Վալահիան եւ Մոլդովան` որպես ռումինական անկախ իշխանություններ, կազմավորվել են 14-րդ դարի ընթացքում: 15-րդ դարի սկզբից ռումինական իշխանություններն ընկել են Օսմանյան տիրապետության տակ որպես կիսանկախ հարկատու վասալներ: 16-րդ դարում ռումին իշխաններ Շտեֆան Մեծը (Մոլդովայում) եւ Միհայ Քաջը (Վալահիայում) փորձեցին թոթափել թրքական լուծը: Դեռեւս 15-րդ դարում Մոլդովայում եւ Վալահիայում հաստատված հայերի հետնորդները ակտիվորեն մասնակցեցին հակաօսմանյան ազատագրական պայքարին, օրինակ` իշխաններ Յոն Ահեղ Հայը, Կարապետ Պոտկովան, Պետրու Րարեշ իշխանի խորհրդատու Պետրու Վարդիկը, Միհայ Քաջ իշխանի դիվանագիտական գործակալ Պետրոս Հայը եւ ուրիշներ: Դիվանագետ Մանուկ Բեյ Միրզայանը 19-րդ դարի առաջին տասնամյակների ընթացքում իր ազգասեր եւ իմաստուն գործունեությամբ համագործակցեց ռուս դիվանագետների հետ եւ օժանդակեց ռումինական իշխանություններում թրքական ազդեցության թուլացմանը:
1887 թ.-ին ռուս-թուրքական պատերազմն առիթ էր ռումին եւ բալկանյան մյուս երկրների համար թոթափելու դարավոր օսմանյան լուծը: 1877 թ.-ի մայիսի 9-ին Ռումինիայի Միացյալ իշխանությունների ազգային ժողովը հռչակեց Ռումինիայի անկախությունը: Այսպիսով, վերջ դրվեց երկրի հինգհարյուրամյա ենթակայությանը թրքական լծին: Ռումինական բանակը, իշխան Կարոլի ղեկավարությամբ համագործակցելով ռուսական բանակի հետ, անցավ Դանուբ գետը եւ մի շարք ճակատամարտերում ջախջախեց թուրքերի պաշտպանական դիրքերը: Ռումինական բանակի շարքերում իրենց հարազատ դարձած հայրենիքի անկախության համար թուրքերի դեմ կռվում էին բազմաթիվ հայ զինվորներ, որոնցից ոմանք զոհեցին իրենց կյանքը: Վիդին բերդաքաղաքի գրավման ժամանակ ռումինական բանակի հայ գնդապետ Միքայել Չերքեզը գերեց Սինան փաշային եւ նրա ձեռքից ստացավ սուրը: Գնդապետ Միքայել Չերքեզն արժանացավ գեներալի աստիճանի: Դաշնակից բանակների միացյալ հաջողությունների հետեւանքով ռուսական հարյուր հազարանոց զորամասերը գրավեցին Ադրիանապոլիսը, նեղուցների եվրոպական ծովափերը եւ հասան մինչեւ Ստամբուլի մատույցներ: Արյունարբու սուլթան Համիդը զինադադար խնդրեց եւ Սան-Ստեֆանոյում սկսվեցին բանակցություններ, որոնց արդյունքները, դժբախտաբար, մեզ` հայերիս համար, վերանայվեցին Բեռլինում կայացած վեհաժողովում 1878 թ.-ին: Բեռլինում եվրոպական մեծ պետությունները de jure ճանաչեցին Ռումինիայի անկախությունը: Բայց որոշեցին Բեսարաբիան հանձնել Ռուսաստանին եւ փոխարենը Ռումինիային տալ Թուրքիայից ազատագրված Դանուբի եւ Սեւ ծովի միջեւ գտնվող Դոբրոջայի տարածքը` Կոստանցա նավահանգստով:
