«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2007-05-03 | #82, 2007-05-04 | #83, 2007-05-05


«ՄԵՆՔ ԴՈՒՐՍ ԵՆՔ ԳԱԼՈՒ ՓՈՂՈՑ ՈՒ ՀՐԱՊԱՐԱԿ»

«Իմպիչմենտը»` իբրեւ հասարակական պահանջարկ

Երեկ քաղաքական եռյակ դաշինքը` «Իմպիչմենտը» ներկայացնող Նիկոլ Փաշինյան, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյան, «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյան կազմով, կրկին մարտական տրամադրվածություն ուներ: Այդ ոգով էր եւ ՀՀ քաղաքացիներին ուղղված ուղերձը, որն ընթերցեց Վահագն Խաչատրյանը (Երեւանի նախկին քաղաքապետ):

Ծրագրային ու աշխարհայացքային տարբեր մեկնակետերով կուսակցություններին, ըստ հայտարարության, միավորում է համոզմունքը, թե «ապօրինի իշխանությունը նույնքան վտանգավոր է ու մերժելի, որքան օտար բռնապետությունը», եւ ժողովրդին կարող է հասցնել մինչեւ կործանում: «Հանրապետություն» կուսակցությունը, «Նոր ժամանակները» եւ «Իմպիչմենտ» դաշինքը մայիսի 12-ի ընտրություններին մասնակցում են ՀՀ նախագահի պաշտոնն ապօրինի զբաղեցնող Ռ. Քոչարյանի եւ նրա վարչախմբի հեռացման նպատակով»:

Նախընտրական իրենց այցելությունների ժամանակ քաղաքական 3 միավորները հավատացել են, որ ընտրողները համակրում են իրենց, եւ իրենք համարժեք աջակցություն կստանան նաեւ ընտրությունների ժամանակ: Եվ եթե «չխեղաթյուրվեն ու գլխիվայր չշրջվեն ընտրությունների արդյունքները, բացառվում է, որ 3 ուժերը միասին չունենան «իմպիչմենտի» գործընթացն առնվազն սկսելու համար անհրաժեշտ ձայներ»:

Արամ Զ. Սարգսյանը աստվածաշնչյան պատվիրանների տրամաբանությունը փորձեց համատեղել նախընտրական իրականության հետ եւ իշխանություններին խորհուրդ տվեց. «Մի խախտեք, մի կեղծեք, մի շնացեք, մի գողացեք ձայները, իսկ եթե գողանաք, մենք ոտքի ենք կանգնելու եւ հրապարակային գործողությամբ ու փողոցներում պայքարելու ենք ձեր դեմ»:

3 քաղաքական ուժերի ընտրողները, ըստ Նիկոլ Փաշինյանի, հասարակության լիովին տարբեր շերտեր են ներկայացնում, բայց անկայուն չեն եւ հստակ գիտենՙ ում են ընտրելու: Այսինքն, ձայների փոշիացման վտանգն այնքան էլ սարսափելի չէ, ինչպես թվում է: Այսինքն, եթե նույնիսկ քաղաքական 3 ուժերից 2-ը դուրս գա` մեկնումեկի համար խորհրդարան մտնելու ավելի իրական հիմքեր ապահովելու, միեւնույն է, ընտրողների մյուս 2 շերտերը չեն գնա քվեարկելու եռյակից մնացած այդ մեկի օգտին:

Իսկ եթե 3-ից մեկին կամ նույնիսկ 3-ին էլ հաջողվի մտնել խորհրդարան, նրանց առաջին եւ միակ խնդիրը լինելու է նախագահի հրաժարականի պահանջը եւ «Իմպիչմենտը» օրակարգի հարց դարձնելը: «Եթե այդ հարցը չի լուծվում, մանդատները դնում են, դուրս են գալիս փողոց»:

Ինչու այսքան համոզված են, որ հասարակությունն աջակցելու է իրենց:

«Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին այնքան բացասական բեռ է ծանրացել Հայաստանի վրա, որ առանց թոթափելու շատ դժվար կլինի հասնել այնպիսի քաղաքական իրավիճակի, որը ցանկանում է Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը»... «Իմպիչմենտն» այսօր առավել քան 90 տոկոս հասարակական պահանջարկ ունի, խոսքը վերաբերում է ոչ թե դաշինքին, այլ քաղաքական խնդրին», ողջ ընթացքում շեշտադրում էր Նիկոլ Փաշինյանը: Դա նշանակում է, որ իրենց նպատակը ոչ միայն «ղարաբաղյան կլանի», այլեւ այդ իշխանության ծանր հետեւանք անձերի ու իրողությունների վերացումն է: Միայն թե իմպիչմենտն այդ բովանդակությամբ ու նշանակությամբ հազիվ թե հասցրել է ընկալել շարքային ընտրողը:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4