարդկային լինենք: Այսինքն ի՞նչ եմ ուզում ասել: Ճիշտ է, մենք փողի համար ենք տուն-տեղ թողնում, բայց փողը չէ ամենակարեւորը, ավելի կարեւոր են մեր ընկերությունն ու ազնվությունը: Ողջ մնանք:
- Ողջ լինես:
- Ապրես:
- Անուշ եղավ, Արսեն ջան:
- Լավ կլինի,- ասաց Վարդանը, որն արտահայտում էր ամեն կերպ, թե ինքը կարեւոր դեմք է բրիգադում,- ողջ-առողջ, մարդավարի հետ դառնանք, փորձանքի չգանք, թե չէ փողը... մի բան ավել, պակաս...
- Մեզնից է կախված,- էստաֆետն ընդունեց Սաքոն,- փողը, ի՞նչ իմանաս, գործ է, մեկ էլ տեսար, շուռ եկավ, ոնց որ ամառվա օրով կարկուտ գա... չնայած,- շարունակեց Սաքոն, որպեսզի հանկարծ կասկած չառաջանա,- հինգ տարի նույն հիմնարկում եմ, ամեն ինչից ապահով, մի հատ գործ չի եղել, որ չընդունեն կամ գոնե մի մանր խոսք մեջ գցեն... Իսկ մարդավարի հետ դառնալը մենակ մեզնից է կախված...
Հաջորդ քառյակը խմեց, որից հետո ես ու Գրիգորը մնացինք: Ես հրաժարվեցի:
- Կոշի՞կ է, ոտքդ սեղմի,- ասաց Արսենը,- հուպ տուր, թող գնա:
Մյուսները նույնպես վրա մնացին, բայց որոշել էի այդ հարցում հաստատուն լինել:
- Ահա հավաքվել ենք բրիգադով,- ասաց Վարդանը,- մեր ընկերներն էլ մեզ հետ,- գլխի մի շարժում Արսենի ու Աշոտի կողմը,- շատերս բարեկամ ենք, ծանոթ ենք կամ նոր ենք ծանոթացել, ինչ որ ենք, հայ ենք, բայց մեր բարեկամությունը Նովոսիբիրսկում մնաց... Ես պարզ եմ խոսում, ով խոպանում եղել է, թող գցի բռնի, ճիշտ եմ ասում, թե չէ... Հարգանքը մի կողմ, բարեկամությունը մի կողմ, բայց չմոռանանք, որ աշխատելու համար ենք եկել, մեզ կարիքն է հանել տներից... Գործի մեջ իրարից նեղանալ չկա, մի բան ես կասեմ, մի բան ինձ կասեն... Գործի համար է, մեր օգուտի համար է... Մեր բրիգադում մի հոգի է ջահել: Սաքոն որ համաձայնել է ընդունել նրան, դրանով պարտք է վերցրել, որ փորձանք չպատահի նրան... նույն պարտքը ինքը ունի բոլորիս հանդեպ: Դրա համար պարտավոր ենք լսել նրան: Ամեն մարդ թող հասկանա, որ եթե իրեն բան պատահի, բրիգադին է վնաս... Ո՞վ կուզի ընկերոջ վզին նստել... Ուրիշ հարց, թե գործի մեջ փորձանք պատահի, աստված չանի, բայց ամենքիս էլ կարող է պատահել...
- Հիվանդացողը տուն կգնա,- ընդհատեց Սաքոն:
- Համաձայն եմ,- հապաղելով, կարծես ինքն էր վճռողը, ասաց Վարդանը:
- Մի տարի փանիկցիների հետ գնացի...
- Հա, փանիկցիները հայտնի խոպանիստներ են,- ասաց Հրանտը:
- Ախպերն ախպորը թուքումրում էր, թե լավ չես աշխատում, վերջը վռնդեց բրիգադից: Ախպերն էր, բայց ընտանիքն ավելի թանկ է...
Ուրիշ կարծիք չեղավ, դրական շարժում էին գլուխները: Չգիտես ինչու մտածում էի, որ ամենից առաջ ինձ է վերաբերում, եւ անձրեւոտ մի օր ճամպրուկը տալու են ձեռքս, տուն ճամփեն:
- Հիվանդացողին բան չենք ասի,- շարունակեց Սաքոն,- ամեն մարդու համար իր առողջությունն է թանկ, բայց գործից փախչել չկա: Ով սեզոնը չվերջացրած թողեց աշխատանքը, փող չի ստանա:
Նույնպես առարկող չեղավ:
Էլի բացած սպիրտ բերեցին առաջ:
- Բայց ինչի՞ ենք վատը խոսում լավի փոխարեն,- բաժակները լցնելով ասաց Վարդանը:
- Լավը առանց խոսել կլինի,- ասաց բրիգադիրը,- վատի մասին խոսենք, որ չլինի:
- Թող մի երկու լավ բան ասի Վարդանը,- ծիծաղեց Հրանտը:
- Ասեմ,- Վարդանն ուղղվեց հաստ փորի վրա,- լավը գիտե՞ս որն է, բրիգադիր ջան:
- Ասա,- ժպտաց Սաքոն:
- Ես ամիսը հազար ռուբլի աշխատո՞ւմ եմ:
- Եղավ,- գլխով արեց Սաքոն:
- Մեկ-մեկ հավաքվում ենք ոնց որ հիմի:
- Անպայման:
- Օլյան էլ շորերս լվա,- չքմեղանքով ավելացրեց Վարդանը:
- Օլյա չկա:
- Ոնց թե,- զարմացավ Վարդանը,- շորերս Օրյոլ ուղարկե՞մ:
Նա ասել էր, որ անցյալ տարի Օրյոլում էր, եւ այնտեղ շատ լավ էր...
- Ամոթ է, այ տղա,- նախատեց Հրանտը,- մազերիդ նայի...
- Դու ինչ ես հասկանում դրանից,- ծիծաղեց Վարդանը:
- Ջահել կա, ամոթ է...
- Մեռնեմ ջահելությանը,- ծպպացրեց Վարդանը ձեռքը ուսիս դնելով,- իրար հետ ենք գնալու:
Սաքոն խոժոռ նայեց նրան,- Արսենը լավ է ճանաչում ինձ, թող ասի, քո ասածը ոչ մի տարի իմ բրիգադում չի եղել:
- Դու էլ չգիտեմ ինչ մտածեցիր, պարզ է, որ գործն առաջին հերթին...
- Առաջին է, թե վեցերորդ, չգիտեմ,- համառեց բրիգադիրը,- ամուսնացած մարդիկ ենք...
Առանց թակելու մտավ մի բարձրահասակ, բարակ մարդ, հայ անկասկած:
- Բարեւ, հայեր,- մարտունեցու առոգանություն էր:
Նա հայրենակիցներին հանդիպողի վստահությամբ մոտեցավ սեղանին: Մարտունեցի էր, անունը Սաշա, ասֆալտի գործ էր բռնել, բրիգադին էր սպասում:
- Ուրեմն ես փտեմ, հա՞, ձեր ասելով,- շարունակեց Վարդանը:
- Չես փտի, դու էլ մյուսների պես:
- Չէ,- Վարդանը ձեռքերը տարածեց,- ես առանց դրա չեմ կարող:
Սաշան իմանալով ինչի մասին է խոսքը, աչքով արեց ու փսփսաց նրա ականջին:
Արսենը փոխեց խոսակցությունը,-քյավառցի Միշան է մեր շրջան եկել,- ասաց Սաքոյին:
- Միշա՞ն...
- Հա, հիսուն հոգի բերել է, էլի են գալու:
- Նա իրենց քարտուղարի հետ լավ էր, ո՞նց է բաց թողել:
- Հենց քարտուղարն է բերել նրան, Ալեքսեեւին հանել են:
- Ափսոս, շինարար քարտուղար էր:
- Սա էլ պակասը չէ, կտեսնես ինչ շինարարություն կսկսի:
- Միշան ո՞վ է,- հարցրեց Ռազմիկը,- Ղազախստանում եղե՞լ է:
- Որտե՜ղ չի եղել նա:
- Լսել եմ նրա մասին... բայց վառվել էր Ղազախստանում:
- Է՛հ, նա մի խորանարդ մետր փող ունի:
- Ունի, որ ազատվել է, ափսոս մինչեւ վերջ չմնացինք, իմանայի ինչ եղավ:
- Ինչի՞ մինչեւ վերջ չմնացիք:
- Գարաժ էինք սարքում, պատերը շարեցինք, անկյունը ծուռ էր, վախեցանք կռան-բալկա չմտնի, վերջին ամսվա փողն առանք ու փախանք:
- Հը,- հեգնեց Արսենը,- դե ասա, գործից հասկացող մարդ չեք ունեցել... իմ սարքած շենքում կռան-բալկա չմտնի՞... ինժեներն ով է, ճարտարապետն ով է, գործ անեմ, որ միլիմետրի ճշտությամբ տեղը գա: Քանի տարի շինարարություն եմ անում, մի անգամ չի եղել, որ գլխիս ինժեներ կանգնի... պայմանագիրը կապեցի՞, մնացածը իմ գործն է... Հետո չկանչեցի՞ն...
- Չէ, ձեն-ձուն չեղավ:
- Լավ եք պրծել: Հա, Ղազախստանում մի բրիգադ ջրհոր է փորում, էհ, անապատ տեղ, փորում են, փորում, ջուր չկա: Ճարը կտրած կես լիտր արաղով մի ավտո ջուր են լցնում գիշերը, առավոտ կանչում տիրոջը, թե տեսեք ձեր հորը, ջուրն էլ մեջը...
- Վայ ես ձեր,- քռքռաց Վարդանը:
- Ի՞նչ ասեն, ջուրը մեջը դմբդմբում է... Ակտը ստորագրում են, մի հատ էլ ոչխար մորթում... մի քանի օր հետո հորի տակը չո՜ր...
- Բա Ուկրաինայում,- ընդհանուր ծիծաղից հետո ասաց Վարդանը,- ձմեռը գյուղից զանգում են շրջան, թե ճամփեքը փակվել են, բուլդոզեր ուղարկեք, կամ մի երեք հայ թող գան...
- Հա-հա... երեք հայը մի տրակտորի գործ են անում, հա՞...
