Վալմարի նոր ցուցահանդեսը
Սեր, գեղեցկություն, փոխադարձ հարգանք, ապագայի հանդեպ լավատեսություն եւ հավատը դիմացինին փոխանցելու ցանկություն: Սա է ՀՀ վաստակավոր նկարիչ Վալմարի համոզմունքը: Արվեստագետի կտավները հարուստ են գեղարվեստական պիրկ մտածողությամբ ու քնարականությամբ, դրանք աչքի են ընկնում գունեղությամբ, վառվռուն են ու լուսավոր: Տարիների ընթացքում արվեստագետի երանգապնակը փոխվել է, կապույտին ու կապտականաչին փոխարինելու են եկել դեղինն ու ոսկեգույնը: Ավանդույթի համաձայն, այս տարի եւս ապրիլ ամսին Վալմարն արվեստասեր հասարակությանը ներկայացրեց նատյուրմորտների հավաքածու (27 կտավ): «Պոետի հիշատակին», «Աշնանային նատյուրմորտներ» ու «Կակաչները» նկարչի ռոմանտիկ ներաշխարհի, հույզերի ու երազանքների խոսուն վկաներն են: Այդ կտավները հանդիսատեսի առաջ բացում են լույսերի ու գույների հրավառությամբ նոր աշխարհ:
Նկարիչը խոստովանում է, որ ոգեւորվում է, երբ գովաբանում ու գնահատում են նրա արվեստը: Գեղանկարչի վաստակն այս անգամ հարգեց ու գնահատեց «Մաշտոց» կրթամշակութային միությունըՙ նրան շնորհելով «Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալ:(*)
Գուցե այն հանդիսանա նոր գաղափարների ու ծրագրերի ոգեշնչման աղբյուր: Չէ՞ որ ինչպես խոստովանում է Վալմարըՙ արարման եռանդը չի ավարտվել:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
* Տարօրինակ է այս անունով մեդալի ստեղծումը ոչ եկեղեցական, այլ հասարակական մի կազմակերպության կողմից: Խմբ.