Երեկ «Ուրբաթ» ակումբում «Բամբիռ» ռոք խմբի անդամներ Գագիկ Բարսեղյանն ու Գուրգեն Հակոբջանյանը հրավիրել էին մամուլի ասուլիս: Նրանք խոսեցին հայկական ռոքի, նրա խնդիրների ու խմբի ապագա ծրագրերի մասին: Գուրգեն Հակոբջանյանը նշում է, որ Հայաստանում ռոք երաժշտությունը հիմնականում լուրջ չեն ընդունում: «Ռոքը մասսայական մշակույթ է: Ցավոք, Հայաստանում այն մասսայական բնույթ չի կրում: Հայ երիտասարդներին թվում է, թե ռոք երաժիշտները պետք է հագնեն կաշվե տաբատներ, ծամոն ծամեն ու գլուխ թափահարեն. դա լուրջ երաժշտություն չէ: Որպեսզի հայկական ռոքը զարգանա, պետք է հետեւենք եվրոպական երկրների օրինակին եւ բացենք ռոք դպրոցներ»:
Երաժիշտները նշում են, որ իրենց մշակույթն արտասահմանում (հիմնականում Ռուսաստան եւ ԱՄՆ) ավելի շատ են սիրում ու գնահատում, քան հայրենիքում: Մայիսի 15-ին Երեւանի տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Բամբիռի» մենահամերգը, իսկ աշնանը կթողարկվի խմբի չորրորդՙ «Արմենիա սքոչ» ձայնասկավառակը:
Երաժիշտներն անդրադարձան նաեւ Եվրոտեսիլ մրցույթ-փառատոնինՙ նշելով, որ այդ մրցույթին լուրջ չեն վերաբերում, իսկ ֆինլանդական «Լորդի» խմբի կատարումը ոչ թե ռոք կատարում էր, այլ հետաքրքրական շոու:
Հ. Հ.