- Ուկրաինայում գարնան գալը հայերով են որոշում,- ասաց Արսենը,- խայտառակվեցինք Ուկրաինայում... Խմենք, մի հատ էլ խմենք... Ուրեմն, վարպետ, տես ինչ եղավ,- Հրանտին դիմեց նա, ինչպես պատմողներն են սովորաբար ընտրում մեկին,- Նեժին քաղաք կա, Չեռնիգովից մոտ հարյուր կիլոմետր հեռու...
- Գիտեմ,- ընդհատեց Վարդանը,- ուսումնական քաղաք է, լիքը ինստիտուտ ու տեխնիկում... Մե՞ջն էիք:
- Չէ, գյուղերում: Գործ բռնեցի ու հանգիստ անցանք աշխատանքի: Գոմ սարքեցինք, հետո, կիսատ մի շենք կար, ձեղունը կապեցինք: Քթիս մի տեսակ հոտ էր խփում: Մտածեցի, որ գոմերը մոտիկ են... բայց ուրիշ հոտ էր, լեշի հոտ էի առնում, համ էլ մի տեղից էր գալիս, ուրեմն գոմերից չէր... ու հանկարծ հասկացա, ճանճերը գլխի գցին...
- Ճանճե՞րը...
- Հա, մի տեղ պարսով ծեփվում էին պատին... Ասացի տղերքին, որ քանդենք պատը: Ծիծաղեցին, ձեռ էին առնում, բայց սիրտս վկայում էր, քանդեցինք... Մարդ էր թաղված պատի մեջ, տասներկու տարեկան տղա, անցյալ տարի կորել էր անհետ ու մեր պատի միջից ելավ...
- Բա էդ ո՞նց,- խորունկ հարցրեց Հրանտը:
- Կիրովականցիների բրիգադ էր աշխատել, բերեցին բոլորին, իմացան: Տղան մեկ-մեկ եկել է նրանց մոտ, երեխա տղա, շինարարությունը հետաքրքրել է: Պատից քար է ընկնում գլխին, մեռնում է տեղնուտեղը... Էս տխմարներն էլ վախենալով, որ իրենց կմեղադրեն, մարդու չեն ասում, դնում են պատի մեջ ու շարում:
- Իսկական տխմար,- ասաց Ռազմիկը:
- Բա հետո:
- Դատեցին:
- Տխմար թե տխմար...
- Տխուր բան պատմեցիր, Արսեն ջան,- ջրոտ բերանով ասաց մարտունեցի բրիգադիրը,- անցյալ տարի մենք դատից հազիվ փրկվեցինք: Տուն սարքեցինք, տանտիրոջ մտքով չանցավ մի շիշ բան բերի կամ հաց ուտելու կանչի... ձու դրեցինք պատի մեջ...
- Ձո՞ւ,- զարմացավ Գրիգորը,- ինչի՞ համար:
- Հա՜,- երկարացրեց Արսենը` ինձ չես զարմացնի:
- Ձուն գցում ես պատի մեջ, հոտը միշտ գալիս է:
- Շիշ էլ են դնում,- ասաց Ռազմիկը,- դատարկ շիշ, մի փոքր ծակ են թողնում. հենց քամի է փչում, վնգոցը տնից անպակաս է:
Սպիրտը նորից վերջացել էր:
- Էս ի՞նչ ենք անում,- հիացական զարմանքով ասաց Վարդանը,- ծո՛,- դարձավ նա Շուլային,- երկու շիշ էլ հանի:
Անկարելի է, որ լենինականցին ու երեւանցին նույն տեղում լինեն եւ հակադրություն չառաջանա նրանց միջեւ: Շուլան անխոս կատարեց նրա պահանջը կոպտությանը չարձագանքելով: Նա քիչ էր խմում ասելով, որ գլուխը կցավի, եւ գրեթե չէր մասնակցում խոսակցությանը:
- Էլի խմե՞նք,- հարցրեց Ռազմիկը:
- Բրիգադիր, թողնո՞ւմ ես խմենք,- կատակեց Վարդանը:
- Խմենք... մեկ էլ եսիմ երբ խմենք...
- Էս մարդն ուզում է ամեն ինչից զրկի մեզ,- ծիծաղեց Վարդանը:
- Դավո ջան, ոնց որ քեֆդ տեղը չէ, ախպերս,- սրտամոտությամբ, որ հատուկ է բարի ու անմիջական մարդկանց կամ կեղծավորներին, ասաց Արսենը:
Հսկա Դավիթը կաշկանդված ժպտաց:
- Տխուր ես...
- Առաջին տարին է,- քմծիծաղեց Հրանտը:
- Հը... Սա մոր կաթի պես քաղցր բան է, որ համն ընկավ բերանդ, դժվար է կտրվել... Ամիսը հազար ռուբլին քաղցր կաթ է...
- Մենակ հազա՞րն է,- ամենալայն ժպիտով ասաց Սաշան,- մի հատ էլ որ ճերմակ ապրանք գտավ, կմոռանա՞ խոպանի ճամփեն:
Հրանտը բացահայտ հակակրանքով նայեց նրան: Մյուսների մասին որոշակի կարծիք չունեի, իսկ Հրանտն ինձ դուր էր գալիս... Թերեւս նաեւ Վարդանի նկատմամբ կար մի բան... Մի քանի հոգի էին կենտրոնում. Արսենը, անկասկած ամենանշանավոր խոպանիստը ներկաներից, Սաքոն, ես նրան որպես քչախոսի գիտեի, այստեղ էլ չէր շատախոսում, բայց նա հեղինակավոր անձ էր, բազմափորձ ու պատկառելի Հրանտը, Վարդանը` սեփական նախաձեռնությամբ: Շոգեխաշած մսի հոտ էր գալիս նրանից, եւ զգացվում էր, որ խմիչքի մեռած մարդ է: Ինքն էր ասում, որ առանց օղու չի կարող ապրել... Նա չէր կարող նաեւ առանց կնոջ... Սաքոյի խոսքերից դատելովՙ Վարդանը զրկանքների մեջ էր լինելու այս տարի:
- Ասում են, էլ չեն թողնելու խոպան գալ,- ասաց Ռազմիկը:
- Ո՞վ չի թողնի,- ահեղացավ Արսենը,- իմ հայրենիքն է, որտեղ ուզեմ, կաշխատեմ, ո՞վ կարգելի ինձ:
- Եսիմ, ձմեռը մեկի տանը գործ էինք անում, կենտկոմի աշխատող էր, ասում էր` չարիք է դարձել...
- Պահ, ի՞նչ վատություն ենք արել, իրենց գործն ենք թեթեւացնում:
- Ասում էր, օրենքով հնարավոր չէ, բայց ներքին կարգով կանենք:
- Անում են,- ասաց Վարդանը,- իմ տեղը չընդունեցին աշխատանքի:
- Ինչի՞,- ասաց Հրանտը,- որ տանը էսքան փող առնես, կգա՞ս խոպան:
- Հա՜, որ առնեմ... Բայց Հայաստանում ո՞վ ինձ փող կտա... Դու մեծ մարդ ես, վարպետ Հրանտ, լսե՞լ ես, որ մի բրիգադ Հայսատանում գործ է բռնել, ու մարդը հազար ռուբլի ստացել է ամիսը:
- Է, դու արդեն ուրիշ բան ես ասում:
- Հա, չի եղել, որովհետեւ իրենք են ուտում, տակը փող չի մնում:
- Չէ դե, մեր պայմաններն ուրիշ են...
- Ի՞նչ ուրիշ... Իսկ որ ես կես տարվա գործը մի ամսում եմ անում... Ուրեմն պետությունը տուժո՞ւմ է, որ ինձ շատ փող է տալիս:
- Աշխատելն աշխատում ենք, բայց կյանք չէ մեր քաշածը...
Հետաքրքրական խոսակցություն էր, բայց ինչպես ամբողջ երեկոյի ընթացքում չէին կենտրոնանում ու խոսում էին պատահական սկիզբներով, այնպես էլ դա բնութագրեցին մի քանի խոսքով ու անցան առաջ: Բացի դրանից, հոգնած էին, չափազանց շատ սպիրտ կլանվեց, քանի ժամ նստած էինք սեղանի մոտ:
Արսենն ու Աշոտը գնացին: Քիչ երկար մնաց Սաշան, որը հյուրանոցում էր տեղավորվել: Վարդանը դուրս եկավ նրա հետ, խոսում էին միջանցքում:
Հրանտը պառկեց քնելու: Պարզ է, հոգնեցուցիչ է խմողներին ընկերակցելը: Վարդանը վերադարձավ, հեգնանքով նայեց աչքերը փակ պառկած Հրանտին, լիզեց շուրթերն ու մոտեցավ սեղանին, շշի մեջ դեռ կար...
Սաքոն առաջարկեց թուղթ խաղալ, նստեցին չորսով: Առաջին անգամ էի լսում այդ խաղի անունը` սկամբիլ կամ ինչպես Շուլան էր ասում` իսկամբիլ: Անունը դուր չեկավ, ցանկություն էլ չկար խաղին հետեւելու, ավելի հարմար թվաց պառկել, թեեւ քունս չէր տանում, քան այդպես անորոշ ցցվել սենյակի կենտրոնում:
Պատահել է երբեմն, խորթ միջավայրում հանկարծ իջել է գլխիս. ովքեր են սրանք, եւ ինչ գործ ունեմ այստեղ, չէ՞ որ անհարիր ենք ամբողջովին, ու կամացուկ, աննկատ հեռանում եմ, դուք շարունակեք, ինձ սպասում է վարձով սենյակը, սենյակում` մի գիրք, բառարան, շախմատային... կամ միամիտ ու հնաոճ վեպ, ծովահենի ու հմայիչ աղջկա, մանկությունից սկիզբ առած կամ առաջին հայացքից ծնված սիրո մասին...
Հասունացել էր չքվելու ցանկությունը... Եվ առաջին անգամ խեղդվեց, որովհետեւ անհնար էր պարզապես: Ինքս իմ կամքով շաղկապվել էի այս օտար մարդկանց հիմար անբավականության պատճառով, թե իբր տաղտկալի եմ ապրել, իմ ուզած կյանքը չէ, պաղ տեսքով խմորի պես ուռել եմ իմ ներսում, կամ, ինչպես նորահաս ծիրանն են հապշտապ փակում, այդպես խցկվել եմ համալսարանից հետո... Երբեմն հանգստացնում էր բարվոք կյանք սկսող երիտասարդի վիճակը, առավոտները աշխատանքի շտապելիս ուրախանում էի, որ ահա ես էլ ժրաջանորեն գնում եմ դեպի իմ տեղը, սեփական կարեւորությամբ համակված, հոգսերին դիմագրավ, կարմրաթշիկ, լավ ախորժակով եւ ոչ պակաս ապագայով, բայց դժգոհությունը քորում էր հոգիս, եւ անընդհատ սպասելով մի բանի, որը պետք է փոխեր ու գունավորեր կյանքս, ինչպես թեյն է գույն ու համ տալիս ջրին, գարնանային հիրավի գեղեցիկ մի օր Սաքոյին հանդիպեցի...
