Նախիջեւանի գյուղերից մեկի բնակիչների հավաստմամբ, մայիսի 4-ին գյուղում հայտնվել են երեք հայուհիներ, «Ռեալնի Ադրբեջան» թերթին հղում կատարելով, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը: Ըստ ադրբեջանական թերթի աղբյուրների, երեք կանայք հայտնվել են գյուղում եւ բնակիչներից մեկին խնդրել իրենց ուղեկցել գյուղում առկա եկեղեցին, որը շատ ավելի մեծ հավանականություն ունի լինելու հայկական, բայց ադրբեջանական թերթում նշվում է որպես աղվանական կառույց: Թերթը վկայում է, թե երեք կանայք, գյուղի բնակչի կասկածներին ի պատասխան, հայտարարել են, թե Ռուսաստանի քաղաքացիներ են, լրագրողներ, եւ եկել են նկարահանումների: Թերթը տեղեկացնում է, թե երեք կանայք ձերբակալվել են եւ տարվել ոստիկանություն: Թե իրապես ի՞նչ է տեղի ունեցել, դժվար է ասել: Ամեն դեպքում, եթե խոսքը վերաբերում է հայուհիներին, ապա թերեւս այս տեղեկությունը ճշտման կարիք ունի: Պաշտոնական Բաքուն հերքում է երեք լրագրողների ձերբակալությունը: