Տիգրան Կարապետյանն էլ սոցիոլոգիան համարում է «սեւ փիար»
«Փաստարկ» ակումբում երեկ հյուրընկալված Հանրապետական կուսակցությունից մեծամասնական ընտրակարգով առաջադրված Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ իր դիտարկումների արդյունքում պարզել է, որ մարդիկ հոգնել են քաղաքական գործիչների դեմքերից: Նա համոզված է, որ քաղաքական գործիչներին մարդիկ պիտի սպասեն եւ ոչ թե հոգնեն նրանցից: Այդ պատճառով էլ պատգամավորության թեկնածուն պատրաստվում է առաջիկա խորհրդարանում հայտնվելիս քննարկել քարոզարշավի ժամանակն ու կրճատել, քանի որ մեկ ամիսը խիստ հոգնեցուցիչ է նաեւ լրագրողների համար:
Հրանուշ Հակոբյանի կարծիքով, ընտրություններին մեծաթիվ կուսակցությունների մասնակցությունը լավ է ժողովրդավարական երկիր լինելու տեսանկյունից, բայց ժողովրդի համար բարդ է ընտրություն կատարելու տեսանկյունից: Պատգամավորության թեկնածուն ընդգծեց, որ ընտրազանգված չունեցող կուսակցություններն ընտրություններից հետո ստիպված են լինելու պետության համար ոչ շահեկան հայտարարություններ անել` հիմնավորելու համար իրենց բավարար չափով ձայն չհավաքելը: Հրանուշ Հակոբյանը համոզված է, որ կուսակցությունների ծրագրերը նման են ու այդ դեպքում էլ ինչո՞ւ «փորձը փոխենք անփորձով» (նկատի ունի ՀՀԿ-ին): Ավելին, նա վստահ է, որ այս իշխանությունները ամենալավը գիտեն, թե որտեղ է թաքնված շան գլուխը, որտեղ են թերությունները: Ինչ վերաբերում է ՀՀԿ ապագային, Հրանուշ Հակոբյանը կարծիք հայտնեց. «Ես այն կարծիքին եմ, որ ՀՀԿ-ն իր քվեներով առաջինը կլինի խորհրդարանում, բայց անգամ այդ դեպքում կհամաձայնի մյուս կուսակցությունների մասնակցությանը կոալիցիա կազմելուն»:
«Փաստարկի» հաջորդ հյուրը` «ԱԼՄ» հոլդինգի ղեկավար, «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանն էլ նորմալ գնահատեց քարոզարշավի ընթացքը. «Մեզանում քարոզարշավը նորմալ է, որքան հնարավոր է, հանդիպում ենք մարզերի, շրջանների բնակչությանը»: Քարոզարշավից Տիգրան Կարապետյանի միակ դժգոհությունը սոցիոլոգներից է, որոնք սոցիոլոգիայի նման լուրջ ոլորտը դարձրել են «սեւ փիարի» ոլորտ: «Բայց սեւ փիարը մի կողմից էլ դրական է, եթե հարձակվում են, ուրեմն մենք առաջ ենք, թե չէ ինչի՞ պիտի հարձակվեն, չէ՞», հարցնում է ԺԿ նախագահը: Նա նշեց նաեւ, որ 4, 5, 6 հարյուր հոգու մեջ արված սոցիոլոգիական հարցումները չեն կարող օբյեկտիվ լինել, տարբերություն կա նաեւ քաղաքի եւ գյուղերի միջեւ:
Բրիտանիայի փոխդեսպանի հետ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպմանն ու զրույցին անդրադառնալով` Տ. Կարապետյանն այն որակեց անխելքություն. «Արթուր Բաղդասարյանի արածը անխելքություն էր, դրա մեջ կար քաղաքական կարճատեսություն»:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