Քաղաքը դրսի մեր հայրենակից ներդնողների համար մագնիս է դարձել
Տարվելով առօրյա հոգսերով, մենք հաճախ չենք էլ նկատում, ինչքան նորացել, գեղեցկացել է Երեւանը: Երեւան առաջին անգամ ոտք դնողին ապշեցնում է քաղաքի շինարարական հեւքը: Ֆինանսական սուղ վիճակից տնքացող մեր բյուջեի հնարավորությունները համեստ են նման թափի ձեռնարկների համար, եւ Երեւանի կերպարանափոխումը գլխավորապես ներդնողների շնորհքն է: Այդ շինարարությունն այնքան բուռն է, եւ աշխատատեղերի մշտական կարիքն այնքան որոշակի, որ հատկապես մարզային բնակչության մի ստվար զանգված հրաժարվել է հեռավոր ռուսաստաններում փող աշխատելուց:
Ինչպիսի՞ Երեւան մենք կունենանք մոտ ապագայում, քաղաքաշինական նրա նկարագիրն արդյոք չի՞ աղարտի կառուցապատումների այս բուռն հեւքը: Այս խնդիրների մասին զրուցեցինք Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանի հետ:
- Այսօր իսկապես շատ հետաքրքրական ժամանակահատված է Երեւանի համար: Բուռն շինարարությունը նշանակում է, որ ներդրումային բավական ընդունելի դաշտ ու երկրի հանդեպ հավատ կա, չնայած տեւական շրջափակմանը: Ներդնողները ե՛ւ տեղացիներ են, ե՛ւ դրսից, եւ բոլորն էլ` հիմնականում հայեր: Այսօր Երեւանը կարծես մագնիս է դարձել, որ ձգում է մեր հայրենակից ներդնողների ուշադրությունը եւ դրամը: Անկախ դրանից, Երեւանն իրոք լուրջ վերակառուցման անհրաժեշտություն ունի: Ունի տարածքներ, որտեղ բավականին մեծ է իրացվող ֆոնդը, խարխուլ տներ կան: Երեւանի հանդեպ այսպիսի հետաքրքրության առկայությունը, բնականաբար, նպաստում է, որ այս ընթացքում մենք հասցնենք լուծել քաղաքի կառուցապատման միանգամայն որոշակի խնդիրներ:
- Այդ ներդրումային հախուռն ծրագրերը չե՞ն հակադրվում քաղաքի արդեն հաստատված գլխավոր հատակագծին:
- Բարեբախտություն է, որ շինարարական այսպիսի բումի ժամանակ արդեն ունենք ավարտված ու մշակված գլխավոր հատակագիծ` լուրջ նախադրյալ քաղաքաշինական այսպիսի գործառույթների իրականացման համար: 1971 թվականի հատակագիծն ամբողջությամբ չի իրականացվել, եւ մասնավորապես վերջին տարիներին (1990-2000 թթ.) չունեինք գլխավոր հատակագիծ, քանի որ հինն իր այժմեականությունը կորցրել էր: Բնականաբար, հենց դա էլ նպաստավոր հող ստեղծեց, որ քաղաքի այս կամ այն հատվածում` տարերայնորեն կամ նույնիսկ սուբյեկտիվիզմի տեղի տալով, կառուցապատումներ իրականացվեն: Հիմա, փառք աստծո, քաղաքաշինական այսպիսի ակտիվության պայմաններում մենք ծրագրային փաստաթուղթ ունենք: Մշակել ենք նաեւ գլխավոր հատակագծի իրականացման ծրագիր, որը հաստատել է կառավարությունը: Եվ այդ ծրագրի հիմնական խնդիրներից մեկը նաեւ Երեւանի տարբեր համայնքների համար գոտեւորման նախագծեր ունենալն է: Սրանք գլխավոր հատակագծից շատ ավելի կոնկրետացված փաստաթղթեր են: Գոտեւորման նախագծերն արդեն որոշակի չափորոշիչներ ու սահմանափակումներ են ներկայացնում, թե տվյալ տարածքի ո՞ր հատվածներում ինչպիսի կառուցապատում կարող է լինել, բնակչության խտության, կանաչապատվող մակերեսների, տրանսպորտային ուղիների հետագա զարգացման ինչպիսի՞ ցուցանիշներ կարող են լինել, այսինքն, գլխավոր հատակագծով նախանշված խնդիրներն