Ավելի քան 38 տարի աշխատելուց հետո ճանաչված եւ մրցանակների արժանացած հետաքննող լրագրող Սթիվն (Ստեփան) Քյուրքչյանը հայտարարել է, որ ընդունելով որոշակի փոխհատուցման դիմաց վաղաժամկետ թոշակի անցնելու թերթի տնօրենության առաջարկը, հեռանում է «Բոստոն գլոբից», տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» թերթի ապրիլի 7-ի համարը:
Քյուրքչյանը մեկն է 24 վետերաններից, որոնք ընդունել են այդ առաջարկը: «Միշտ էլ դժվար է ցտեսություն ասել գործընկերներին: Նրանք հրաշալի մարդիկ են, որոնք ամբողջ հոգով ու սրտով նվիրված են եղել «Գլոբին» եւ նրա հաջողությանը: Մենք նրանց ամենայն բարիք ենք ցանկանում», ասել է այդ առթիվ նրանց ի պատիվ տրված ընդունելության ժամանակ թերթի խմբագիր Մարտին Բարոնը:
Բոստոնում 1944-ին ծնված Քյուրքչյանը տեղի հանրային եւ լատինական դպրոցները հաճախելուց հետո ավարտել է Բոստոնի համալսարանը եւ Սաֆոքի իրավաբանական կրթօջախը: Ապրում է Պլիմուտում. դուստրը` Էրիկան ուսուցչուհի է, իսկ որդին` Ադամը սպորտային լրագրող: Քյուրքչյանը եղել է թերթի «լուսարձակ» խմբի հիմնադիրներից եւ արժանացել «Պուլիտցեր» մրցանակների հետաքննչական լրագրության ասպարեզում 1972-ին, 1980-ին եւ 2003-ին: Արժանացել է նաեւ 25-ից ավելի շրջանային եւ ազգային մրցանակների, իսկ 2003-ին «Պրոֆեսիոնալ լրագրողների Նյու Ինգլենդի ընկերությունը» նրան պատվել է լրագրության ասպարեզում ունեցած ներդրումների համար: Ավելի քան 5 տարի եղել է թերթի վաշինգտոնյան գրասենյակի պատասխանատուն: Աշխատել է հատկապես արդարադատության եւ գերագույն դատարանների համագործակցությամբ: Հայաստան է այցելել 2002-ին կազմակերպված Հայաստան-սփյուռք համաժողովի օրերին, մասնակցել Երեւանի պետհամալսարանի եւ Միդլսեկս Քոմյունիթի քոլեջի (Մասաչուսեթս) ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների միջեւ անցկացվող կոնֆերանսին: Այցելել է նաեւ «Ազգի» խմբագրություն եւ նրա հետ հարցազրույցը տպագրվել է թերթի 2002 թվի հունիսի 4-ի համարում:
Իր ծննդավայրը (Էրզրումի Քղի գյուղը) կտավին հանձնելու 80-ամյա հոր անհաջող փորձերը պատճառ են դարձել, որ 1992-ին հորը Անատոլիա ուղեկցի եւ դրանից հետո ավելի մոտիկից հետաքրքրվի իր արմատներով: Ուղեւորության արդյունքում «Roots of Sorrow» (Թախիծի արմատները) վերնագրով երկար հոդվածով հանդես է եկել «Բոստոն գլոբ մագազին» կիրակնօրյա պարբերականի (որն ունի 750 հազար տպաքանակ) 1993 թ. ապրիլի 18-ի համարում:
Քյուրքչյանը, ըստ հաղորդագրության, շարունակելու է աշխատել առանձին հետաքննչական ծրագրերի վրա, որոնցից հիշատակության արժանի են Հրանտ Դինքի սպանությունը եւ Բոստոնի Իզաբելլա Սթյուարտ Գարդներ թանգարանից 1990-ին կատարված կողոպուտը, որը համարվում է պատմության մեջ արվեստի գործերի մեծագույն չբացահայտված առեղծվածներից մեկը:
ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