«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2007-05-04 | #83, 2007-05-05 | #84, 2007-05-08


ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՐԴԵՆ 70 ՀԱԶԱՐ ՍԱՓՐԱԳԼՈՒԽ ԿԱ

Հայերը նրանց գլխավոր թիրախներից են

Ռուսաստանցի իրավապաշտպանները հաղորդում են ագրեսիվ ազգայնականների` այսպես կոչված սափրագլուխների թվի վտանգավոր աճի մասին: Ներկայումս փորձագետները համակարծիք են, որ Ռուսաստանում սափրագլուխների թիվը հասնում է 70 հազարի: Մինչդեռ երկու տարի առաջ նրանց թիվը 50 հազար էր: ՌԻԱ գործակալությունը նշում է, որ օտարերկրացիների վրա հարձակումներ են կատարվում ամեն օր, սպանություններ` ամեն շաբաթ:

ՌԴ քաղաքներում արմատական-ազգայնական կազմակերպությունները ներկայումս ձգտում են անցկացնել բազմամարդ միջոցառումներ, որոնց ընթացքում հնչում են ազգամիջյան թշնամանք հրահրող կարգախոսներ: Մարդու իրավունքների մոսկովյան գրասենյակի տնօրեն Ալեքսանդր Բրոդի տեղեկությունների համաձայն, 2007 թ. հունվար-ապրիլ ամիսներին Ռուսաստանում տեղի է ունեցել 80 ռասիստական հարձակում, որոնց հետեւանքով զոհվել են 25 եւ վիրավորվել 80 անձինք: Այդ նույն ժամանակամիջոցում երկրի դատարանները 21 մեղադրական դատավճիռ են կայացրել ազգային ատելության հողի վրա կատարված հանցագործությունների կապակցությամբ:

Այլ աղբյուրների համաձայն, այս տարվա առաջին 4 ամիսներին Ռուսաստանում ռասիզմի եւ ազգային ատելության հողի վրա կատարվել է մոտ 200 հարձակում, որոնց հետեւանքով զոհվել են 25 եւ վիրավորվել 154 անձինք:

Ալեքսանդր Բրոդի խոսքերով, սափրագլուխներն ամենից հաճախ հարձակվում են ադրբեջանցիների, ուզբեկների, հայերի, կորեացիների, վրացիների եւ աֆրիկացիների վրա: Բացի դրանից, հաճախակի են դարձել հարձակումները սեռական փոքրամասնությունների եւ երիտասարդական ենթամշակույթների ներկայացուցիչների վրա:

Ինտերֆաքս գործակալությունը նշում է, որ սափրագլուխները հատկապես ակտիվ են գործում Մոսկվայում, Նիժնի Նովգորոդի մարզում, Սանկտ Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Վլադիվոստոկում, Օրենբուրգում, Սարատովում, Սվերդլովսկի մարզում, Արխանգելսկում եւ Վորոնեժում: Այլատյացության վերջին զոհը ՉԺՀ քաղաքացի, Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտի 5-րդ կուրսի ուսանող Լյու Յանն է, որին անհայտ անձինք մայիսի 1-ին ծեծեցին Մոսկվայի հյուսիսում` Կոչնովսկի փողոցում: Գանգուղեղի փակ վնասվածք, ուղեղի ցնցում եւ քունքի վնասվածք ստացած չինացին ներկայումս քաղաքի 81-րդ հիվանդանոցում է:

Գերմանացի պաստոր Մարտին Նիմյուլլերը 1943 թ. ասել է. «Երբ նացիստները եկան կոմունիստների հետեւից, ես լռեցի, քանի որ կոմունիստ չէի: Երբ նրանք եկան հրեաների հետեւից, ես լռեցի, քանի որ հրեա չէի: Երբ նրանք սկսեցին ոչնչացնել արհմիությունները, ես լռեցի, քանի որ արհմիության անդամ չէի: Երբ նրանք անցան կաթոլիկներին, ես լռեցի, քանի որ բողոքական էի: Իսկ երբ նրանք եկան իմ հետեւից, այլեւս չկար մեկը, որ ինձ պաշտպան կանգներ»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4