ավելի կոնկրետանում են: Քաղաքի բոլոր հատվածների համար հետազոտվում է, թե քաղաքաշինական ի՞նչ իրավիճակ է առկա, ի՞նչ միջամտություններ են անհրաժեշտ: Դա չի նշանակում, թե անպայման նոր կառույց պիտի լինի տվյալ տեղում, հնարավոր է նաեւ որոշակի տարածքներ ազատելու անհրաժեշտություն լինի: Եթե խոսքը վերաբերում է, օրինակ, բակային տարածքներին, այստեղ ընդհակառակը, խարխուլ ֆոնդից կամ ավտոտնակներից ազատելու, կանաչ մակերեսներ, խաղահրապարակներ ստեղծելու անհրաժեշտություն կա: Այդպիսի աշխատանքներից մեկը` Կենտրոն համայնքի նախագիծը, համարյա արդեն ավարտվել է:
Գոտեւորման նախագիծը, նաեւ կոնկրետ ինձ, որպես գլխավոր ճարտարապետի, արդեն հնարավորություն է տալիս տարբեր առաջարկների նկատմամբ որոշակի ծրագրված մոտեցում, քաղաքականություն ունենալ, եւ ինչ-որ տեղ սահմանափակել նաեւ իմ, այսպես ասած, հնարավոր սուբյեկտիվ մոտեցումն ինչ-որ խնդիրների հանդեպ: Եթե նախատեսված է ոչ ավելի 5 կամ 7 հարկանի կառույց տվյալ տեղում, նշանակում է, այդտեղ 15 կամ 20 հարկանի կառույց լինել չի կարող: Գոտեւորման նախագծերի հիմնական խնդիրը լինելու է Երեւանի ողջ տարածքով համաչափ զարգացած քաղաքաշինական ենթակառուցվածքների ստեղծումը:
- Քաղաքներ կան, որոնց բնորոշ են գիգանտ շենքեր, կան, որ նույնպես գերակշռում են նուրբ, գողտրիկ կամ թզուկ շենքերը: Ինչպե՞ս է զարգանալու Երեւանը:
- Շատ հետաքրքրական հարց է: Երեւանը յուրահատուկ քաղաքաշինական կառուցվածք ունի, գտնվում է հարթության մեջ` շրջապատված ամֆիթատրոնով: Արդեն բնական հետաքրքրական տեղադրություն է: Մենք ունենք օղակաձեւ այգի (որ հիմա կիսաօղակաձեւ է դարձել), ունենք խիստ արտահայտված քաղաքաշինական շեշտադրումներ` Հյուսիսային պողոտա, որ շարունակվում է որպես Հյուսիսային ճառագայթ, ունենք Գլխավոր պողոտա: Հետաքրքրական քաղաքաշինական համալիրներ են Հանրապետության հրապարակն իր վարչական շենքերով, Թատերական հրապարակը` օպերայի եւ բալետի շենքով, Կասկադը եւ այլն: Այսինքն, Երեւանն ինքը քաղաքաշինական որոշակի կմախք ունի: Երբ քաղաքն սկսել է կառուցվել (նկատի ունեմ թամանյանական շրջանը), թաղամասային կառուցապատումն իրականացվել է 4-5 հարկանի կառույցներով: Ցավոք, այդ շենքերի բակային տարածքներում բազմահարկ շենքեր սկսեցին հայտնվել դեռեւս խորհրդային տարիներին: Դրանք խոշորապանել կամ կարկասապանելային շենքեր էին, որոնք հաջողված չէին իրենց ճարտարապետությամբ, եւ միգուցե չպետք է հայտնվեին այդ տարածքներում: Եվ այդ շենքերն արդեն սկսեցին ինչ-որ չափով խեղաթյուրել այն կառուցվածքը, որը առանձնանում եւ ընկալվում էր քաղաքի ընդհանուր պատկերի մեջ: Եվ առաջացավ այն, ինչ այսօր ունենք: Այսօր մշակվող գոտեւորման նախագծերի նպատակն այդ ինչ-որ չափով խեղաթյուրված քաղաքաշինական կմախքը հնարավորինս նորից ընթեռնելի դարձնելն է: Դրանով է պայմանավորված, նման հարկայնությամբ, նման շենքերով կառուցապատումը Հյուսիսային պողոտայում: Նույն խնդիրը վերաբերում է եւ Գլխավոր պողոտային: Գոտեւորման նախագծի մշակման ժամանակ դիտարկվում են նաեւ այս կարգի նոր կառուցապատումների հնարավորությունները եւ չի բացառվում, որ տարբեր հատվածներում այդ կմախքն ավելի ընթեռնելի դարձնելու համար քաղաքաշինական նոր ակցենտներ ի հայտ գան քաղաքում: Եթե նույնիսկ քաղաքում ինչ-որ տեղ բարձրահարկ կառույցներ են հայտնվում, իմ համոզմունքն է, որ նրանք պիտի լինեն քաղաքաշինությամբ հիմնավորված տեղերում: Գլխավոր պողոտան ունի սկիզբ եւ պիտի ունենա վերջ: Մենք ունենք Կենտրոնական փոստատան շենքը, որով սկսվում է այն: Բայց պողոտան չի ավարտվում: Նրա ավարտը եւս պետք է շեշտադրվի: Եթե որեւէ կառույց, լինի ցածր կամ բարձր հարկայնության, նպաստում է, որ քաղաքի քաղաքաշինական կմախքն ու կառուցվածքն արտահայտվեն, բնականաբար, իրենց տեղում են:
- Հին Երեւանի կոլորիտը կորչելո՞ւ է այդ ծրագրերի մեջ: Մենք դրսում հիանում ենք հատկապես այն քաղաքներով, որոնք պահպանել են ժամանակակից աշխարհի քաղաքաշինական զարգացումներից տարբեր, իրենց ավանդական հնամյա կերպարի մի մասը:
- Քաղաքներն իրարից տարբերվում են նախ եւ առաջ իրենց տարիքով, ըստ այդմ` քաղաքի ներսում պահպանած շերտերով, եւ այդ տեսակետից մի քաղաքը մյուսի հետ մեխանիկորեն համեմատելու խնդիր պետք չէ դնել: Պետք է նախ նայել, թե ի՞նչ ունենք, եւ ո՞ր պատմական, ճարտարապետական, կոլորիտային շերտերն իրոք պահելու անհրաժեշտություն կա: Մենք ունենք այն, ինչ ունենք: Չեմ ուզում համեմատվել եվրոպական միջնադարյան շատ քաղաքների հետ, որոնք արդեն միջնադարից ձեւավորված հստակ քաղաքաշինական կառուցվածք ունեն` Վիեննա, Ֆլորենցիա, գերմանական քաղաքներ, եւ աշխատում են պահպանել դրանք: Իմ համոզմամբ, քաղաքը պետք է իրոք շերտերով ստեղծվի, յուրաքանչյուր ժամանակահատված` իր սոցիալ-տնտեսական իրավիճակով, մարդկանց զարգացման մակարդակին, մտածելակերպին համապատասխան: Ճարտարապետությունն ու քաղաքաշինությունը չեն կարող զերծ մնալ դրանցից, ամեն ժամանակահատված ու սերունդ իր պատկերացումներն ու մոտեցումներն ունի, եւ իրավունք ունի իր խոսքն ասելու քաղաքի ձեւավորման հարցում:
Այո, Երեւանն իր դիմագծի նոր երանգներ նույնպես պետք է ձեռք բերի, միայն դրանով նա կարող է լինել ավանդական ու ժամանակակից: Մենք ունենք շատ հստակ թամանյանական ժամանակահատվածի շերտը, որին նախորդել է 20-րդ դարասկզբի մեր ունեցած ճարտարապետությունը` 2-3 հարկանի սեւ շենքեր, որոնք հիմնականում տեղավորված են եղել քաղաքի կենտրոնական հատվածում: Հետագա քաղաքաշինական կառուցապատումների ընթացքում դարասկզբի Երեւանի կերպարը, ցավոք, արդեն փոխվել էր: Շատ շենքեր, եթե նրանք կողք կողքի կանգնած որոշակի շրջաններ ու ճարտարապետական միջավայր էին ստեղծում, մեկը մի քիչ լավ, մեկը` մի քիչ վատ, բայց միասնաբար` նրանք կոլորիտ էին ներկայացնում: Էդ գործառույթների արդյունքում նրանք այդ միասնականությունը կորցրել են: Ինչ-որ տեղ անջատվել են կողքի կառույցներից, մնացել միայնակ: Սա է, ինչ որ ունենք դարասկզբի ճարտարապետությունը պահպանելու համար: Եվ նրան անդրադառնալ, նշանակում է նորից իր միջավայրով ներկայացնելու հնարավորություն ստեղծել:
