«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2007-05-03 | #82, 2007-05-04 | #83, 2007-05-05


ՆԱԽԱԳԱՀԸ ՇԵՂՈՒՄ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆԻՑ

Մեր երկրի նախագահն էլ է հոգնել իր իսկ որակմամբ հանգիստ ընթացող նախընտրական արշավից կամ էլ պարզապես չի ուզում հետ մնալ մյուս քաղաքական գործիչներից: Հրապարակայնացնում է երկրում նախընտրական արշավներին զուգահեռ ընթացող աշխատանքներըՙ իր ներկայությամբ պատվելով այն վայրերը, ուր ի շահ հասարակության աշխատանք է ընթանում: Երեկ Ռոբերտ Քոչարյանը այցելեց Երեւանի երկու դպրոցՙ թիվ 125 եւ թիվ 80, որոնք նորոգվում ու կառուցվում են, եղավ մայրաքաղաքի կենտրոնը երթեւեկությունից բեռնաթափելու գործին մեծապես նպաստելիք մայրուղու երկրորդ տեղամասում: Շինհրապարակներում պատասխանատուների հետ զրուցելուց եւ կատարված աշխատանքը տեսնելուց հետո Ռոբերտ Քոչարյանը գոհունակություն հայտնեց եւ փաստեց, որ այցելությունների նպատակը միայն տեղեկանալը չէր. «Մտածեցի ընտրություններից մի քիչ ուշադրությունը շեղել եւ ցույց տալ, որ նաեւ շատ լավ բաներ են կատարվում»:

Դպրոցներ անվտանգ ու նոր շենքերում

Մայրաքաղաքի թիվ 125 եւ թիվ 80 դպրոցների աշակերտությունը ուսում է առնում ոչ սեփական դպրոցների շենքերումՙ դրանք ի թիվս 10 դպրոցների «Լինսիի» դպրոցաշինության եւ նորոգման ծրագրով գտնվում են շինարարական գործընթացում: Նախատեսված է աշխատանքներն ավարտել եկող տարվա մայիսին, բայց շինարարները հանձն են առել ժամկետից շուտՙ 2007-ի նոյեմբերին հանձնել օբյեկտները, ընդ որում ոչ ի վնաս որակի: 1953 եւ 1967 թվականներին կառուցված թիվ 80 եւ թիվ 125 նախկինում վթարային դպրոցներն այս աշնանը կդառնան ամրացված, ընդլայնված ու ժամանակակից կահավորում ունեցող կառույցներ, որոնցում կսովորի համապատասխանաբար 720 եւ 820 աշակերտ: Նրանք կունենան նաեւ մարզվելու համար անհրաժեշտ բոլորՙ ներառյալ ցնցուղ ընդունելու պայմաններ, հոգ է տարվելու նաեւ դպրոցների բակերի կանաչապատման ուղղությամբ: Ողջը իրողություն կդառնա թիվ 125 դպրոցին տրամադրած 3.5 մլն դոլար եւ թիվ 80 դպրոցինՙ 474 մլն 524 հզ 148 դրամի շնորհիվ:

Կորյունից Կոմիտաս 5-6 րոպեումՙ թունելով

4 մլրդ 5 հարյուր մլն դրամի ճիշտ ծախսման շնորհիվ ոչ հեռու ապագայում մեծապես թեթեւանալու է երթեւեկությունը մայրաքաղաքի կենտրոնում, քանի որ գործելու է նոր մայրուղի: Այն Հերացու փողոցը կապելու է Ավետիսյան փողոցինՙ անցնելով Ազատության պողոտայի տակով: Մայրուղու տարբեր մասերում աշխատանքները տարբեր փուլերում են գտնվում, քանի որ նախագծում փոփոխություններ, նորամուծություններ են կատարվել եւ մի տեղամասում խնայված 400 մլն դրամը հնարավոր է դարձրել Հերացու փողոցի հատվածում թունելի կառուցումը, որը մեկնարկելու է օրերս: Արդեն իսկ կատարվող աշխատանքների մեկնարկը 2006 թվականի հոկտեմբերին է եղել, ավարտը նախատեսված է 2008 թվականի օգոստոսին, բայց շինարարները այստեղ էլ ծրագրել են հանձնել այս տարվա նոյեմբերինՙ շինարարական աշխատանքների առաջին եւ երկրորդ փուլերի ավարտին ճանապարհն ավարտուն տեսք կունենա: Այդ թվում եւ երկրորդ տեղամասը, որտեղ միանում են Սարալանջ փողոցն ու նոր մայրուղին, որ տրանսպորտային մեծ հանգույց է եւ, որտեղ մեծ ծավալի հողային աշխատանքներ եւ կամուրջների շինարարական աշխատանքներ են կատարվում: Համանման է Հերացու փողոցի տեղամասի տրանսպորտային հանգույցը, որը պետք է ավարտեն 2008 թվականի ապրիլ-մայիս ամիսներին: Բայց սա արդեն մայրուղու կառուցման 3-րդ փուլն է, որը ներառում է 170 գծամետր թունելի կառուցում եւ նույն տեղամասի նախկին երկաթուղային կամրջի վերակառուցում որպես կամուրջ: Մայրուղու գործարկումը ոչ միայն կթեթեւացնի երթեւեկությունը Երեւանի կենտրոնում, այլեւ ժամանակի մեծ խնայողության հնարավորություն կընձեռի. Կորյունի փողոցից Կոմիտասի փողոց հասնելու ենք 5-6 րոպեումՙ շնորհիվ մայրուղու թունելային հատվածի:

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4