Մայիսի 5-31-ը Բեռլինի Արսենալ կինոյում կկայանա հայկական խաղարկային, կարճամետրաժ, վավերագրական ֆիլմերի «Կարոտ» անվանյալ հետահայաց ցուցադրությունների շարքը, որն ուղեկցվելու է նաեւ բանավեճ-քննարկումներով: Նյութն ընդգրկուն էՙ կինոյի պատմությունից մինչեւ պատմական եւ քաղաքական թեմաներին անդրադարձ, նպատակն էՙ հայոց անցյալն ու ներկան մերձեցնելով առնչություններ գտնել եվրոպական, տվյալ դեպքումՙ գերմանական մշակույթի հետ:
Միջոցառման նախաձեռնողը բեռլինյան ART KOMBAT միությունն է, որը համագործակցել է գերմանական եւ հայաստանյան համապատասխան կառույցների հետ: Մայիսի 5-ին, ժամը 19.00-ին կցուցադրվի Համո Բեկ- Նազարյանի 1926-ին հեղինակած հայկական առաջին ֆիլմըՙ «Նամուսը», ժամը 21.00-ինՙ նույն ռեժիսորի 1935-ին նկարահանած «Պեպոն»: Կիրակիՙ մայիսի 6-ին, ժամը 18.00-ին կցուցադրվի Համո Բեկ-Նազարյանի 1926-ին ստեղծված «Շորն ու Շորշորը»: Ժամը 19-ին կկայանա առաջին բանավեճ-քննարկումըՙ «Հայ կինեմատոգրաֆի պատմությունը ցեղասպանության ստվերում»: Քննարկմանը մասնակցում են Հայաստանի կինեմատեկը ղեկավարող Գարեգին Զաքոյանը, կինոբեմադրիչ Վիգեն Չալդրանյանը, կինոբեմադրիչ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը: Բանավեճը վարելու է Հանս Յոախիմ Շլեգելը:
Հաջորդ կինոդիտումը կկայանա մայիսի 9-ին, ժամը 19.15-ին, կցուցադրվի Ֆրունզե Դովլաթյանի 1965-ին հեղինակած «Բարեւ, ես եմ» ֆիլմը:
«Կարոտին» կանդրադառնանք «Ազգի» առաջիկա համարներում:
Ան. Հ., Գերմանիա