Հիմա հուշարձան-շենքերի հանդեպ դիրքորոշումները լիովին փոխվել են նախորդ տարիների համեմատ, այսինքն, գիտակցվել է, որ իրոք ինչ-որ մի շերտ ունենք, որի նկատմամբ անուշադիր լինել չենք կարող: Նախ եւ առաջ վերանայվել է հուշարձանների ցուցակը: Նախկին ցուցակի մեջ կային այնպիսի կառույցներ, որոնք իրոք գեղարվեստական-ճարտարապետական արժեք չէին ներկայացնում, բայց մեխանիկորեն այդ ցուցակի մեջ էին հայտնվել, որովհետեւ, ասենք, ինչ-որ պատմական երեւույթի հետ էին կապվում: Բայց խնդիրները փոխվել են, եւ շատ այդպիսի կառույցներ ե՛ւ պատմական, ե՛ւ ժամանակագրական առումով, այդ այժմեականությունը չունեն: Ցուցակը վերջնականապես ճշտել է կառավարությունը, եւ դրանում հայտնված կառույցները (բնակելի շենքեր, ինժեներական կառույցներ, եկեղեցիներ) այլեւս անձեռնմխելի են: Եվ կան հուշարձաններ, որոնք քաղաքաշինական իրենց իրավիճակից ելնելով, ձեռք են բերել տեղափոխման հնարավորության կարգավիճակ: Այդ հանգամանքից է, որ ուզում ենք օգտվել, եւ այդ հուշարձանները հավաքել ու ինչ-որ մի հատվածում ստեղծել, ասենք, 20-րդ դարասկզբին բնորոշ քաղաքաշինական միջավայր: Դեռ խորհրդային տարիներին հուշարձան-շենքերը տեղափոխելու, ինչ-որ մի հատվածում` Ալավերդյան փողոցում հավաքելու փորձ արվեց: Որոշակի շենքեր տեղափոխվեցին, բայց ծրագիրը մինչեւ վերջ չիրականացավ:
Հիմա երկար քննարկումներից հետո ընտրությունը կանգ է առել Գլխավոր պողոտայի Աբովյան-Եզնիկ Կողբացի հատվածի վրա, որը սահմանափակված է Բուզանդի եւ Արամի փողոցներով: «Սիլ փլազա» խանութի սկզբնամասն արդեն իսկ կառուցապատված է նման կառույցներով, այդ հատվածում արդեն իսկ կան հուշարձան կառույցներ, որոնք տեղափոխման ենթակա չեն: Այս հատվածում մոտ 19-20 հուշարձան ներկայացնելու հնարավորություն ունենք: Եվ այս դեպքում նաեւ վերականգնվելու է նախկին կառուցապատման ոգին: Հին Երեւանին բնորոշ պատկեր է` փողոցի երկայնքով կողք-կողքի տներ ու կամար-անցումներ (դալաններ), նույն պատկերը դիմացի փողոցի կողմից էր: Եվ եթե դու ներս էիր մտնում դալանով, անսպասելի հայտնվում էիր բակային կանաչ տարածության մեջ, որ այդ ժամանակ ընդհանուր օգտագործման տարածք է ծառայել: Բոլոր տները ընդհանուր պատշգամբներ ունեին, ընդհանուր պարտեզներ, ուր նաեւ աղբյուրներ կային: Այդ սկզբունքը պահպանելով` շենքերը կտեղափոխվեն եւ իրենց բակային հատվածում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ կունենան: Այդ շենքերը, սակայն կլինեն ոչ թե բնակելի, այլ հասարակական սպասարկման կառույցներ: Այսինքն, այդ ժամանակվա շերտը քաղաքում ներկայացված կլինի ոչ թե ցաքուցրիվ, այլ որոշակի միջավայրով:
Գլխավոր պողոտան իր ֆունկցիոնալ արժեքով նախատեսված է հիմնականում իբրեւ հասարակական կանաչ զբոսայգի: Այս հատվածում զբոսայգու կանաչ տարածքները շարունակվելու են արդեն բակային տարածքների միջոցով, իբրեւ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ: Այստեղ ներկայացվելու են նաեւ ֆունկցիաներ, որոնք բնորոշ են եղել այն ժամանակվա Երեւանի կենցաղին, ավանդույթներին, սովորույթներին` նկարչական արվեստանոցներ, փոքրիկ խանութներ եւ այլն: Գտնվելով քաղաքի կենտրոնական հատվածում, այն բավական գրավիչ կլինի ե՛ւ զբոսաշրջիկների, ե՛ւ մասնավորապես աճող սերնդի դաստիարակության համար:
