«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2007-05-03 | #82, 2007-05-04 | #83, 2007-05-05


«ԺՈՂՈՎՐԴԻ ՔՎԵՆ ՉԻ ԽԵՂԱԹՅՈՒՐՎԻ»

յնուամենայնիվ կարծում են «Ժառանգության» ներկայացուցիչները

Երեկ «Ֆորում» ակումբում լրագրողներին հանդիպած «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկված Լարիսա Ալավերդյանը, Զարուհի Փոստանջյանը եւ կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը ամփոփեցին մինչեւ այս պահի իրենց քարոզարշավը: Հովսեփ Խուրշուդյանը բավականին լավ արդյունքներ արձանագրեց իրենց համար` «Ժառանգությունն», ըստ նրա, գնում է դեպի հաղթանակ, կարողացել է բեկում մտցնել հասարակության տրամադրություններում, եւ իրենց հետ հանդիպումների եկած մարդիկ լիահույս են, որ այս ընտրությունների միջոցով կարող են տեր լինել իրենց իրավունքներին, իրենց հայրենիքին եւ իրենց ժառանգությանը: Ըստ «Ժառանգության» մամուլի խոսնակի` յուրաքանչյուր կողմնորոշված չորրորդ քաղաքացի հակված է իր ձայնը տալ «Ժառանգությանը»: Վերջինս կնախաձեռնի համաժողովրդական գործողություններ, եթե հանկարծ մայիսի 12-ին ընտրությունները խեղաթյուրվեն. «Իսկ առայժմ մենք պահպանում ենք հույսն առ այն, որ մենք ի հեճուկս նախընտրական քարոզչությունում առկա անհավասար պայմանների` Հայաստանի գլխին ծանրացած այս սպառնալիքների գիտակցումը իշխանությունների մոտ այնպիսին է, որ մայիսի 12-ին, 1991 թվականից ի վեր առաջին անգամ կանցնեն շատ թե քիչ նորմալ ընտրություններ, որի ընթացքում ժողովուրդը կտիրանա իշխանության եւ ժողովրդի քվեն չի խեղաթյուրվի եւ չի կորչի»: Եթե հանկարծ փորձ արվի այդ քվեն խեղաթյուրելու` ընդդիմության, այդ թվում` «Ժառանգության» կողմից կլինեն համապատասխան միասնական գործողություններ: Ընդդիմադիր մյուս ուժերն ու «Ժառանգությունը» հաղթանակի են գնում տարբեր մեթոդաբանական ուղիներով, սակայն ընտրությունների կեղծման դեպքում հնարավոր է որ այդ ուղիները հատվեն, ժառանգականներն անգամ հայտնվեն «Նոր ժամանակներ», «Հանրապետություն» կուսակցությունների եւ «Իմպիչմենտ» դաշինքի հետ նույն հարթակում: Եվ Լարիսա Ալավերդյանը, եւ Զարուհի Փոստանջյանն արձանագրեցին, որ քարոզարշավն ընթանում է խախտումներով, Հ. Խուրշուդյանը, սակայն, կարծում է, որ այդ խախտումները համակարգված բնույթի չեն, եւ ժողովուրդն այս անգամ կկարողանա տեր լինել իր քվեին:

Գյումրեցիները Լարիսա Հովհաննիսյանին պատմել են տարբեր նախընտրական բնույթի ճնշումների մասին. ամոթալի վիճակ է Հայաստանի համար, երբ սոցիալական անապահով խավը զանազան ճնշումների է ենթարկվում: Ըստ նրա` վախվորած է եւ միջին խավը, որը կորցնելու բան ունի, մինչեւ անգամ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, ինչն ապացուցում է, որ ո՛չ խոշոր «գաբարիտները», ո՛չ ֆիզիկական ուժը, ո՛չ նրանց ունեցած կապիտալը չեն կարող պաշտպանություն լինել նախընտրական եւ բուն ընտրությունների օրը զանազան ճնշումներից, մարդն իրեն լիարժեք պաշտպանված կարող է զգալ միայն օրենքն իմանալով եւ կիրառելով: Մինչդեռ մեր ընտրողին հաճախ են խաբում, քանի որ նա իր իրավունքներին ու օրենսդրությանը չի տիրապետում:

Չնայած այս բոլորին` Լ. Ալավերդյանը գտնում է, որ ընտրողների մի ստվար խումբ ծարավ ունի ոչ մականունով, չհայհոյող, գրագետ ու հայրենասեր մարդկանց, նրանց պատգամավոր տեսնելու: Մարդու իրավունքների առաջին պաշտպանը գտնում է, որ ԿԸՀ-ն ու դատախազությունն ըստ արժանվույն չեն արձագանքում խախտումներին եւ համարժեք գնահատականներ չեն հնչեցնում:

Ամենահետաքրքրականն այն է, որ եթե «Ժառանգությունը» 5 կամ 10 տոկոս արձանագրի ընտրություններում, դա ժառանգականները կհամարեն կեղծված ընտրության արդյունք եւ կպայքարեն իրենց քվեներին տեր լինելու համար: Այս բոլոր դատողություններն անող երեք ժառանգականներն էլ, այնուամենայնիվ գտնում էին, որ ընտրությունների արդյունքները նախօրոք կանխորոշված չեն, եւ իրենք խնդիր ունեն տներում անտարբեր նստած մարդկանց նախ հանդիպումների դուրս բերելու, հետո ուղղորդելու, որ գնան ընտրության:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Լարիսա Ալավերդյանին անհանգստացնում էր, որ ապրիլին-մայիսի սկզբին արտագնա աշխատանքների մեկնողների մի ստվար խումբ` 500-600 հազ. մարդ լքում են Հայաստանը եւ պետք է սթափ լինենք բոլորս, որպեսզի նրանց փոխարեն քվեարկությունները չդառնան մի ուժի բաժինը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4