«Բնակչության զբաղվածություն» եւ սոցիալական իրավապաշտպան, «Գարդմանա երկիր» բարեգործական, «ԱՄԻԿ» սպորտային ակումբ, «Ռուզան» բարեգործական, «Արարատի կանչ» բարեգործական, «Կեչառիս» հաշմանդամ երեխաների եւ ծնողների ու «Երկրորդ համաշխարհային պատերազմում արդարացված ռազմագերիներ» միություն հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ղեկավարները երեկ «Փաստարկ» ակումբում հանդես եկան համատեղ հայտարարությամբ: ՀԿ-ների ղեկավարները հայտարարության մեջ կոչ էին անում «հավատարիմ լինել ժողովրդավարության եւ ազգային արժեքների զարգացմանը», «անմասն չմնալ պետության համար վճռորոշ» գործընթացից եւ մասնակցել ընտրություններին: Միեւնույն ժամանակ ՀԿ-ների ղեկավարները հայտարարեցին, որ խորը հարգանք տածելով բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ, բայց հաշվի առնելով «Հանրապետական կուսակցության կառավարման փորձն ու քաղաքական կենսագրությունն»` իրենք իրենց վստահության քվեն տալու են ՀՀԿ-ին եւ նույնկերպ վարվելու կոչ են անում մյուսներին:
Թեեւ օրենքով արգելվում է, որ ՀԿ-ները զբաղվեն քաղաքականությամբ, բայց «Գարդմանա երկիր» ՀԿ-ի համանախագահ Սեյրան Աֆյանը նշեց, որ իրենք ակտիվ քաղաքականությամբ չեն զբաղվում, պարզապես իրենց խնդիրների լուծումն ունենալու համար դրանք պետք է բերեն քաղաքական դաշտ: Իսկ իրենց խնդիրների լուծման համար ՀԿ-ները կարող ուժ են համարում ՀՀԿ-ին:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