Իսկ այն շենքերը, որոնք չեն տեղափոխվելու, ակտիվորեն ներգրավվելու են կառուցապատման մեջ, եւ մոտ ապագայում դուք կտեսնեք դրանց նոր մեկնաբանությունները` ժամանակակից քաղաքաշինության սկզբունքներով:
Այսօրվա ժամանակն էլ Երեւանի կերպարի վերաբերյալ իր խոսքն ու մոտեցումները պիտի արտահայտի: Հիմա ի հայտ են եկել նոր տեխնոլոգիաներ, շինարարական նոր նյութեր: Ավանդական քարի` տուֆի, բազալտի օգտագործման նոր մեկնաբանությունների անհրաժեշտություն կա, մենք այլեւս չենք կարող քարերն օգտագործել ավանդական շարվածքով: Քարի օգտագործման գեղագիտական նոր որակներ պիտի բացահայտենք, որոնք համահունչ կլինեն ներկա ճարտարապետությանը, նպաստելով, որ ժամանակակից Երեւանը լինի նաեւ ավանդական:
- Շինարարությունն, այնուամենայնիվ, տրանսպորտային անլուծելի թվացող նոր խնդիրների տեղ է բացում: Հատկապես էլիտար հատվածում մեկ բնակարանում նույնիսկ 2-3 ավտոմեքենա ունեցողներ կլինեն:
- Ներկա ժամանակահատվածում երեւի թե քաղաքաշինական կարեւորագույն խնդիրը տրանսպորտն է: Տրանսպորտային բոլոր հոսքերը հիմնականում անցնում են քաղաքի կենտրոնական մասով: Երեւանի կենտրոնական հատվածի շատ փողոցներ իրենց թողունակությամբ հնարավորություն չունեն այդ հոսքերն ընդունելու: Բավականին քիչ են ավտոկայանատեղերը, մեքենաները հիմնականում կանգնեցնում են փողոցի վրա` ավելի փոքրացնելով դրանց թողունակությունը: Եվ առաջանում են տրանսպորտային ներկա խցանումները: Սա ախտ է, որ բնորոշ է բոլոր ժամանակակից քաղաքներին: Ե՛վ գլխավոր հատակագծից, ե՛ւ գոտեւորման նախագծից ելնելով, որոշակի քայլեր արդեն արվում են: Նախ եւ առաջ նախատեսվում են քաղաքի կենտրոնը շրջանցող ճանապարհներ` հարավից-հյուսիս, արեւմուտքից արեւելք գնացող մեքենաների համար տրանզիտ, շրջանցիկ ճանապարհներ, որոնք մեքենաների անընդհատ շարժման հնարավորություն կտան, որպեսզի տրանսպորտն այդ ուղղություններով շարժվելով` չմտնի քաղաքի կենտրոնական հատվածները: Եվ այսօր այդպիսի մի ուղղություն արդեն իրականացվում է ` Սարալանջի ճանապարհը հարավից, հարավ-արեւելքից Չարենց եւ Խանջյան, Նալբանդյան փողոցներով եկող ողջ տրանսպորտային հոսքը կտեղափոխի դեպի Դավթաշենի կամուրջ, այնուհետեւ` Աշտարակ: Դա արեւելյան կողմով: Արդեն դրա մի շարք հատվածներ նախագծման եւ կառուցման փուլում են: Նաեւ հարավ-արեւմուտքից քաղաքի կենտրոնը շրջանցելու համար ճանապարհ կկառուցվի: Նկատի ունեմ` Նորագավթի կողմից` Շիրակի փողոց, Իսակովի պողոտա, եւ այնուհետեւ` կապ դեպի Շերամի փողոց եւ Աշտարակի ուղղություն:
Երկրորդ խնդիրը քաղաքի կենտրոնական հատվածում ճանապարհային հանգույցներ ունենալն է, որոնք հնարավորություն կտան առանց լուսացույցների, անընդհատ երթեւեկությունն իրականացնել: Հետիոտնի անվտանգ տեղափոխության համար, բնականաբար, ստորգետնյա կամ վերգետնյա անցումներ կկառուցվեն: Երեւանում հստակ առանձնացվել են, եւ դա ֆիքսված է գոտեւորման նախագծով, անձնական մեքենաների կայանման տարածքներ: Դրանք լինելու են քաղաքի կենտրոնական հատվածում` մոտավորապես 10 հազար մեքենայի կայանատեղի ստեղծելու հնարավորություն ունենք: Եվ բացի այդ, բոլոր նոր շենքերի նախագծերին այսօր համաձայնություն տալիս ենք բացառապես ստորգետնյա հատվածներում անձնական մեքենաների կայանատեղեր ունենալու պարագայում: Կլինեն նաեւ ստորգետնյա ավտոկայանատեղերով այնպիսի բակեր, որոնց վերին հարթություններում բարեկարգված բակային տարածքներ կստեղծվեն: Նման խնդիրներ նույնպես քննարկվում են:
