«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2007-05-03 | #82, 2007-05-04 | #83, 2007-05-05


ՄԱՅԻՍԻ 6-ԻՆ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԿՐԿՆՎՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԻ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

Մայիսի 6-ին Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է: Վերջին հարցախույզներով ընտրողների 54,5 տոկոսն աջակցում է թեկնածուներից Նիկոլաս Սարկոզիին, իսկ 45,5 տոկոսըՙ Սեգոլեն Ռուայալին: Նույն օրը Թուրքիայի ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում կրկնվելու է նախագահական ընտրությունների առաջին փուլի քվեարկությունըՙ պայմանավորված Սահմանադրական դատարանի որոշմամբ, որը պատճառաբանելով, թե քվեարկությանը չի մասնակցել 367 պատգամավոր, անվավեր էր ճանաչել առաջին փուլի արդյունքները, որտեղ Աբդուլլահ Գյուլն ստացել էր 357 ձայն:

Ընտրությունների երկրորդ փուլը նշանակված է մայիսի 9-ին, երրորդըՙ 12-ին, չորրորդըՙ 15-ին, քվեարկությանը առնվազն 367 պատգամավորի մասնակցության պայմանով: Ի դեպ, Թուրգութ Օզալը նախագահ ընտրվելիս Մեջլիսում ստացել էր պատգամավորների ընդհանուր ձայների 54 տոկոսը, Սուլեյման Դեմիրելըՙ 57, իսկ գործող նախագահ Սեզերըՙ ընդամենը 60 տոկոսը: Մինչդեռ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը 352 պատգամավորով 550 տեղանոց Մեջլիսում զբաղեցնում է պատգամավորական տեղերի 64 տոկոսը, իսկ Սահմանադրական դատարանի չեղյալ հայտարարած առաջին փուլում Աբդուլլահ Գյուլն ստացել էր պատգամավորների ընդհանուր թվի 64,9 տոկոսի ձայնը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4