Ներկաները այն մարդիկ չէին, որ հասկանայինՙ մարդը գնաց, որովհետեւ չէր ուզում մնալ:
2
Չուլկինը միտքը փոխել էր, առաջարկեց տեղավորվել գարաժում: Այնտեղ մի սենյակ կար, որտեղ ազատ ժամերին դոմինո էին խաղում աշխատողները: Ավելի մեծ սենյակ էր, բայց անհրապույր, բետոնե հատակով, խոնավ: Ջեռուցման խողովակների անցքերը բաց մնացել էին, հավանաբար աղավնիներն էին օգտագործում, ծերտը նկատելի էր... Այդ ամենից բացի, գրասենյակի թմբլիկ կանանց հարեւանությունից զրկվեցինք, ինչպես տրտնջաց Վարդանը:
Դատարկեցինք սենյակը: Չուլկինը հաշվապահության աղջիկներին ուղարկեց օգնության: Նրանք լվացին լուսամուտները, մաքրեցին հատակը: Վարդանը մնաց նրանց հետ, մենք գնացինք պահեստից մահճակալներն ու մնացած բաները բերելու: Տարիների ընթացքում Սաքոն տնտեսություն էր ստեղծել, գազօջախ կար, սառնարան: Երկաթե հին մահճակալներ էին, ժանգոտ, ջարդված, ամրացնում էինք մետաղալարով, ապահովության համար զոդողին կանչեցինք: Մահճակալներըՙ ոչինչ, ներքնակներն էին զզվելի, ծակ-ծակ, մրոտ, դեղնավուն օղակներով ու վարակի զգացողությամբ:
Դասավորելուց հետո յուրաքանչյուրը շտապեց հարմար տեղ գրավել: Ինձ մի անկյունը հասավ, որովհետեւ ամենախոնավն էր: Հատակն այդ մասում բորբոսից ուրվագծային քարտեզի էր նման, սնկահոտ էր գալիս: Գոհ էի դրա համար, գոնե մի կողմից պատը կլիներ հարեւան: Շուլայի մահճակալն էր կողքիս: Նրա օրինակով պատին մեխեր խփեցի շորերի համար: Շուլան մի մաքուր տախտակ դրեց պատի հետ գնացող խողովակի վրա, հարմար դարակ ստացվեց: Այնտեղ շարեցի սափրվելու եւ այլ պարագաները, շախմատային էտյուդների ժողովածուն, Չարենցի հատորյակը եւ լատիներենի դասագիրքը: Անկեղծ ասած, լատիներեն սովորում էի մեջբերումներ անելու համար: Շուլան իր բաժնում ծխախոտ շարեց: Տնից «Ավրորա» էր բերել:
- Ծխող չե՞ս,- որպես հարեւան զրույց սկսեց:
- Չէ...
- Կսովորես,- խոստացավ նա:
- Լավ բան սովորեցրու,- ասաց Հրանտը, որն ամենայն խնամքով հարդարել էր տեղը եւ ափսոսում էր նստել,- դու եւ Վարդանը ուզում եք խեղճ Արամին ձեզ պես արատավոր դարձնել...
- Ծխելը արա՞տ է,- զարմացավ Շուլան ձախ աչքը ճտելով,- նորություն իմացանք...
- Համ էլ սովորեք ներսում չծխել,- Շուլայի հեգնանքից բորբոքվեց Հրանտը:
Անմիջապես ծաղրական ձայներ հնչեցին, իսկ Վարդանը սիգարետ դրեց բերանը, տուփն էլ պարզեց Հրանտին:
- Հեռու տար,- բղավեց Հրանտը:
- Լավ, ես ի՞նչ մեղք ունեմ, որ ինձ էլ արատավոր հանեցիր,- ասաց Վարդանը ծիծաղելով:
- Դու չէ՞իր, որ խոստանում էիր հետդ անառակության տանել... Ի՞նչ ես բերանդ բացել, ժանգոտ ատամներիդ կարոտը քաշող չկա...
- Դա հենց կյանքի բարիքն է, զառամած անտեր...
- Ե՞ս եմ զառամած, ուռած գլուխ... Արի իրար հետ վազենք, էն օրը գցեմ, որ փորիդ ճրագուն կրունկներիցդ դուրս գա...
- Ջորի չեմ, վազեմ... Տղամա՞րդ ես, գիշերները գնա վազքի, փափուկ տեղը պառկած վազե՜ք մինչեւ լույս... Կամ նստեցրու գոգդ, թող ձի քշի, որ ձեռքով էլ ծծերը խառնես...
- Թո՛ւհ, արա, ինչ պագշոտ մարդ ես...
- Պագշոտն ի՞նչ է...
- Անգրագետ ես, ինչ խոսեմ հետդ, համ անգրագետ ես, համ չտես, ասես կյանքիդ մեջ կնիկ չես տեսել:
Վարդանը ցավակցաբար նայեց նրան,- չէ, ոնց երեւում է, քո աչք ու երեսն էլ է հարկավոր բացել:
Սաքոն վերջ դրեց բանակռվին:
- Շատ խնդացինք,- ասաց,- գնանք ճաշարան, որ գործ ունենք անելու:
Գարաժի հետեւում, մեր պատուհանների դիմաց, մի սրահ սարքեցինք տախտակներով, որպես խոհանոց կօգտագործեինք եւ պահեստ: Ուշ երեկոյան հազիվ վերջացրինք:
Սաքոն հաջորդ օրն էլ պարապ չթողեց մեզ: Միս էր բերել, խոզի մի ազդր եւ մեջքի լավ տեղերից, Շուլան զբաղվեց մշակումով, որ վաղը, մայիսի մեկին, խորոված անենք, եւ մի թեթեւ ուտելիք էլ այսօր պատրաստի: Հրանտը, Վարդանը, Ռազմիկը, մեր ոսկեձեռ արհեստավորները, հանձնարարություն ստացան բահի կոթեր ու սվաղի փայտե գործիքներ, խոհանոցի դարակներ ու սեղան սարքելու: Իսկ մենք` երեք հնազանդ բանվորներ, սեւ աշխատանքի անցանք: Մի անկյունում բեռնատարների հին, շարքից դուրս եկած թափքեր կային: Չորս հատ քարշ տվեցինք այնտեղ, որտեղ գարաժ էինք սարքելու: Արդեն որոշ տեղեկություններ ունեի մեր կառույցների մասին, հիմնականը սա էր, տրակտորների ու կոմբայնների գարաժ-արհեստանոցը, ինը մետր բաձրությամբ: Թափքերը ցեմենտի համար էինք նախապատրաստում: Տեղափոխեցինք պահեստի ցեմենտը, որը մի թափք լցրեց: Պարապ ավտոներից մեկը տվել էին մեզ, Դավիթն էր վարում, ժամանակավորապես զրկված վարորդ, զրկվել էր ու խոպան եկել:
Առավոտյան տոնական տրամադրությամբ իջանք կենտրոն: Այսօր եւ՛ գեղեցիկ աղջիկներ կային, եւ՛ եղանակն էր փոխվել, պայծառ օր էր, ինչպես նաեւ ռետինե սապոգներ չէին երեւում: Կենտրոնական փողոցով, որը հենց այդ անունն էր կրում, մարդիկ վերադառնում էին շքերթից: Մենք ուշացել էինք: Նրանք շնորհավորում էին մեզ, Սաքոն պատասխանում էր միակերպ` նույնը եւ ձեզ... Կամ ինքն էր առաջինը շնորհավորում: Մենք գլխի շարժումով միանում էինք:
Խանութների մոտ Արսենի բրիգադին հանդիպեցինք: Յոթ հոգի էին, երեքին գիտեինք, մեկը համարյա Դավթի պես հաղթանդամ էր, քառասուն-քառասունհինգ տարեկան, գորշասպիտակ մազերով, բայց քայլում էր տասնութամյա ցուցամոլ տղայի նման, ամեն ձեռքին երեք շիշ օղի:
- Հայեր ջա՛ն,- բղավեց նա ձեռքերը տարածելով, շշերը ողկույզների պես կախվեցին մատների արանքներից:
Բրիգադները աղմուկով մոտեցան, մոտ հինգ րոպե բարեւում էինք ու ծանոթանում: Մեծամարմնի անունը Սամո էր, Մերուժըՙ նրան հասակակից, Աշոտը, երկու ջահել` Գարիկն ու Գագիկը, ջահելներս, ասաց Արսենը, եւ Խաչիկը` մոտ երեսուն տարեկան:
- Չէի հավատում, որ ձեր մեջ ինձնից թափով մարդ կա,- ասաց Սամոն,- Դավիթ ջան, չնեղանաս, ախպեր, մի հարյուր տասը, քսան կա՞ս...
- Տասը տարի առաջ էի հարյուր քսան,- փնչաց Դավիթը:
- Վայ քո ցավը տանեմ,- Սամոն մի ձեռքով շշերը գրկած մյուս ձեռքով խփեց Դավթի ուսին գուցե այդ կիլոգրամները ստուգելու համար:
- Լավ էլ ծանր ձեռք ունես,- հարգանքով ասաց Դավիթը, թեեւ ամենեւին չէր շարժվել:
Ավելացրինք օղու քանակն ու միասին վերադարձանք գյուղտեխնիկա:
Ժամանակին էինք օժանդակ շինությունը սարքել, սենյակում տեղ չէր լինի, եթե այդքանով լցվեինք:
«Ի՜նչ ունեմ ձայնագրած,- ճանապարհին պարծենում էր Արսենը,- հայկական պարեղանակներ, միայն զուռնա ու դուդուկ»: Այդ երկարանվագ ժապավենը, երկու կողմն էլ միայն զուռնա ու դուդուկ, ամենաբարձր ձայնով միացրած մեր թոհուբոհի մեջ, մեղմ ասած, գլուխ արդուկեց:
Ջահելները ժամանակակից երաժշտություն պահանջեցին:
Դդըլբը-շխկուդխկ ժանրի մի երգ սկսվեց, ջահելները մեջտեղ ընկան ու ծափի տակ պարում էին թվիստ կամ ուրիշ պար:
- Դու էլ պարի,- բզեց ինձ Հրանտը:
Արսենը ձեռքս բռնելով ցանկանում էր քաշել պարի մեջ, Սաքոն գրավեց նրանց ուշադրությունը պարողներին խառնվելով: Վարդանը նույնպես ոգեւորվեց եւ հաստ հետույքը օրորելով միացավ: Պարելուց հետո քրտնափչած նստեցին սեղանի մոտ, բաժակները լցված էին արդեն: Առայժմ առանց կենաց ասելու էին խմում... մինչեւ խորովածը եղավ: Սպասք չունեինք, չորս մետրանոց սեղանի կենտրոնում հաստ յուղաթղթի մի կտոր էր դրված, որի վրա խորովածը քաշեցին: Շատ համով խորոված էր, մի քանի րոպե լուռ խժռոց էր, ապա կենացներ սկսվեցին...
