«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2007-05-03 | #82, 2007-05-04 | #83, 2007-05-05


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ

Մինչդեռ Ալիեւը ցուցաբերում է մոռացկոտության դրսեւորումներ

«Մենք ավելի քան 10 տարի վարում ենք խաղաղ բանակցություններ եւ մտահոգված ենք դրանց անարդյունավետությամբ: Մենք կողմ ենք խաղաղ բանակցությունների, բայց յուրաքանչյուր պահի պետք է պատրաստ լինենք ազատելու հողերը ռազմաուժային ճանապարհով», թերեւս ինքնամոռացման յուրօրինակ պահի հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Մեկնաբանում եմ որպես ինքնամոռացման պահ, քանի որ Ալիեւ կրտսերը, թերեւս, խնդիր ունի հիշողության այն պարզ պատճառով, որ բազմիցս արված ռազմաուժային ճանապարհով հարց լուծելու տարբերակի անընդունելիության հայտարարությունները չեն ֆիքսվել ոչ միայն Իլհամի համար, այլեւ նրա համապատասխան ծառայություններում:

Ադրբեջանական լրատվամիջոցները վկայում են, որ Ադրբեջանի նախագահն ընդգծել է «ամրապնդվող ադրբեջանական բանակի եւ երկրի 1 միլիարդանոց ռազմական բյուջեի» հանգամանքը: «Մենք գնել ենք մեծ քանակությամբ զենք եւ խախտել ռազմական հավասարակշռությունը մեր օգտին», հայտարարել է Ալիեւը: Եթե հավատալու լինենք ադրբեջանական լրատվամիջոցների օբյեկտիվությանն ու Ալիեւի ողջամտությանը, ապա ստացվում է, որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե ընդհանուր պայմանավորվածություն կա «ադրբեջանական բոլոր յոթ շրջանների վերադարձի մասին»:

Ալիեւյան ելույթում որպես երկրորդ սկզբունքային պահ նշվել է փախստականների վերադարձի խնդիրը, որից հետո միայն «կարող է քննարկվել Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը, եւ այն պետք է որոշվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Պարզվում է, Ադրբեջանը նաեւ այնքան «բարեհոգի» է, որ դեմ չէ հակամարտության գոտում խաղաղապահների ժամանակավոր հետղակայմանն, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հաղորդակցության համար Լաչինի միջանցքի օգտագործմանը:

Սեփական «բերանբացությունն» Ալիեւը պատճառաբանել է հայկական կողմի բերանբացությամբ, մինչդեռ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ հերքել է Ալիեւ կրտսերի պնդումը, թե Հայաստանը համաձայնել է հանձնել յոթ շրջանները: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայկական կողմի սկզբունքները չեն փոխվել: «Ես չգիտեմ, թե ինչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի նախագահի հայտարարությունները», նշել է Հայաստանի վարչապետը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4