«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#81, 2007-05-03 | #82, 2007-05-04 | #83, 2007-05-05


ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՍԿԵՏԲՈԼԸ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ Է ԱՊՐԵԼՈՒ

Շուրջ մեկ տարի է, ինչ բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիան գլխավորում է մարզաձեւի մեծ սիրահար, միջազգային կարգի մրցավար Հրաչյա Ռոստոմյանը: Կարճ ժամանակահատվածում զգալի աշխատանք է կատարվել մարզաձեւը հանրապետությունում արմատավորելու եւ զարգացնելու ուղղությամբ: Առաջին հերթին խնդիր դրվեց մեծացնել մարզիկների ծանրաբեռնվածությունը, ավելացնել մրցումների քանակը: Եթե նախկինում Հայաստանի առաջնությունները անցկացվում էին մեկ վայրում եւ տարվա մեջ տեւում էին ընդամենը մեկ ամիս, ապա այժմ թիմերը 6-7 ամիս մրցումների բովում են, հանդիպումներն էլ անցկացվում են սեփական եւ մրցակցի դաշտերում, ինչը զգալիորեն մեծացնում է մրցումների աշխարհագրությունը:

Մասնավորապես բարձրագույն խմբի մեծահասակների առաջնությանը մասնակցում են տղամարդկանց 6 եւ կանանց 7 թիմեր, որոնք չորս շրջանով պայքար են մղում հանրապետության չեմպիոնի տիտղոսի համար: Տղամարդկանց մրցաշարում չորս թիմերՙ ԵՊՀ-ն, «Պոլիտեխնիկը», «Գյումրին» եւ ՖԻՄԱ-ն ռեալ կերպով հավակնում են չեմպիոնի տիտղոսին: Նրանց միջեւ համառ պայքար է ընթանում: Կանանց մրցաշարում պատկերն այլ է: Այստեղ ոսկե մեդալների համար պայքարը ծավալվել է «Գրանդ Քենդի» եւ Գյումրու մանկավարժական ինստիտուտի թիմերի միջեւ: 3-4-րդ տեղերի համար պայքարում են «Արցախն» ու «Էրեբունի-ՖԻՄԱ»-ն:

Ֆեդերացիայի նախագահը տեղեկացրեց, որ անցկացվում են նաեւ պատանեկան մրցումներ տարիքային երեք խմբերով (1991-92, 1993-94, 1995-96թթ.): Յուրաքանչյուր խմբի մրցաշարին մասնակցում է 20-25 թիմ: Մրցումներն անցկացվում են Մասիսում, Վանաձորում եւ Երեւանում: 1-2-րդ տեղերը զբաղեցրած թիմերն իրավունք կստանան մասնակցելու Հայաստանի առաջնությանը: Ըստ Հրաչյա Ռոստոմյանի, այսօր հանրապետության բասկետբոլային հենակետային քաղաքներ են Գյումրին, Արթիկը, Մասիսը, Արարատը, Էջմիածինը: Առաջին անգամ մրցումներին մասնակցեց Նոյեմբերյանի թիմը, որը վատ տպավորություն չթողեց:

Բավական լավ հարաբերություններ են ստեղծվել բասկետբոլի Հայաստանի եւ եվրոպական ֆեդերացիաների միջեւ: Մոտ օրերս որպես օգնություն մեր ֆեդերացիան մոտ 700 գնդակ կստանա, որը կհատկացվի մարզադպրոցներին, թիմերին: Լուրջ խնդիր էր մրցավարների պատրաստման, նրանց որակավորումը բարձրացնելու հարցը: Այս տարի ֆեդերացիան առաջին անգամ Արթիկում մեկ շաբաթվա դասընթացներ կազմակերպեց մրցավարների համար, որոնց մասնակցեցին 12 պատանիներ: «A» կարգի մրցավարները սպասարկում են բարձրագույն խմբի, «B» կարգինըՙ երիտասարդական եւ պատանեկան առաջնությունների հանդիպումները: Զգալիորեն բարձրացվել է մրցավարների վարձատրությունը:

Ֆեդերացիան ուշադրության կենտրոնում է պահում հավաքականների հիմնախնդիրներըՙ ամեն ջանք ներդնելով ուսումնամարզական հավաքներ ու մրցումներ կազմակերպելու համար: Մեր պատանիները Մոսկվայում մասնակցել են ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների հավաքականների մրցաշարինՙ 12 թիմերի մեջ գրավելով 5-րդ տեղը: Պատանեկան հավաքականը նաեւ մասնակցել է Ֆրանսիայում անցկացված միջազգային մրցաշարին: Շուտով Հայաստանի պատանեկան եւ աղջիկների հավաքականները Թբիլիսիում կմասնակցեն միջազգային մրցաշարի:

Ինչպես հայտնի է, մեր մինչեւ 16 եւ մինչեւ 18 տարեկանների աղջիկների ու պատանիների հավաքականները պետք է մասնակցեն «B» խմբի Եվրոպայի առաջնությանը: Երկարատեւ ընդմիջումից հետո Հայաստանի բասկետբոլիստները հնարավորություն են ստացել միջազգային մրցասպարեզ դուրս գալ: Սակայն ցավոք առայժմ լուծված չէ ֆինանսավորման հարցը: Ըստ Հրաչյա Ռոստոմյանի, անհրաժեշտ է մոտ 25 մլն դրամ: Ֆեդերացիայի նախագահը հույս ունի, որ կգտնվեն հովանավորներ, որոնց ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավոր կլինի մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Դա նախեւառաջ պատվի հարց է:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4