Առաջին երկու պարտիաներից հետո հաշիվը հավասար էՙ 1-1
Երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում տրվեց աշխարհի գավաթակիր Լեւոն Արոնյանի եւ աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի վեց պարտիայից բաղկացած արագ շախմատի ընկերական մրցախաղը: Մինչ շախմատային ժամացույցների գործի դնելը, կայացավ մրցախաղի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ վարչապետ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը, ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը: Դահլիճը լեփ լեցուն էր շախմատասերներով:
Բացման խոսքով ներկաներին ողջունեց Սերժ Սարգսյանը. «Երեւանում շախմատի մեծ տոն է: Աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի եւ աշխարհի գավաթակիր ու օլիմպիական չեմպիոն Լեւոն Արոնյանի միջեւ մրցախաղը մեծ հետաքրքրություն է առաջացրել: Ինչպես հայտնի է, ՖԻԴԵ-ն որոշում է ընդունել, որ հաջորդ տարվանից աշխարհի գավաթակիրն իրավունք է ստանում շախմատային գահն անմիջականորեն վիճարկել աշխարհի չեմպիոնի հետ: Թեեւ երեւանյան մրցապայքարը կրում է ընկերական բնույթ, բայց կասկած չկա, որ շախմատային աշխարհը մեծ հետաքրքրությամբ կհետեւի երկու հռչակավոր գրոսմայստերների մենամարտին:
Հայաստանը շախմատային երկիր է, Տիգրան Պետրոսյանի եւ օլիմպիական չեմպիոնների երկիր: Մենք սիրում ու մեծարում ենք մեր հանրահայտ գրոսմայստերներին, միաժամանակ հարգանք ենք տածում շախմատային աշխարհի բոլոր մեծությունների նկատմամբ, սիրով հյուրընկալում ենք նրանց: Երեւանում անցկացված շախմատի համաշխարհային 32-րդ օլիմպիադայի մասնակիցների թվում էր նաեւ այն ժամանակ դեռ շատ երիտասարդ Վլադիմիր Կրամնիկը, որը 11 տարի անց կրկին Երեւանում է արդեն որպես աշխարհի չեմպիոն: Մենք սիրով ողջունում ենք շախմատային այդ հսկային: Հայ շախմատասերները մեծ հետաքրքրությամբ եւ սպասելիքներով հետեւում են շնորհաշատ Լեւոն Արոնյանի ելույթներին, երազում, որ նա կարող է կրկնել մեծն Տիգրան Պետրոսյանի բացառիկ նվաճումը: Կասկած չկա, որ Կրամնիկի հետ մենամարտն Արոնյանի մարզական կենսագրության ամենակարեւոր էջերից մեկը կլինի: Համոզված ենք, որ մենք ականատես կլինենք գեղեցիկ մրցակցության: Շնորհավորում եմ բոլորիս մրցախաղի մեկնարկի կապակցությամբ»:
Այնուհետեւ խոսքը տրվեց ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովին, որը մասնավորապես ասաց. «ՖԻԴԵ-ի կողմից ողջունում եմ այս հիասքանչ տոնի առթիվ: Սա իրոք տոն է միլիոնավոր շախմատասերների համար, քանի որ հանդիպում են աշխարհի չեմպիոն Կրամնիկն ու աշխարհի գավաթակիր Արոնյանը: 1996 թ.-ին Երեւանում անցկացված շախմատային օլիմպիադայում Կրամնիկը Ռուսաստանի հավաքականի կազմում նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Արոնյանը թեեւ երիտասարդ է, սակայն եւս տիտղոսակիր է: 2005 թ.-ին նա դարձավ աշխարհի առաջին գավաթակիրը, իսկ անցյալ տարի Հայաստանի հավաքականի կազմում դարձավ օլիմպիական չեմպիոն: Երբ 1996 թ.-ին Սերժ Ազատիչին հարցրի, թե ինչո՞ւ չնվաճեցին օլիմպիական ոսկին, ասաց, որ հյուրընկալության կանոններից ելնելով այն զիջեցինք Ռուսաստանի ընտրանուն: Կրամնիկին ցանկանում եմ, որ լավ նախապատրաստվի աշխարհի չեմպիոնի տիտղոսի պաշտպանությանը, իսկ Արոնյանին հաջողություն եմ մաղթում մայիսի 25-ին Էլիստայում կայանալիք աշխարհի առաջնությունում»:
