Երանելի ժամանակներ են գալիս, քանի որ մի քիչ էլ համբերություն դրսեւորելուց հետո ուղղակի ազատ կլինենք էս քաղաքական առատ բազմախոսությունից ու շատ ավելի հաճախ դատարկաբան խոստումներից: Բայց, դե, ինչպես կասեր մեր օրերում հաստատ ընկալվելու խնդիր ունեցող պապս` ամեն ինչ իր ժամանակին:
Հեռուստացույցից ու քաղաքական գովազդների գրոհից «ճմռթած» Երեւանից որոշեցի փախչել ու պատահած ճանապարհն ընտրելով` հայտնվեցի Վանաձորի ճանապարհին: Ասելու չէ, թե աչքերիս երանությունն ուր էր հասել. ոչ ամենուր ներկա ու բոլոր խելոք մտքերը լոզունգ դարձրած «Բարգավաճ Հայաստանի» առատ գովազդումներն էին աչքիս պատահում, ոչ Հանրապետական կուսակցությանՙ Հայաստանը ողողած դրոշակիկները, ոչ Դաշնակցությանՙ չգիտես հայության հետ ինչ կապ ունեցող պաստառները` իբր քաղաքակրթության «լվացքի մեքենայով» մաքրված հայաստանցիների դեմքերով...
Միով-բանիվ, Արագածի փեշերի բարձունքները հաղթահարելուն զուգընթաց երջանկությունս (որ ամեն ինչում է հայտնի իր կարճատեւությամբ) ցնդեց: Դե, իհարկե, միայն մնացել էր, որ մեր քաղաքական կուսակցություններն անմասն չեն թողել մեր խեղճ մարզերն ու գյուղերը: Մենակ Ապարանում Հանրապետական պաստառներն ու կրիաների նման բազմացած դրոշակիկներն են «զարդարում» միակ բանուկ ճանապարհի շենքերի դիմահար պատերը: Տեղ-տեղ էլ, կարծես նրա հետ քայլ պահելու համար, էլի պատահում էին «Բարգավաճ Հայաստանի» ավետումները:
Սպիտակում ու Վանաձորում խառնափնթոր ու համարյա իրար գլխի ելած տեղավորվել էին էն սոցիոլոգիական հարցում-կանխատեսումների հիմնական առաջատարները (էդ հարցումներն էլ ո՛չ վստահության, ո՛չ էլ հավատի հարց են առաջացնում, մի հարցնող լինի, թե ուզածդ պահին փողը չի՞ որոշում սրա-նրա առաջատար լինելը): Բայց իմ աչքի տեսածով, ոնց որ թե Դաշնակցությունը չէր երեւում: Բայց դրա փոխարեն Դաշնակցություն «հին ընկերը» Ալավերդիում էր լավ «տեղավորվել»:
Իմ տեսածի մեծաքանակության ու ծանրակշռության մասին փոքր կարծիք չունեցող անձիս համար մի բան ուղղակի ապշեցուցիչ էր: Պարզվում է, անհանդուրժողականության մրցակցության կրկես սարքած մեր քաղաքական գործիչներն ու ուժերը լավ էլ կարողանում են միմյանց կողքին յոլա գնալ... Իհարկե, անազնիվ կլինեմ չընդգծելու համար, որ խաղաղության ու հանդուրժողականության դրսեւորումներ ունենում են «պաստառային» դեմքերը` Հանրապետականը չի նեղանում «Օրինաց երկրի» առաջնորդների շատ մոտիկ ներկայությունից, Դաշնակցությունն էլ խաղաղ «հայացքով» է նայում «Բարգավաճի» բարգավաճող ախորժակին:
Ամեն դեպքում, երբեք բարի նախանձ հասկացությունը չընդունող ինձ նման մեկը նախանձեց մեր մարզերի խաղաղ կյանքին. ապարանցու համար մինչեւ այսօր հարցը եղանակն է, վանաձորցիք ու սպիտակցիք էլի չգիտեն ինչով զբաղեցնեն իրենց, որ դրա միջոցով տուն պահեն, ալավերդցին ու ընդհանրապես Ձորի ժողովուրդն էլ էն եղած-չեղած պղնձամոլիբդենային գործարանի տառացիորեն խեղդող գործունեությունից բացի ինչ կարող է ուտել` չի գտնում:
Հետաքրքրական է իմանալ, թե էս մարզերին ինչո՞ւ բանի տեղ չեն դնում, ի՞նչ են կախվել Երեւանի գլխին ու ավել-պակաս խոստումներ շաղ տալիս: Բա գյուղի կյանքն ո՞վ պիտի թեթեւացնի կամ էլ ի՞նչը թեթեւացնեն... Մա՞րդ է մնացել գյուղում, որ նրա հոգսի մասին մտածեն: Ինչ կա, չկա, հավաքել են մի նորմալ եղանակային պայման էլ չունեցող Երեւանում ու դրանով հանգստացել:
Հա, քիչ մնաց մոռանայի: Խելացի հարեւանս մի օր բացատրեց, որ էս կուսակցությունները նախընտրական շրջանում մի մեծ քսակ են կազմում, մեջը իրենց ծախսելիք փողն են հավաքում: Փաստորեն, եթե գոնե պաստառները նկատի ունենանք, ուրեմն մեր «պուզատի» կուսակցություններըՙ Հանրապետականը, Դաշնակցությունն ու Բարգավաճն են: Իսկ «չպուզատիները» ուրեմն բավարարվում են Երեւանով, մի քանի պաստառ են տպում ու բարձրախոսներից ճղճղում հրապարակներում:
Է, տերդ ողջ մնա, հաշվապահություն: Էս Հայաստանում ինչքա՞ն փող են շինում, որ ողջ երկիրս քարոզարշավի նյութ կոչվող աղբով լցրել ու դեռ լցնում են: Իսկ իմ հարեւանների ամուսիններն ու մեր տանից էլ մի քանիսը փաստորեն էս առատ երկիրը թողել, դրսում տնից-տեղից հեռու փող են աշխատում, որ մեզ ու Հայաստանը պահեն: Իսկ տեղի փող աշխատողները նախընտրական քարոզարշավ են անում, տեղ ու պաշտոն բաժանում, իրենք իրենց համար թատրոն են սարքել ու դերասանն էլ են իրենք, հանդիսատեսն էլ: Եվ, ներեցեք արտահայտության համար, մեզ էլ բանի տեղ չեն դնում:
Էն Ապարանում մի պահ դադար առանք` ջուր խմելու: Աղբյուրի մոտ մեկը կանգնած էր, հարցրեցի, թե ինչո՞ւ ես անձրեւին դրսում, ի՞նչ ես կորցրել, ծիծաղեց, թե սպասում էր, որ գտնի: Հետո էլ ասում ենքՙ ապարանցին էսպես, էնպես... Հարցրեցի, թե ինչ պիտի գտնես: Պատասխանեց, թե ինչ-որ հանդիպում պիտի լինի չգիտես ում հետ, բա հարց տվող չլինի՞... Հետո էլ ինձ վրա ծիծաղեց. «Ես որ էստեղ չլինեի, մենակ լինեիր, ի՞նչդ պիտի ավելանար»: Էլ չիմացավ, որ պակասեց, իսկ թե ինչը` կասեմ հետո:
ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺՎԱԾ ԴԻՏՈՐԴ