Չքվեցի այդտեղից: Գրասենյակի կարմիր անկյունում մարդ չկար, սկսեցի մենակ բիլիարդ խաղալ: Հանգիստ ու անշտապ պտտվում էի հարված ընտրելով, այնքան գցելը չէր հետաքրքրում, որովհետեւ չէի էլ կարողանում, հազվադեպ միայն, գոնե հարվածել սովորեի: Վարդանը խփում էր կտրուկ եւ ուժգին, նախանձում էի նրան, իսկ իմը փուստ էր ավելի շատ:
Դժբախտաբար խանգարեցին, Արսենն ու Վարդանը գրազ էին եկել: Նրանք արագ վերջացրին, Վարդանը հաղթեց, բայց ինձ էլ չթողեցին մնալ: Արսենը տարավ քաշքշելով եւ նույն հովանավորող ու մտերմական պնդերեսությամբ ստիպեց խմել... Եվ դեռ գոհ էի, որ կենաց չպահանջեց...
Երեկոյան, խմածների փուքը թողել էր որոշ չափով, դուրս եկանք թարմանալու: Սաքոն մեզ հետ չէր, տեղ էր գնացել մի շիշ կոնյակ վերցնելով: Կինոյից առաջ այգի մտանք, որտեղ պատերազմում զոհվածների հուշարձանն էր, կարդացին ամբողջ ցուցակը հայի անուն գտնելու համար: Գետափին դեռ մարդիկ կային, տոնական օրվա հավաքների վերջին բեկորները: Փոսորակ մի տեղում երկու կին էին նստել, կանչեցին մեզ ձեռքով: Վարդանն ու Ռազմիկը հետ ընկան ու մոտեցան նրանց:
- Գտան,- ասաց Հրանտը,- գիշերը տուն չեն գա:
Հրանտն ինչ իմանար, որ Վարդանն ու Ռազմիկը հարգարժան տիկնանց հրավիրելու են մեր տուն, եւ նրանցից մեկը, կարմրահեր, բորենու աչքերով, ըստ արժանվույն կգնահատի նրա մահճակալը, որն անկասկած լավագույնը կհամարվեր զորանոցների կամ համակեցության այլ վայրերի մրցույթում: Նա ընկողմանել էր արմունկին հենված, ոտքը ոտքին եւ ամենեւին չբարեհաճեց շարժվել, երբ ներս մտանք: Ընկերուհին, սեւ զգեստով ու նիհարությամբ կարծես թե վայելուչ, Ռազմիկի հետ համեստորեն նստել էր սեղանի մոտ, որի վրա օղու շիշ կար:
Մենք հյուրերի պես, որոնք առաջ անցնելու հրավերի են սպասում, մնացինք դռան մոտ, իսկ Հրանտի մահճակալը գրաված կինն ասաց պողպատե ատամները ցույց տալով.
- Պետք չէ՞ր բարեւել:
Վարդանը փորձեց խոսել, բայց Հրանտը, որը մի քանի անգամ գունափոխ էր եղել այդ ընթացքում, ոտքը գետնին խփելով գոռաց կատաղությամբ.
- Փի՛շտ...տիրոջդ մերը...
- Կո մեռը,- հանկարծ հայերեն պատասխանեց քնքուշ բորենին անասելի զվարճանք պատճառելով մեզ:
Հրանտն անցավ վճռական գործողությունների:
- Ձեռքերդ հեռու տար, քոսոտ,- բղավեց կինը հրելով նրան, ապա դարձավ ընկերուհուն,- գնանք, Նադյա, թե չէ սրանք խմբով կբռնաբարեն մեզ:
- Փի՛շտ,- ահարկու ձայնով բղավեց Դավիթը:
- Փի՛շտ,- նրա հետեւից սիրտ առավ Գրիգորը:
- Փիշտ, փիշտ,- արդեն բրիգադով համազարկ տվեցինք, բացի մեղավորներից իհարկե:
Բայց նրան սաստելու համար գունդ էր հարկավոր, անսանձ հայհոյանքների մի բույլ շարեց իրար հետեւից ապացուցելով, որ հաղթում են ոչ թե քանակով, այլ ոգով, դռան վրայից վերջինը շպրտեց Հրանտի երեսին, ու գնացին նրանք` գիշերային վաստակի զավակները:
Հրանտը քանդեց տեղաշորը, մեկ-մեկ թափ տվեց դրսում եւ նախկին տեսքի բերեց:
- Չէի սպասում քեզնից,- Վարդանն ասաց Հրանտին:
Հրանտը զարմացած նայեց նրան,- մի բան էլ ես եմ մեղավո՞ր...
- Բա ինչ... մարդ էին, էլի...
- Դե լավ, անցած լինի,- ասաց Ռազմիկը կարծես ինքը ոչ մի կապ չուներ այդ պատմության հետ:
Շուտով պառկեցինք քնելու, բայց մթության մեջ երկար ժամանակ Հրանտի ու այդ կնոջ կարճ կռիվն էինք հիշում ու ծիծաղում, մինչեւ դուռը ճռռաց Սաքոյին ներս թողնելով:
- Լրի՞վ եք,- հարցրեց նա,- դուռը փակե՞մ...
- Հա, արդեն լրիվ ենք,- պատասխանեց Շուլան, եւ դա նորից ծիծաղ առաջացրեց:
3
Ինչքան էլ Սաքոն փորձում էր թաքցնել, պարզ էր արդեն, որ աշխատանք չունենք: Նա ասել էրՙ կաշխատենք տոներից հետո, հավանաբար նկատի ունենալով նաեւ Հաղթանակի օրը: Գարաժը, որի համար կարծես անտեղի մի օր չարչարվեցինք, եւ առաջին անգամ զգացի, թե ինչ է ցեմենտի փոշին, օդի մեջ էր, թույլտվություն չկար: Բացի դրանից, հիմնարկի տարածքի բանուկ մասն էինք բետոնելու, հինգ հազար քառակուսի մետր: Հատկապես այս գործն էին գնահատում մեր արհեստավորները: «Ոսկու պես գործ է,- ասում էին միշտ, երբ խոսք էր բացվում,- օրական երեք-չորս հոգով հարյուր մետր հանգիստ կարելի է փռել»: Մետրը երեք ռուբլի արժեր, իսկապես եկամտաբեր աշխատանք էր: Բայց գետի ջուրը պիտի իջներ, որ ավազ բերեին: Երեք տուն էինք շինելու զույգ բնակարաններով, տեղը որոշված չէր: Ես ուրախ էի, առաջին օրերն ահաբեկել էին ինձ, գոնե աշխատանքն էր հետաձգվում, եւ հույս ունեի, որ եթե այսպես շարունակվի, ստիպված տուն կգնանք:
Բրիգադը բողոքում էր, երեկոների մեր զբաղմունքը: Հրանտն ու Վարդանն էին սկսում, մյուս արհեստավորըՙ Ռազմիկը քիչ էր խառնվում, իսկ մեր գլուխները դեռ ճամփին էին լցրել, որ բանվորները, այն էլ առաջին տարեցիները, պարտավոր են լսել ու ենթարկվել, վրջկտ:
Սաքոն աշխատանք էր փնտրում գյուղտեխնիկայից գրեթե ձեռ քաշած, բայց յուրաքանչյուր ձեռնարկություն իր բրիգադն ուներ, փաստորեն շրջանի ամբողջ շինարարությունը ձմեռվանից բաշխված էր: Ցերեկը թափառում էինք գյուղում, հասնում էինք կենտրոն, նրանք հանրախանութ էին մտնում, եսՙ գրախանութ, հետոՙ ճաշարան, ապա օրվա պաշար վերցնելով վերադառնում: Այստեղ անցնում էին իսկամբիլին: Չսիրեցի այդ խաղը առանց սովորելու, չնայած հակում ունեմ խաղերի նկատմամբ, անունը դուր չեկավ:
Երբ Սաքոն տուն էր գալիս, բրիգադը հարցական շտկվում էր...
- Ես դրանց,- հայհոյում էր Սաքոն, ու սկսվում էր...
Չարժեր այդքան աղմուկ բարձրացնել: Հարկավոր էր սպասել մինչեւ կբացվեն ավազի շերտերը, հանգստանալ, ինչպես Սաքոն էր ասում: Բայց եթե ինձ համար այս արտագնացությունը էքսկուրսիայի պես մի բան էր, բրիգադի մյուս անդամները, լուրջ մարդիկ, ընտանիքի, հոգսերի տեր, ցավագին էին ընդունում ամեն մի պարապ օրՙ մեղադրելով Սաքոյին, որ խաբել է իրենց... Հրանտն սպառնում էր թողնել գնալ, Վարդանն էլ մի տեղ հեռագիր ուղարկեց եւ պատասխանի էր սպասում:
Սաքոն գտավ աշխատանք, բայց ստիպված էինք կիսվել: Բրիգադի կեսը մնաց Դիվինոյում, նրանք մասնավոր գործեր էին անելու մինչեւ գետի ջուրն իջներ, Հրանտը, Շուլան, Վարդանը, ես Դելկինո գյուղը գնացինքՙ խոզանոց նորոգելու:
Դելկինոն շրջկենտրոնից տասնհինգ կիլոմետր էր հեռու: Ավտոն մեզ գրասենյակ տարավ, Սաքոն ինչ-ինչ հարցեր լուծեց, ստացանք սավաններ, ներքնակներ, ինչ մի անգամ արդեն եղել էր, բարձեցինք այդ բոլորը մեքենան, որը շարժվեց դեպի գյուղից առանձնացած գոմերը:
Ամեն տեղ վատություն էինք անում մարդկանց, այստեղ էլ ձիապահների հանգստյան սենյակը խլեցինք: Հինգ մահճակալ հազիվ տեղավորվեց, հինգերորդըՙ Սաքոյի համար, որ երբեմն հանդիպի մեզ: Տնավորվելու համբերություն չկար, շատ էր հետաքրքրում, թե այդ ինչ խոզանոց է բաժին ընկել մեզ. ավտոն դատարկելովՙ շտապեցինք այնտեղ: Ես չէի մտածում, թե դալուկ մարգագետնում, գետի ափին պիոներական ճամբար ենք կառուցելու, բայց չափազանց մեծ խոզանոցը, մի թիզ հաստությամբ գարշահոտ կեղտով, կաթվածահարեց...