Նշենք, որ Վլադիմիր Կրամնիկին, Լեւոն Արոնյանին, Կիրսան Իլյումժինովին ընդունել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Կրամնիկն ու Արոնյանը մայիսի 3-ին Ծիծեռնակաբերդում հարգել են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը, անվանական ծառ են տնկել, Ցեղասպանության զոհերի հիշատակի թանգարանում գրառումներ են կատարել պատվավոր հյուրերի մատյանում: Սերժ Սարգսյանը մրցախաղի մասնակիցներին պարգեւատրել է Տիգրան Պետրոսյանի անվան ոսկե հուշամեդալով:
Համառոտ ներկայացնենք մրցաշարի մասնակիցներին: Վլադիմիր Կրամնիկը ծնվել է 1975 թ. հունիսի 25-ին Տուապսեում: Շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանից: Պաշտոնական մրցաշարերում անցկացրել է 2811 պարտիա, որից 470-ում հաղթել է, 730-ն ավարտել ոչ-ոքի, 127-ումՙ պարտվել: Նա 1991 թ.-ին նվաճել է մինչեւ 18 տարեկանների աշխարհի չեմպիոնի տիտղոսը: ՌԴ հավաքականի կազմում երեք անգամ նվաճել է օլիմպիական չեմպիոնի կոչումը: Մի շարք միջազգային մրցաշարերի հաղթող է: 2000 թ.-ին Լոնդոնում կայացած մրցախաղում 8,5-6,5 հաշվով հաղթելով Գարի Կասպարովին, Կրամնիկը դարձավ աշխարհի 14-րդ չեմպիոնը: 2004 թ.-ին Բրիսագոյում ոչ-ոքի (7-7) ավարտելով մրցախաղը Պետեր Լեկոյի հետՙ պահպանեց չեմպիոնի տիտղոսը: Անցած տարի Էլիստայում հաղթելով ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոն Վեսելին Թոփալովինՙ Կրամնիկը նվաճեց աշխարհի բացարձակ չեմպիոնի տիտղոսը:
Լեւոն Արոնյանը ծնվել է 1982 թ.-ի հոկտեմբերի 6-ին Երեւանում: Նա շախմատ սկսել է խաղալ 5 տարեկանից: 1995 թ.-ին դարձել է միջազգային վարպետ, 2001 թ.-ին նրան շնորհվել է գրոսմայստերի կոչում: 2002 թ.-ի Հայաստանի չեմպիոնն է, նույն թավականի աշխարհի պատանիների չեմպիոնը: Ժամանակին եղել է աշխարհի մինչեւ 12 տարեկանների չեմպիոն, աշխարհի պատանիների արագ շախմատի չեմպիոն, Հայաստանի պատանիների չեմպիոն: 1998 թ.-ին Հայաստանի պատանեկան հավաքականի կազմում դարձել է համաշխարհային օլիմպիադայի հաղթող: Հաղթող է ճանաչվել Ջիբրալթարի, Ստեփանակերտի, Լինարեսի, Մոսկվայի, Վեյք ան Զեեի մրցաշարերում: 2005 թ.-ին Խանտի Մանսիյսկում նվաճել է աշխարհի գավաթը, հաջորդ տարի Թուրինում դարձել օլիմպիական չեմպիոն, Մայնցում 5-3 հաշվով հաղթելով Պյոտր Սվիդլերին, նվաճել է Ֆիշերի շախմատի վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Նշենք, որ մինչ օրս Կրամնիկն ու Արոնյանը հանդիպել էին վեց անգամ: Երկու պարտիա շահել էր Կրամնիկը, չորս պարտիա ավարտվել էր ոչ-ոքի: Երեկ մրցակիցներն անցկացրին առաջին երկու պարտիաները: Առաջին պարտիայում սպիտակներով խաղում էր աշխարհի չեմպիոնը: Համառ մրցապայքարից հետո 45-րդ քայլում Կրամնիկը հաղթանակ տոնեց: Հանգստից հետո մրցակիցները կրկին նստեցին խաղասեղանի շուրջը: Այս անգամ սպիտակներով խաղում էր Լեւոն Արոնյանը: Հայ գրոսմայստերը լի էր ռեւանշի հասնելու վճռականությամբ եւ դա նրան հաջողվեց: Աշխարհի չեմպիոնը համառորեն ուղիներ էր փնտրումՙ փրկելու խաղը, բայց ի վերջո երկարատեւ պայքարից հետո 76-րդ քայլին ընդունեց իր պարտությունը: Այսպիսով Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց Կրամնիկի հետ անցկացրած մրցախաղերում: Առաջին օրվա պարտիաներից հետո հաշիվը հավասար էՙ 1-1: Այսօր եւ վաղը մրցակիցները կանցկացնեն եւս երկուական պարտիա:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