- Անխուսափելի խնդիրը, որին բախվում են այսօրվա քաղաքաշինարարները, իրացման տարածքների բնակչության հետ է կապվում:
- Ես ինքս շատ եմ շրջում իրացման գոտիներում: Անկեղծ ասած, շատ քիչ են այն մարդիկ, ովքեր չեն ընկալում քաղաքաշինական գործառույթների անհրաժեշտությունը: Բոլորն էլ հասկանում են, որ մի օր, ի վերջո, պիտի իրենք ապրեն 21-րդ դարին վայել քաղաքաշինական միջավայրում: Մանավանդ եթե նկատի ունենանք, որ 70-80 տարի այդ մարդկանց ասել են, թե դուք ոչինչ մի ձեռնարկեք, ձեր շենքերը պլանի տակ են, եւ այլն, եւ այլն: Եվ այդտեղ սերունդներ են մեծացել: Բայց մի՞թե կարելի է համարել, որ այդ մարդիկ Երեւանում են ապրում: Կենցաղային ամենատարրական պայմանները նրանք չունեն: Գյուղում այսօր ապրելն ավելի մեծ առավելություններ ունի: Դժգոհությունները հիմնականում կապված են փոխհատուցման մեխանիզմների հետ, որոնց ներկապնակը նախորդ տարիների համեմատ զգալիորեն փոխվել է: Եթե նախկինում միայն դրամական փոխհատուցումներ էին առաջարկվում, այսօր կարող են նույն տեղում բնակարան ստանալու պայմանագիր ստորագրել, հնարավորությունները տարբեր են եւ դեռ էլի կավելանան: Եվ մի բան էլ կա. սովորաբար ավելի շատ դժգոհողի ձայնն է լսվում, քան թե գոհ մարդու:
- Քաղաքաշինարարների եւ էկոլոգների շահերը եւս, բնականաբար, հատկապես այս շինարարական բումի ժամանակ, բախվում են:
- Ընդգծված, լուրջ բախումներ չկան, մանավանդ երբ հասարակական քննարկման շրջանակներում ծրագրային խնդիրները հասկանալի են դառնում, թե որ քայլն ի՞նչ նպատակ է հետապնդում: Օրինակ, ի վերջո փաստագրված է, որ գլխավոր հատակագիծն ինքը որոշակի էկոլոգիական ուղղվածություն ունի: Այսինքն, այն, ինչ անում ենք, վերջին հաշվով նպատակադրված է մինչեւ 2020 թվականը էկոլոգիական վիճակի բարելավմանը: Կենտրոնի գոտեւորման նախագծով բոլոր նախատեսվող վերակառուցումների արդյունքում (նկատի ունեմ նաեւ խարխուլ ֆոնդի իրացումը, որովհետեւ հատվածներ կան, որոնք 100 տոկոսով կառուցապատված են), խարխուլ ֆոնդի փոխարեն տեղադրվում է 1 կամ 2 շենք եւ, բնականաբար, կառուցապատման մակերեսը փոքրանում է, մնացած մակերեսն ազատվում է կանաչն օգտագործելու համար: Այդպիսի խիտ կառուցապատված հատվածներ են Պասկեւիչի բլուրը, Կոնդը, Կոզեռնը, 30-րդ թաղամասը, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու եւ Գինու կոմբինատին հարակից տարածքները եւ այլն: Նախնական հաշվարկներով, միայն Կենտրոն համայնքի համար մոտավորապես 95 հա-ով կանաչ զանգվածների ավելացման հնարավորություն կա:
Խցանված փողոցների, մեքենաների ցածր արագությունների, մեքենաների կանգի եւ նորից շարժման հետեւանքով եւս մեծանում է օդի աղտոտվածության մակարդակը: Տրանսպորտային վերոհիշյալ խնդիրների լուծումը նույնպես նպատակաուղղված է քաղաքի` մասնավորապես կենտրոնի էկոլոգիական վիճակի բարելավմանը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