- Էս կեղտը մաքրե՞նք,- թքեց Վարդանը:
- Տրակտորը կմաքրի,- ասաց Սաքոն:
- Տրակտորն ամեն տեղ չի մտնի:
Սաքոն ձայն չհանեցՙ հասկանալի չէ՞, մնացածը դուք կանեք:
Փոխելու էինք ծածկը, միջնորմները, հատակը տախտակեինք, նաեւ այլ գործեր, բոլորը միասինՙ տասնհինգ հազար ռուբլի:
- Երեք ամսվա աշխատանք է,- ասաց Սաքոն:
Ոչ մեկիս սրտով չէր այդ աշխատանքը, բայց մենք էինք Սաքոյին խեղդում, թե աշխատանք տուր, ահա տվել էր...
Վեր կացանք վեցին: Հրանտն արթնացրեց: Երեւի պատուհանից չէր նայել, գարունն էր ավարտվում, իսկ Ալթայում ձյուն էր գալիս, ճոխ ձյուն: Հրանտը հաշվի չառնելով շարունակում էր հագնվել: Տեսնելով, որ մյուսներին նույնպես ձյունը չի վերաբերում, ես էլ շարժվեցի: Ցուրտ չէր, բայց ձյունը իմ պատկերացումներում հանգստի հետ էր միշտ կապվում: Ինչ խոսք, նման եղանակին տանը պառկած գիրք կարդալն ավելի հաճելի է, քան թրքոտ ձնցեխի միջով գնալ անորոշ մի աշխատանքի: Մինչեւ հասանք, ցեխակոլոլ եղա:
Ամենից առաջ պատի մի մասը, երկու լուսամուտի արանք, քանդեցինք, որ տրակտորը մտնի: Վերեւը հեշտ էր, ներքեւում բետոն էր, անիծվածները այնպիսի պինդ բետոն էին թափել, կարծես չգիտեին, որ մի օր քանդվելու է: Վերջապես անցանք ներս: Առաջին փորձերից պարզ դարձավ, որ բահերով այդ կեղտը չենք մաքրի թեկուզ հինգ ամսում, սկսեցինք միջնորմները քանդել: Քարերը դուրս հանելու համար ինքնաթափ էին հատկացրել, քանդածն անմիջապես լցնում էինք թափքը: Աշխատում էինք ծանր փոշու եւ գարշահոտության մեջ: Ձանձրալի է չսիրած աշխատանքը, ես լավ գիտեի, թեպետ ամիսներ էի աշխատել ավարտելուց հետո, բայց սոսկ հոգեկան անբավարարվածություն է բերում, թեթեւ ու աննշմար մի բան, ինչպես վատ ախորժակը շոգին... Ի՞նչ անուն տալ այս աշխատանքին, երբ փոշին ղռռոցով հասնում էր թոքերիս, փակ աչքերով էի կռանում քար վերցնելու, որ չտեսնեմ ձեռքերիս կպչող աղտեղությունը...
- Աքսորեց մեզ բրիգադիրը,- ասաց Վարդանը,- նեղն էր ընկել, գտավ էս գործը, որ տակից դուրս գա, համ էլ ազատվեց մեզնից:
- Ինչ ես, է, ասում,-Հրանտն իբր թե առարկում էր:
- Բա ինչ, զուգարան մաքրողի աշխատանք ենք անում:
- Սկիզբը միշտ դժվար է լինում:
- Ես դժվարության մասին չեմ խոսում, սիրտս է խառնում զզվանքից:
Գնացինք ճաշարան: Կանանց համար անդուր տղամարդկանցից լինելով Վարդանը քսմսվում էր, հենց շփվում էինք նրանց հետ: Թուխիկ կին էր ճաշարանի վարիչը, սիրալիր ու պատրաստակամ, եւ ասաց Վարդանին, որ ամուսնացած է ինքը, թող գլուխ չցավեցնի:
- Չի ուզում քածը,- հայհոյելով նստեց Վարդանը:
Ճաշի համերգն սկսվեց: Հրանտը, գդալը դեռ տեղ չհասած, քաշում էր հեռվից, ծամածռում դեմքը, երբ հապճեպ կուլ տված ուտելիքը վառում էր ճամփաները, ու փչում էր ամեն գդալից հետո:
- Նորից եկավ,- ասաց Շուլան դուրս նայելով:
- Սիբիր է, է՜,- ձգեց Հրանտը,- մայիսին ձյուն է գալիս, ձմեռն ի՞նչ կանի...
- Էս կողմերում չե՞ս եղել...
- Նովոկուզնեցկում եմ եղել, նույն եղանակն է, բայց ձմեռըՙ չեմ իմանում, տանն եմ մնացել միշտ:
Հրանտն ու Վարդանը իրար հետ վերջացրին ու դուրս եկան: Շուլան ծամելով հետեւեց նրանց: Ստիպված ես էլ վեր կացա...
Նրանք սապոգներով էին, ես աշխատանքի մեջ հագնելու թեթեւ կոշիկներ էի բերել, որոնցով այդ ցեխին` կարծես ոչինչ հագած չլինեի:
Գյուղը ոլորված էր սարի հետ, գնացինք լանջով, որ շուտ հասնենք: Ձյունը թեք խփում էր շեշտակի:
- Ես սրա մերը,- սովորական հիշոցը գցեց Հրանտը,- վազենք, թե չէ կդաղի մեզ...
Ու անմիջապես վազեց: Հիսունհինգ տարեկան էր, խմող չէր, երբեք չէր ծխել եւ թեթեւաշարժ էր չնայած սպիտակ մազերին: Ճաշը կիսատ թողած մարդը, բնական է, հիվանդ մորեխի պես անտրամադիր կլինի, բայց ձյան տակ վազելն այնպիսի հաճույք է, որ տեղը լցրեց:
Գոմի մեջ սպասում էր ավտոն: Վարդանը ծխախոտ վառեց մի քանի րոպե հանգստանալու մտքով, Հրանտը ձեռնոցները հագնելով գործի կպավ:
- Մի հատ ծխենք,- բողոքեց Վարդանը,- չենք ծխել ուտելուց հետո:
- Դուք ծխեք... Ես, մեկ է, ծխող չեմ, կքանդեմ մի քիչ:
- Ոնց կլինի,- ասաց Վարդանն ու ծխախոտը բերանում սկսեց աշխատել:
Ես էլ մոտեցա պատին:
- Արա, հեռու գնա, այ տղա,- գոռաց Հրանտը:
Չհասկանալով, թե ինչու հեռու գնամ, բերանս բաց նայում էի նրան:
- Չես տեսնո՞ւմ, հիմի կփլվի, մյուս կողմից արի:
Բավական մեծ մի հատված գռռոցով իջավ ներքեւ, լավ է, չհասավ ինձ, այլապես Հրանտի լուտանքներից չէի ազատվի:
- Ի՞նչ ես դդցել մնացել,- բղավեց Հրանտը,- քիչ մնաց պատը վրեդ գար:
Ուսերս շարժեցի արհամարհանքով, իհարկե, ոչ Հրանտի, այլ պատի հասցեին:
- Զգույշ չես,- քիչ ցածրացրեց ձայնը, երբ բարձրացա նրա մոտ,- փորձանքը մեկ է գալիս, բեկ է գալիս:
Եթե այդպես, վախենալու պատճառ չունեի, փորձանքը վաղուց եկել էր, այն օրը, երբ Սաքոյին հանդիպեցի, որն ինձ Դելկինոյի խոզանոցներ հասցրեց... Ցուրտ, թաց եղանակին, ոտքերս ջրի մեջ, տաքություն չտվող շորերով, անդուր մարդկանց հետ, Վարդանը գռեհիկ, Հրանտը գոռգոռան, Շուլան գյուղավարի, քանդում էինք պատերը գյուղից կտրված գոմերում... Կյանք չկար այնտեղ, մի քանի կին, ծեր ձիապահներ, մի աղջիկ էր խոզերի բեղմնավորման բաժնում, տգեղ ու անտարբեր... աքսոր էր կամ հենց կալանավորի կյանք... Վեց ամիս այդպես ապրել... Իսկ ես արկածներ էի երազում, մեծ փոփոխություն, որը չէի գտել միլիոնանոց քաղաքում...