Սկսվեց ռումին անկախացած պետականության տնտեսական եւ մշակութային զարգացումը: 1881 թ.-ի մարտի 14-ին Ռումինիան հռչակվեց թագավորություն, իսկ իշխան Կարոլը եւ իշխանուհի Էլիզաբետան` թագավոր եւ թագուհի: Անկախացած եւ ինքնիշխան Ռումինիան դուրս եկավ միջազգային ասպարեզ: Երկրի բարգավաճմանն իրենց լուման ներդրեցին դարերից ի վեր այստեղ ապրող բոլոր հայերը: Թվենք մի քանիսին. Ազգային ժողովի նախագահ եւ նախարար` Վասիլե Միսիր, տնտեսագետ եւ Ռումինիայի աշխատանքի նախարար` Գրիգորե Տրանկու-Յաշ, գեներալներ Միքայել Չերքեզ եւ Հակոբ Զատիկ, գրաքննադատ եւ գրող Կարապետ Իբրաիլյանու, երաժշտագետ Էմանոիլ Չոմակ, կերպարվեստի քննադատ եւ հավաքող` Գրիգոր Զամբակչյան, արեւելագետ Հ. Սիրունի, Ռումինիայի կրթության առաջին նախարար եւ հայտնի մանկավարժ Սպիրու Հարեթ, համաշխարհային համբավի արժանացած բժիշկ ներզատիչաբան Աննա Ասլան, նկարիչներ` Աբգար Բալտազար, Հրանտ Ավագյան, քանդակագործուհի Յոաննա Կասարճյան, գծագրիչ Չիկ Տամատյան, հռչակավոր երգիչներ Կարպիս Զոբյան, Դավիթ Հովհաննիսյան եւ շատ-շատ ուրիշներ, որոնք սատարեցին ռումինական մշակույթի եւ գիտության` համաշխարհային ասպարեզ դուրս գալը: Ժամանակակից Ռումինիայի քաղաքական եւ գիտական կյանքում առաջնային տեղ են գրավել Ռումինիայի հայերի ընկերակցության նախագահ, գրող, սենատոր եւ Ռումինիայի էկոնոմիկայի եւ արդյունաբերության նախարար Վարուժան Ոսկանյանը, համակարգչական, պրոֆեսոր, երկրի ազգային ժողովի էթնիկ հարցերի հանձնաժողովի նախագահ Վարուժան Փամբուկչյանը եւ շատ ուրիշներ:
Հայ եւ ռումին ժողովուրդների պատմական եւ մշակութային կապերը հազարամյա պատմություն ունեն, իսկ 130-ամյա Ռումինիայի եւ 15-ամյա ազատ Հայաստանի միջեւ քաղաքական ու տնտեսական կապերը սկսվեցին 1991 թ.-ի դեկտեմբերից, երբ Ռումինիան առաջինը ճանաչեց Հայաստանի անկախությունը: Այս 15 տարիների ընթացքում մեր երկու պետությունների միջեւ քաղաքական կապերը զգալիորեն զարգացել են: Երկու նախագահների միջեւ երեք անգամ տեղի են ունեցել պետական պաշտոնական փոխադարձ այցելություններ եւ բանակցություններ: Ռումինիան պաշտպանեց Հայաստանի Եվրոխորհուրդ ընդունման հարցը: Ներկա պայմաններում միջպետական կապերի զարգացման հիմնական գործոնը հանդիսանում է էկոնոմիկան: 2006 թ.-ի հոկտեմբերի 4-ին Երեւանում էր Ռումինիայի նախագահ Տրայան Բըսեսկուի գլխավորած պատվիրակությունը: Բարեկամական, ջերմ մթնոլորտում կայացավ բավական կառուցողական երկխոսություն: Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ Արեւելյան Եվրոպայում Ռումինիան այն երկրներից է, որի հետ Հայաստանի հարաբերությունները բավական առաջատար են: Ռումինիայի նախագահ Տրայան Բըսեսկուն հայտարարեց, որ իր երկիրը կաջակցի Հայաստանի մերձեցմանը Եվրոմիությանը, Կոստանցա նավահանգիստը բաց կլինի հայկական արտադրանքը դեպի Եվրոպա փոխադրելու համար:
Մայիսի 9-ին, երբ նշում ենք Ռումինիայի անկախության 130-ամյակը, մենք` բոլոր հայերս, եղբայրական Ռումինիային եւ նրա ժողովրդին մաղթում ենք բարգավաճ կյանք եւ երջանկություն, կաշխատենք էլ ավելի զարգացնել եւ ամրապնդել մեր եղբայրացած ժողովուրդների միջեւ դարերի խորքից եկած բարեկամությունը:
ՀԱԿՈԲ ԱՌԱՔԵԼՅԱՆ, Հայաստան- Ռումինիա ընկերակցության նախագահ