«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2007-05-04 | #83, 2007-05-05 | #84, 2007-05-08


ԼԻՐԻԿԱԿԱՆ ԶԵՂՈՒՄՆԵՐՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՉԵՆ ՀԵՌԱՆՈՒՄ

Գալուստ Սահակյանը շարունակում է ՀՀԿ-ի համար մեծամասնություն կանխատեսել

Երեկ ՀՀԿ երկու ներկայացուցիչ տարամետ բացատրություններ տվեցին ապագա խորհրդարանում ՀՀԿ ներկայացվածության ակնկալիքների վերաբերյալ: Գալուստ Սահակյանը «Տեսակետ» ակումբում շարունակեց պնդել, թե ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմելու, իսկ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն «Ուրբաթ» ակումբում, «Ազգի» հարցին պատասխանելով` նկատեց, թե դա Գ. Սահակյանի անձնական կարծիքն է, ՀՀԿ-ն տեսակետ չի հայտնել մեծամասնություն կազմելու մասին:

Գ. Սահակյանն էլ ավելի մանրամասնեց, թե կուսակցությունում տարբեր վերլուծություններ կան, ըստ որոնց 45-55 տոկոսի հնարավորություններ են ֆիքսվում, բայց անձամբ ինքը շարունակում է պնդել, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է դառնալու:

Ընտրարշավն, ըստ նրա, կարծես թե նորմալ է անցնում, սակայն վերջում արդեն իսկ նկատելի են որոշակի ջղաձգություններ, դա էլ հասկանալի է` որեւէ մեկը չի մտածում պարտությունն ավելի զուսպ տանել: Որքան էլ քաղաքակիրթ լինեն ընտրությունները, միեւնույն է, կան ուժեր, որոնք ընտրություններից հետո ասելու են` հեռացեք, իշխանություններ:

Կոնկրետ Հանրապետականն ամեն ինչ անում է, որ կրքերի ընդգծված լարվածություն չառաջանա, առավել եւս` ներկուսակցական մեխանիզմներով նպաստելու է, որ ընտրությունների օրը խառնաշփոթ չստեղծվի, խոստացավ Գ. Սահակյանը:

Նրա հայացքով` այն կուսակցությունները, որոնք պայքարում են 5 տոկոսը հաղթահարելու համար, բավականին վարդագույն են ներկայացնում ապագան, եւ անուղղակի օրինակներ բերեց. ի՞նչ կլինի մեր երկրի վիճակը, երբ քաղաքական ուժն ասում է, թե բանակը պրոֆեսիոնալ դարձնենք, դրա համար մեր մեկ տարվա բյուջեն բավարար չէ: Կամ` որ խոստանում են` թոշակները կբարձրացնենք 60-70 հազար կդարձնենք, ուսուցիչների աշխատավարձը կդարձնենք 300 հազար, եթե այդ ասող ուժերը գան իշխանության` պետությունը կտանեն կործանման, համոզված է Գ. Սահակյանը: Իսկ քաղաքական դաշտն այնպիսին է, որ միշտ էլ անակնկալներ կարող են լինել, եւ դա կդժվարացնի պետության կյանքը. «Ժողովուրդը մանուկ է մնում, իսկ մանուկները հեքիաթ շատ են սիրում, մինչդեռ պետական գործառույթներն այդպես լինել չեն կարող»: Սա` ընդդիմադիրների մասով: Իշխանության մեջ եղած կուսակցություններն էլ են չափազանցված բաների մասին խոսում, չնայած էլի զուսպ են, որովհետեւ տեսել են, թե ինչպիսի ծանր բեռ է պետություն պահելը, եւ հնարավոր չէ գալ իշխանության` միանգամից աշխատավարձերը բարձրացնել: Երկիրը պիտի լինի կայուն, որպեսզի սոցիալական խնդիրներ լուծվեն, եւ անվտանգ` որպեսզի տնտեսական խնդիրներ լուծվեն, այս է ՀՀԿ-ի դիրքորոշումը: Անդրադարձ անելով անցյալին` ներկայիս խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավարը հիշեց, որ տարիներ առաջ ընտրարշավի գնալիս շատ հարցերի պատասխաններ չուներ ՀՀԿ-ն` պետությունն ամիսներով չէր կարողանում թոշակ տալ. 2001 թվականին արդեն կառավարությունը կարողացավ ժողովրդին իր 70 մլրդ պարտքը փակել: Կոալիցիոն գործընկերներն էլ, տարիներ ճանապարհ անցնելով ՀՀԿ-ի հետ` ընտրությունների մոտենալու հետ սկսում են ասել, թե ՀՀԿ-ն է ամեն ինչի պատասխանատուն. «Երբ մենք ասում ենք մեծամասնություն պիտի լինենք` սա ըստ էության ոչ թե հոխորտանք է, կանխատեսում է, պարզապես մտածում ենք, որ մեր ժողովուրդը գնահատել գիտե` գնահատեց 2003 թվականին, գնահատելու է նաեւ այսօր: Բացի այդ` ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որն ունի կայուն ձայներ»: Ըստ նրա` կուսակցությունների մեծ մասը կողմնորոշված ձայներ չունի, ընդդիմության ճակատի ոչ ճիշտ քաղաքական գործունեության հետեւանքով էլ հնարավոր չէ կողմնորոշվել, թե ընդդիմության ո՞ր թեւերը կհայտնվեն խորհրդարանում. «Բայց որ լինելու են` բնականաբար բոլորս էլ գիտակցում ենք»:

Լրագրողի ճշտող հարցից հետո` Գ. Սահակյանը կոալիցիոն գործընկերոջ հարցում կոնկրետացավ. «Հին ընկերներն էլ կարող են դավաճանել, հնագույնն էլ. մեկը լքեց, դաշնակցությունն էլ քաղաքական այլ բնութագրերով է հանդես գալիս, ինչը եւս բնական գործընթաց է` ընտրությունների շեմին բոլորն էլ ուզում են ավելի մեծ թվով պատգամավոր ունենալ»:

Իսկ ընդդիմության «Հեռացեք» կոչերին էլ պատասխանեց. «Դա ծիծաղելի բանաձեւ է քաղաքականության մեջ, դա պետք է հասարակական ընկալման հետեւանք լինի: Ով պայքարով է եկել իշխանության եւ նպատակներ ունի, նա այդպես լիրիկական զեղումներով իշխանությունից չի հեռանա»:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4