Ավտոն մինչեւ վեցը մնաց, Հրանտի համոզելն իզուր անցավ: Ուրախությունս վաղաժամ էր, շարունակեցինք աշխատել:
Մի պատ քանդելուց հետո ինձ ուղարկեցին խանութ: Հաց գնեցի, պահածոներ, որոնք շատ հին էին հավանաբար, ջոկեցի ժանգոտների միջից, եւ կարամել:
- Էս ինչ ես բերել,- դժգոհեց Վարդանը,- պանիր էլ չկա՞ր:
- Թեյ բերեիր գոնե,- ասաց Հրանտը,- կոնֆետով լավ կլիներ:
Այդ մեկը չէի մտածել, մեղավոր էի, բայց հին սեղանի դարակում հնդկական թեյի կիսատ տուփ գտանք:
Գունագեղ փաթաթանները փռեցին վառարանի մոտ: Հանեցի կոշիկներս, խղճալի տեսարան էր, ցեխաջուրը ամենավերջն էր թափանցել տպվելով մաշկիս վրա: Կեղտոտ գուլպաները ճամպրուկի անկյունը խոթեցի լվացքը հետաձգելով անորոշ ապագային:
Պահածո ուտող չեղավ, թեյ խմեցինք մի քանի բաժակ, իսկապես լավ էր կոնֆետով, չնայած կասկածելի թեյ էր փոշոտ դարակում հայտնաբերված:
Հյուրեր եկանՙ տանտերերը: Հյուրերը մենք էինք, բայց տհաճությամբ ընդունեցինք, որ ձիապահներն այդտեղ են գիշերելու: Մեկը սեղանի վրա տեղավորվեց, մյուսը` կարմիր ու գեր մի ծերուկ, Սաքոյի մահճակալին: Մոտ քսան անեկդոտ պատմեց մինչեւ քնելը, Հիտլերի մասին էր պատմում, ուշ հասկացա, թե ինչ նկատի ուներ այդ անվան տակ:
- Գիշերները Հիտլերը քեզ նեղություն չի՞ տալիս,- հռհռալով հարցրեց ինձ:
Չպատասխանեցի, որովհետեւ այս քանի շաբաթը սովորություն էր դարձելՙ ձայն չէի հանում մինչեւ ստիպված չլինեի:
- Հե՜յ ջահելություն,- թնդացրեց ամրակազմ ծերուկը,- հիսուն տարի առաջ քո տարիքին էի, ոնց անցավ կյանքը... Մորդ երեք հազարերորդ մոր մերը...
Պառկել էր մեջքի վրա, փորը տնկած, որը բարձրանում էր բլրաչափ, փնչալով ու ֆսֆսալով...
Հրանտն ու Վարդանը գործի դրեցին քթանցքերը, բարեբախտաբար ոչ ամբողջ կարողությամբ, իսկ ծերուկի խռմփոցից քամի էր առաջացել սենյակում:
Առավոտյան նրանք արթնացրին մեզ, հինգին վեր էին կացել:
- Չելնե՞նք,- զգույշ հարցրեց Հրանտը:
- Ցուրտ չլինի՞,- քրթմնջաց Վարդանը:
- Ցուրտ է, սառեցրել է գիշերը, բայց որ ելնենք, մինչեւ ավտոյի գալը մի պատ կքանդենք:
Աչքերս փակ լսում էի: Կես ժամ ավել, պակաս, ոչինչ չէր փոխի, հատկապես որ արթնացել էի արդեն, բայց այդ պահին ամենից շատ անկողնուց կտրվել չէի ուզում:
- Ելնենք,- որոշեց Հրանտը,- էս ամիս հուպ տանք:
Երկու զույգ գուլպա հագա, շորերիս քանակը նույնպես ավելացրի, բուկուռուցք էր սկսվում, ոտքերիս վիճակը նման մի բանի պիտի հանգեցներ:
Առավոտ շուտ փորձանքի եկա: Անզգուշորեն քայլեցի տախտակի վրայով առանց նայելու, որ բազմաթիվ մեխեր են դուրս եկել, սուր ցավի հետ տախտակի ծայրը բարձրացավ ոտքիս կպած:
- Մտա՞վ,- հարցրեց Շուլան:
- Ոնց որ...
Ներբանս տաքացավ, մեխի ժանգոտ լինելուց էի վախենում, ավելի զգալի վնաս կոշիկիս ծակն էր:
Մինչեւ նախաճաշ երկու պատ քանդեցինք, հետո անակնկալ շրջադարձ եղավ: Հրանտը գրասենյակ գնալիս, մեր մասնաճյուղի ղեկավարը նա էր, ստուգել էր սովխոզի պահեստները եւ պարզել, որ տախտակը կբավարարի միայն հատակի կեսին, մնացածն ինքներս էինք մշակելու, եթե այս տարի բերեին անտառից:
- Պարզ է,- ասաց Վարդանը,- աղտոտ գործերն անենք, հետո մի քանի կոպեկով ազատվեն մեզնից... Գնա, կանչի բրիգադիրիդ...
Սաքոն եկավ բեռնատարով: Խորհրդակցություն չեղավ: Գարաժի նախահաշիվը հաստատել էին, գյուղտեխնիկայում աշխատանքը ծով էր: Անհապաղ մեր ունեցվածքը լցրեցինք ավտոն ու առանց ղեկավարությանը տեղեկացնելու փախանք Դելկինոյից:
Հրանտը ենթադրում էր, որ ամենաքիչը վեց հազարով տուն կդառնանք: Վիթխարի շինություն էր գարաժը, վերջացնելու դեպքում մեզ հասնում էր վաթսունչորս հազար ռուբլի, չհաշված ընթացիկ հավելումները: Հազարներին, ինչ խոսք, դեմ չէի, բայց անսահման ուրախ էի խոզանոցից ազատվելու համար:
Ավտոն մտավ Դիվինո:
- Հասանք մեր գյուղը,- ասաց Վարդանը:
Իսկապես, Դիվինոն, որտեղ ընդամենը երկու շաբաթ էի ապրել, հարազատ թվաց:
4
Ես դեռ չէի պատկերացում խոպանի աշխատանքը: Դելկինոյում ուրիշ աշխատանք էր, դժվար թե դիմանայի: Դիվինո վերադառնալուց հետո նորից մի քանի պարապ օր անցկացրինք, մինչեւ, վերջապես, մայիսի տասնիննին էքսկավատորը փորեց գարաժի հիմքը: Մենք հավասարեցնում էինք միջի հողը, պարապ չմնալու համար: Երեկոյան կողմ դինոզավրի պես հռնդացնելով մի «Ուրալ» եկավ բեռնված:
- Ցեմենտը,- ցնծագին ասաց Սաքոն:
- Մե՞նք ենք թափելու,- միամտորեն հարցրեցի ես:
- Չէ, Չուլկինը,- ծաղրեց Վարդանը,- դու ու Շուլան գնացեք թափեք:
Ինձ` կարելի էր մի կերպ հասկանալ, բայց որ Շուլային էր կարգադրում, լկտիություն էր արդեն:
- Երկուսո՞վ թափենք,- հանգիստ հարցրեց Շուլան:
Վարդանը չպատասխանեց, բայց զգացվում էր, որ ցեմենտ թափելու գլուխ չունի: Եվս երկու մեքենա եկան նույն ձեւի բեռնված:
- Էս ինչքան են բերել,- ուրախացավ Հրանտը:
- Երկու վագոն տվել են,- ասաց Սաքոն,- ծովի պես հերիք է մեզ... Դե, տղերք ջան, շուտ արեք, որ մինչեւ մութն ընկնելը վերջացնենք:
- Դավիթ,- կանչեց Հրանտը խեթ նայելով Վարդանին, որը հետ ու առաջ էր անում:
- Մնա վաղը թափենք,- Սաքոյին դիմեց Վարդանը,- քամի է:
- Չէ, վաղը բետոնն ենք սկսում, ամեն րոպեն թանկ է արդեն:
- Երկու ավտո ավազ են բերել, բետո՞ն ես անում:
- Դու եղածը վերջացրու, նոր ինձնից ավազ կուզես:
Ես ու Շուլան մոտեցանք մի ավտոյի, որն արդեն կանգնել էր թափքի մոտ: Շուլան սապոգներով էր, համարձակ բարձրացավ, ես կոշիկներիս նայելով տատանվեցի, բայց ընտրություն չունեի, եւ որպեսզի այլեւս չզգուշանայի, հենց սկզբից թաղվեցի ցեմենտի մեջ, կամովին, համարելով խոպանային մկրտություն:
- Մի ցփնի, Արամ,- չվրդովվեց Շուլան, երբ իմ անհաջող նետումից լղոզվեցինք ցեմենտով, քամուն հակառակ էինք թափում,- բահդ ներքեւից տար, շատ ես վեր հանում:
Ինքը թափում էր մեծ կույտերով, արագ-արագ ու զգույշ, վարպետորեն խուսափելով քամու պոռթկումներից: Չէի ուզում նրանից հետ մնալ, իսկ դրա համար անհրաժեշտ էր բահը շարժել նրա պես թեթեւորեն, բանի տեղ չդնել ցեմենտի մոլեգնած պարսը, որը խեղդում էր մեզ ու փախչում արտերը: Կարծում էի, թե մեկ-մեկ դադար կտանք, բայց Շուլան շարունակում էր նույն հեւքով, ամենից շուտ թափեցինք, թեեւ մի տեղ երեքով էինք աշխատում (Սաքոն գրասենյակ էր գնացել): Մի քանի րոպե թքում ու խնչում էի խորքերից շաղախված կտորներ դուրս մղելով, մի բան էլ մնաց:
- Մազերդ կտրես լավ կլինի,- դիտողություն արեց Շուլան:
Համաձայն չէի, միշտ երկար մազ էի պահել եւ ուրիշ կերպ չէի պատկերացնում:
Անձրեւ սկսվեց, կիսատ-պռատ լվացվելով տուն ընկանք: Այդպես փոշոտ քնեցի: Կարծես նոր էի փակել աչքերս, վեր թռա Սաքոյի ձայնից:
- Պադ-յոմ,- բղավեց նա ու սկսեց արագ հագնվել:
Հինգ անց կես էր, Սաքոն այն հաշվով էր ձայն տվել, որ վեցին սկսենք աշխատանքը:
Խճճված, ցեմենտախեղդ մազերից գլուխս անկյունավոր էր դարձել, չհասցրեցի սանրվել, Սաքոն կանգնել էր դռան մոտ ու բանալին էր պտտում ցուցադրաբար: Միջանցքում Դավիթը, որը չափազանց շատ ժամանակ էր հատկացրել լվացվելուն, մեզ արդեն պատրաստ տեսնելով շտապ ներս գցվեց:
Ցուրտ էր, հավանաբար անձրեւ գար:
Վարդանը հին գարաժի հետեւից թիթեղի մի մեծ կտոր էր քաշելով բերում:
- Ինչի՞դ է պետք,- բղավեց Սաքոն:
- Սրա վրա խառնենք...
