Վանաձորի թիվ 30 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Վիկտոր Դալլաքյանը դիմել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ոստիկանական ծառայության պետ Հայկ Հարությունյանին, Լոռու մարզի դատախազին եւ ոստիկանապետին` պատմելով իր քարոզարշավի ընթացքին խոչընդոտող բազմաթիվ երեւույթների մասին. մասնավորապես նրա հանդիպումները մի քանի օր փորձել են խանգարել հարբած տղամարդիկ եւ կանայք` վիրավորանքներ հասցնելով եւ ձգտելով տապալել այդ հանդիպումները: Գլխավոր խոչընդոտումը տեղի է ունեցել մայիսի 3-ին, Վանաձորի թիվ 82, 84, 86 շենքերին հարակից խաղահրապարակում, երեկոյան, երբ հանդիպումից առաջ 25-35 տարեկան 10-15 երիտասարդ եւ «կասկածելի վարք ունեցող 2 կին» բղավոցներով եւ պատգամավորին վիրավորելով` փորձել են վիժեցնել հանդիպումն ընտրողների հետ, այդ բոլորն ուղղորդվել է մոտիկ կայանած ԲՄՎ 08 0Տ 295 ավտոմեքենայում նստած Վանաձորի ավագանու անդամ Սամվել Դիլոյանի կողմից: Վերոհիշյալ անձը գլխավոր դատախազության ապրիլի 28-ի պաշտոնական հաղորդագրությամբ մասնակցել է ապրիլի 26-ի երեկոյան «Թեժ Լեռ» թաղամասում կատարված Հրանտ Հակոբյանի սպանությանը, սպանության մեղադրանքով ձերբակալվել է ապրիլի 29-ին, սակայն փաստորեն գտնվում է ազատության մեջ, նույն` թիվ 30 ընտրատարածքում առաջադրված Վահրամ Բաղդասարյանի նախընտրական շտաբի անդամի պարտականություններն է իրականացնում:
Վիկտոր Դալլաքյանը գլխավոր դատախազից եւ Լոռու իրավապահներից պահանջում է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները` իր նախընտրական հանդիպումների ընթացքում ապահովելու հասարակական կարգի պահպանությունը, ահաբեկման դրսեւորումներն ընտրողների նկատմամբ եւ վերջապես ապահովելու իր` Վ. Դալլաքյանի անձնական անվտանգությունը քրեական տարրերից եւ դիտավորյալ սպանության մեջ կասկածվող անձանցից:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