- Թող, պետք չէ... Ցեմենտ լցրեք ավազի վրա,- կարգադրեց մեզ ու գնաց ջրի ավտոն մոտեցնելու, որը հանձնված էր բրիգադին:
Ցեմենտը կրեցինք մեծ դույլերով ու սփռեցինք խճավազի վրա:
Սաքոն երկար փողրակի ծայրը բռնած բարձրացավ կույտերից մեկի գլխին:
- Հը, պատրա՞ստ եք,- մի ձեւի հանդիսավոր հարցրեց նա:
Ի պատասխան բահերը ժնգժնգացին քարերին խփվելով:
- Գնացինք,- հրահանգեց Սաքոն ու բացեց ջուրը:
Սկսվեց:
Մենք ցեմենտոտ խճավազը ջրի տակ ուղղակի լցնում էինք փոսը: Երբ չոր-չոր էր թափվում, Սաքոն ջուրը ներքեւ էր պահում:
- Ոչինչ, ներքեւում կխառնվի,- ասաց նա, երբ Վարդանը թերահավատություն հայտնեց,- դուք միայն ցեմենտը շատ արեք:
Երկու հոգի շարունակ ցեմենտ էին բերում, Սաքոն ջուրն էր պահում երբեմն ոգեւորելով մեզ գոչյուններով, իսկ մենք հրում էինք, հա հրում... Խոշոր, քարքարոտ խճավազ էր, որի մեջ բահը դժվարությամբ էր աշխատում: Սկզբում հեշտ էր, անմիջապես հրում էինք հիմքի մեջ, հետո կրկնակի աշխատանք էինք անում մոտեցնելով հետեւից: Այդ երկու կույտը մի շնչով լցրեցինք: Սաքոն մի վայրկյան իսկ չփակեց ջուրըՙ ստիպելով մեզ աշխատել անընդմեջ:
- Ավազը վերջացավ,- ասաց Վարդանը, երբ կույտերից թաց հիշատակ էր մնացել:
Սաքոն նայեց ժամացույցին,- գնացեք ճաշարան, մինչեւ վերադառնաք, ավտոները կգան:
Նախաճաշից հետո հանգստանալու ժամանակ չեղավ: Չուլկինը վեց ինքնաթափ տվել էր մեզ, Սաքոն էր գետափ գնացել, որպեսզի մանր խճավազ ուղարկի, եւ բերում էին անընդհատ: Այլեւս պարապուրդի հույս չկար, ինչ որ պետք էր, ունեինք գրեթե անսպառ պաշարով, ցեմենտ, ավազ ու ջուր, թերեւս միայն եղանակը հանգստի պահեր ստեղծեր:
Բետոնի վրա հինգով մնացինք, երկու հոգիՙ Վարդանն ու Գրիգորը, քարհանք գնացին:
Միանգամից մի քանի կույտի վրա ցեմենտ էինք լցնում, հանգստանում սիգարետի տեւողության չափ, ապա առանց դադարի վերացնում ցեմենտոտ ավազը: Ջրի փողրակը մեզ ոգեւորելու պարտականության հետ Հրանտն էր ստանձնել:
- Հուպ տվեք,- գոռում էր ցեմենտախառն ավազը սապոգներով հրելով վերեւից,- ջուրը փախավ, ջուրը... դեմն առեք...
Արագություն, արագություն` հիմնական պահանջը: Որակին ու հոգնությանը ուշադրություն դարձնող չկար: Մինչեւ ամսվա վերջ մեկուկես շաբաթ էր մնացել, իսկ մենք նոր սկսում էինք: Չէի հավատա, թե հնարավոր է այդպես աշխատել: Ձեռքերս իսկույն բշտեցին, բահի կոթը ամուր սեղմելուց մատներս դժվարությամբ էին բացվում: Շշմել էի պոռթկուն, կատաղի սկզբից... Պարապ օրերից հետո վրա էինք ընկել բետոնին գայլերի պես, որոնք մսի պաշար են տեսել: Անսովոր էի, կարելի է ասել` փափկամարմին, բայց արտակարգ լարում պահանջող աշխատանք էր, խթանում էր ծանրորդի ճիգի նման եւ ստիպում հավաքել բոլոր թաքնված ուժերը: Հոգնելու ժամանակ չկար, անընդհատ հետ շպրտվելով հոգնությունը գալու էր գիշերը, իսկ այժմ ոգեւորությունն էր համակել: Սկսած այն օրից, երբ որոշեցի խոպան գալ, վախենում էի, որ գուցե չկարողանամ աշխատել: Հյուրանոցի երեկոն, որը մեր անդրանիկ նիստն էր, եւ հյուրախաղը Դելկինոյում սաստկացրին մտահոգությունս: Եվ ահա առաջին օրը ցույց տվեց, որ մյուսներից վատ չեմ աշխատում: Երբեմն բահը քարի էր դեմ առնում կամ դատարկ էր շարժվում, երբեմն այնտեղ չէի մտցնում, որտեղ պետք էր, ցեխ էի թռցնում ընկերներիս վրա, բայց հանկարծ իզուր ու զարմանալի թվաց նախկին վախը: Ֆիզիկական աշխատանքով համարյա չէի զբաղվել, տնամերձը չհաշված, բայց ջահել էի, առողջ, գյուղական մանկությամբ հաստացրած ոսկորներով: Եվ վերջապես, եթե աշխատանքը պարզ է, հատուկ ընդունակություններ չպահանջողՙ շնորհիվ կողքի մարդկանց, եւ սեփական ցանկությունը ենթարկվում է պարտավորությանը, նույնիսկ ծույլը եռանդուն կդառնա:
Հրանտը լավ կոթեր էր սարքել, կեչու փայտից, ճկուն ու ամուր, նույնիսկ ըստ հասակի: Դավիթը խնդրել էր, որ իր բահը երկար լինի, իսկ Գրիգորին հասավ ամենակարճը, որը կտրել էր ոստի պատճառով: Շուլան հատիչով ու մուրճով ձեւավորեց բահերը, որոնք դարձան սրաքիթ, դյուրաշարժ ու կարծես իրենք իրենց մտնում էին ավազի մեջ: Նրանց տարողությունը փոքրացավ, որը անհապաղ նշեց Հրանտը, բայց աշխատելն անհամեմատ հեշտ էր, եւ մենք շտապեցինք արտահայտվել, ըստ որում ոչ այնքան համեստորեն:
- Դե լավ, ինչ եք ճղում ձեզ,- արժանապատվորեն նահանջեց Հրանտը:
- Ո՜ւխ,- ոգեւորված գոռաց Դավիթը, երբ բահը կոթի հետ մտավ ավազի մեջ,- ֆսսալով գնաց,- երեխայի պես ասաց նա:
- Կջարդես, արա...
Հրանտի խոսքը բերանում մնաց, կոթը ճայթյունով երկու կես եղավ, Դավիթը խեղճ-խեղճ Հրանտին նայեց:
- Փտած էր,- ասաց:
- Գլուխդ է փտած,- պոռթկաց Հրանտը,- պոչից ես բռնում ու ոտքիդ դեմ տալիս...
Քարհանք գործուղվածները եկան, ճաշարան գնացինք:
- Սաքոն ուր է, չերեւաց,- ասաց Հրանտը,- առավոտ էլ հաց չկերավ:
- Սոված չի մնա, մի վախենա,- Վարդանն ասաց հեգնանքով:
Շատ մարդ կար ճաշարանում, նրանք դրսում սպասեցին, ես հերթ պահեցի:
- Սերգեյը չի՞ եկել,- հարցրեց Լիզան,- ասա նրան, որ ձեզ այլեւս չենք կերակրելու: Բողոքել են սովխոզի աշխատողները:
- Ինչո՞ւ են բողոքել,- զարմացա ես:
- Ճաշարանը սովխոզի աշխատողներին է սպասարկում, իսկ դուք շատ եք...
- Գոնե այսօր տվեք...
- Թեկուզ ամեն օր,- ժպտաց նա,- եթե ինձնից կախված լինի... Հետ չեմ դարձնի իհարկե...
Քանի որ վերջին օրն էր, կրկնակի վերցրի:
- Հազիվ մի խելացու տեսանք,- գոհ ասաց Շուլան ծանրաբեռնված ափսեները տեսնելով:
Հայտնեցի նորությունը:
- Ճիշտ է, էլի,- իր բնավորությանը հավատարիմ մնաց Հրանտը,- չորս սեղան ունի ճաշարանը, երկուսը մենք ենք զբաղեցնում, իրե՛նք որտեղ նստեն:
Ուտելիքը մի անգամվա համար շատ էր, բայց բետոնը աչքի առաջ ունենալով սեղմեցինք մինչեւ վերջ: Գրիգորն էր քչակեր, ախորժակից գանգատվող ուրիշ մարդ չկար:
Ճաշարանի մոտ «Բելուխա» խանութն էր, համանուն խանութ նաեւ Դելկինոյում կար, պարենային-արդյունաբերական: Մտանք ընթրիքի համար հոգալու եւ դուրս եկանք սեւ բերետներով:
- «Սեւ բերետների բրիգադը»,- հանդիսավոր ասացի ես, ապա ցածր, որ Հրանտը չլսի, ավելացրի,- պարագլուխն է Ճղճղ վարպետը...
- Պարագլուխը ձեր գյուղացի կուզիկ Սաքոն է,- անակնկալի բերեց ինձ Հրանտը:
- Բայց ինչ գիտեիր, որ Ճղճղը դու ես,- խնդաց Շուլան:
Հրանտը կարկամեց:
- Անունդ գտար,- քրքջաց Շուլան,- ինչքան կուզես ճղի քեզ:
- Արա՞մ,- սպառնաց Հրանտը,- կաշիդ կքերթեմ...
- Ես ինչ անեմ, վարպետ ջան, իրենք շուռ տվին...
- Ջան էլ ասում ես, հա՞, անամոթ...
Հրանտը քար վերցրեց, ես փախա, նա ընկավ հետեւիցս, մյուսները նույնպես վազեցին, բացի, հասկանալի է, Վարդանից:
- Արի այստեղ,- կանչեց ցանկապատին հենված մի կին, որը ծիծաղելով մեզ էր նայում:
Կողմնորոշվելու ժամանակ չկար, շարունակեցի վազել:
- Մեկ է, ձեռս կընկնես,- բղավեց Հրանտը կանգնելով,- բետոնի մեջ եմ գցելու քեզ:
Իրականացավ, բայց ոչ Հրանտի մասնակցությամբ: Շատ էի կերել ըստ երեւույթին, նոր անցել էինք աշխատանքի, հիմքի եզրը փլվեց ներքեւ տանելով ինձ, մինչեւ ծնկներս թաղվեցի բետոնի մեջ:
- Արդարություն կա,- ծիծաղեց Հրանտը:
- Չէ,- ասաց Շուլան,- չար լեզու կա, որ խոզի մսից ծանր է:
- Ձենդ կտրի,- Հրանտը փողրակի բերանը սեղմելով ջուր ցայտեցրեց Շուլայի վրա,- ինձ պես անմեղ մարդ չկա...
Նրա միամիտ ինքնագովասանքը քրքիջով ընդունվեց:
Հրանտը ուրախանալուն դեմ չէր, պայմանով, որ չխանգարի աշխատանքին:
- Գործ արեք,- բղավեց նա,- օրը կես եղավ, առաջ չենք գնացել...
Մի երկար պատը շուտով կես կանեինք, ճաշից առաջ ինքն ասաց, որ շատ լավ ենք սկսել, պարզապես խթանելու առիթը բաց չէր թողնում:
Փոփոխություն էր կատարվել մեր կազմում: Վարդանն ասաց, որ թող ուրիշը գա Գրիգորի փոխարեն, կարճ է, դժվարությամբ է բարձում ծանր քարերը: Դավիթն էր ուզում գնալ, նեղվում էր քայլելուց, ցեմենտ կրելը ակներեւորեն նրա սրտով չէր, վարորդը չթողեցՙ պատճառաբանելով, թե խցիկում չեն տեղավորվի: Վարդանի հետ քարի գնաց Ռազմիկը, իսկ Գրիգորին ջուրը տվեցինք, չափազանց հեշտ աշխատանք: Գրիգորը Սաքոյի հորեղբոր տղան էր, դրա համար էին այդպես հոգատարությամբ վերաբերվում նրան: Մյուսներն էլ բարեկամական կամ ինչ-ինչ կապեր ունեին Սաքոյի հետ, ես ու Դավիթն էինք խորթ, ավելի ճիշտՙ միայն Դավիթը, որովհետեւ ես ու Սաքոն նույն գյուղից էինք... նա շուտ էր տեղափոխվել Երեւան:
Դավիթը զույգ դույլով անընդհատ ցեմենտ էր կրում: Մի կույտը վերջացրած մյուսի վրա ցեմենտն արդեն պատրաստ էր: Գրիգորը, ռետինե սապոգները հագը, մինչեւ ծնկներն իջնող մեծ բամբակաբաճկոնով, որը նրան թափառաշրջիկի տեսք էր տալիս, քաշելով տանում էր ցեխոտ փողրակը, եւ մենք առանց հապաղելու գործի էինք դնում բահերը: Մատներս ցավում էին, տնքում էր մեջքս բահի աշխատանքին անսովոր, բայց հոգնություն դեռ չէի զգում: Կերածի համն էր մխացնումՙ վերջից սկսվող հերթականությամբ տեղեկացնելով մարսողության ընթացքի մասին:
Հանգստացանք, առաջին հանգիստն էր ճաշից հետո: Ծխողները շտապ սիգարետ վառեցին, որ հասցնեն հանգիստ ծխել:
Առավոտից դարան մտած անձրեւը ազատեց Հրանտին մեզ վեր կացնելու պարտականությունից:
- Էս անձրեւը կտրվող չէ,- ասաց Շուլան:
- Անձրեւ է, թող գա, շաքար չենք, հալվենք...
Դավիթը, որ հույսով կանգնել էր Շուլայի խոսքերը լսելիս, դույլերը ջղայնացած թափահարեց ու դանդաղ գնաց ծանր բեռնատարի պես թսսացնելով: Դելկինոյի ձյունը ողջամտության դաս էր տվել ինձ, անտարբեր աշխատում էի, իբր անձրեւն ամենեւին նշանակություն չունի: Մի ժամի չափ մղմղացրեց մանր անձրեւը աննկատելիորեն թրջելով մեզ եւ ի վերջո տեսնելով, որ մենք ավելի պնդերես ենք, անտեղի հաչոցից ձանձրացած շան պես քաշվեց բույնը: Բայց երկնքում ոչ մի բաց տեղ չկար: Բետոնագույն, թթված զանգվածը, քննություն ընդունող դասախոսի պես նոթոտ, ծանրորեն կախվել էր ներքեւ, ինչպես ինքնաթափի շուռ տված թափք:
- Մեկ էլ որ բռնեց, չի կտրվի,- ասաց Շուլան վերեւ նայելով:
Ես ու Շուլան երկու կողմն էինք կանգնում, Հրանտը կույտի վրայից բահի հետեւով խճավազը մոտեցնում էր մեզ:
- Քչվոր ենք բետոնի վրա,- Հրանտն ասաց,- երեք բահ է աշխատում ընդամենը. թուլացրու ջուրը, լրիվ ցեմենտը տարավ...
Շուլան հանկարծ բահը գցեց ու վազելով գնաց:
- Ի՞նչ եղավ,- բղավեց Հրանտը,- լո՞ւծ ես ընկել...
- Բուլդոզերին է մոտենում,- ասացի:
Շուլան վերադառնալով ասաց,- տրակտորիստի հետ խոսեցի, բերանի ավազը լցնելով գնանք առաջ, հետո ինքը հետեւից կմոտեցնի:
- Ճիշտ է,- անմիջապես համաձայնեց Հրանտը, թքեց ձեռքերի մեջ, որ բահը պինդ բռնի, ու ձայն տվեց Դավթին,- հերիք բերես... Արի եղածը վերջացնենք, հետո տեսնենք...
Դավիթը մնացած բահերից ջոկեց մեկն ու միացավ մեզ: Ուժ ուներ ինչքան ասես, բայց ոչ մի կերպ չէր հարմարվում բահի աշխատանքին: Այդ բահն էլ հավանաբար դուր չեկավ նրան, աչքը գցեց ձեռքիս բահին:
- Բեր փոխենք,- ասաց,- քոնը երկար է մի քիչ...
- Երկար ես ուզում, որ էլի ջարդե՞ս... Չտաս, Արամ,- ճվճվաց Հրանտը:
Դավիթը սրդողած նայեց նրան: Արդեն մտածում էի, որ այդ երկուսի ջուրը մի առվով չգնաց, ինչպես եւ` Շուլայի ու Վարդանի: Հրանտը դյուրաբորբոք էր, պարզախոս, եւ եթե մի բան դուր չգար նրան, կարտահայտվեր անհապաղ, իսկ Դավիթը խռովկան էր:
- Չուլկինն է գալիս,- զգուշացրեց Հրանտը,- ուշադիր կլինեք:
Չուլկինը մոտեցավ նկատելի ուրախացած, որ այդքան լցրել ենք,- գործը գնո՞ւմ է,- խրոխտաձայն հարցրեց նա որպես ղեկավար, որը յուրաքանչյուր հաջողություն իր շնորհքն է համարում:
Հրանտն այդ հարցին պատասխանեց ուսերի շարժումով, այսինքն թե գործն ինչ է, որ չգնա:
- Սերգեյն ո՞ւր է,- հարցրեց Չուլկինը:
- Գետափ է գնացել...
Չուլկինը մի քանի րոպե հետեւեց մեր աշխատանքին, իսկ մենք խառնում էինք բետոնը ցուցադրական բծախնդրությամբ:
- Ինչի՞ կարիք ունեք,- հարցրեց Չուլկինը:
- Մեր կարիքները բրիգադիրը կասի,- պատասխանեց Հրանտը:
- Ճիշտ է,- գլխով արեց Չուլկինը,- ինչքա՞ն ցեմենտ եք նախատեսել հիմքի համար:
Հրանտը հապաղեց բահին հենվելով,- չորս ու մեկ, երեք ու մեկ խառնում ենք... Տասը տոննա երեւի...
- Ցեմենտը չխնայեք,- ձեռքը թափ տվեց Չուլկինը,- թող ամուր լինի... Շուտով բետոնխառնիչ կբերեմ,- խոստացավ նա,- քիչ համբերեք...
- Տասը տոննա,- նրա գնալուց հետո ասաց Դավիթը թթված, հավանաբար մտածելով, որ այդքանն ինքն է կրելու,- ինչքան էլ պատերի համար...
- Բա ոնց,- վրա բերեց Հրանտը,- ասում է, ցեմենտը մի խնայեք, մեզնից ի՞նչ է գնում, հա էլ կլցնենք...
Վարդանն ու Ռազմիկը եկան, եկավ նաեւ Սաքոն: Սպասում էինք, որ գոհ կմնա մեր աշխատանքից, իսկ նա զարմացած ասաց.
- Մի կողմն էլ չեք պրծե՞լ...
Հրանտը շշմած նայեց նրան:
- Բա դուք հինգ հոգով ամբողջ օրը ի՞նչ եք արել... չհաշված, որ առավոտյան բրիգադով ենք աշխատել...
- Առավոտյա՞ն,- զարմացա ես,- երեկ էինք բրիգադով աշխատում:
Հրանտի ոչ մի հայհոյանք այդպիսի ծիծաղ չէր առաջացրել, նույնիսկ Սաքոն մասնակցեց:
- Դե լավ,- ասաց Սաքոն չուզենալով առաջին օրը որեւէ մեկին նեղացնել,- հանեց բաճկոնը, քշտեց թեւքերը եւ բահ վերցնելով մոտեցավ ցեմենտոտ կույտին,- ջուրն ո՞վ է պահում...
Գրիգորը փողրակը ձեռքին մոտեցավ:
- Չեղավ... Քո տեղը վերեւն է, ել... Ջուր բռնել գիտե՞ս... Բաց, լրիվ բաց... Վրա տվեք,- կոչեց Սաքոն:
Հորդայի պես թափվեցինք այդ խեղճ կույտի վրա, յոթ բահեր միանգամից քրքրում էին ավազը, խփվելով իրար, գռգռացնելով ճալաքարերի մեջ...
- Էս ի՞նչ է, որ դիմանա մեզ,- գոչեց Սաքոն ավյունով ու բետոնի մի զանգված թափեց ներքեւ...
Իհարկե, հեշտ էր նրա համար մի կարճ ժամանակ աշխատել այդպես, գետափին ու էլի ինչ-որ տեղերում ման գալուց հետո, իսկ մենք առավոտից քրտինքի մեջ էինք: Այնուամենայնիվ ջանում էինք հետ չմնալ, իսկ դա նշանակում էր աշխատել աներեւակայելի արագությամբ, որը այդ պարզ գործողությունը` բետոնը բահով հրել ներքեւ, վերածում էր վերջ չունեցող արգելավազքի... Մինչեւ վերջապես մութն ընկավ, եւ նժնժացող անձրեւի տակ անլվա, հոգնաքայլ եկանք տուն:
Շարունակությունըՙ մայիսի 11-ին