Չնայած Քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը երեկ չէր ուզում վերհիշել մայիսի 4-ի երեկոյան Թումանյան-Սարյան խաչմերուկում գտնվող «Ստոպ» ռոք-ակումբում իր հետ պատահածը, երբ Գագիկ Ծառուկյանի պաստառի հետ կապված իր մի գինովցած արտահայտության համար վերջինիս պահակախմբի անդամների կողմից որդու ներկայությամբ առեւանգվել ու սաստիկ ծեծի էր ենթարկվել` տեղի ունեցածը հոգեկան եւ մարմնական ցավ էր պատճառում, բայց մեր խնդրանքով նորից կրկնեց, որ իրեն ահավոր ծեծի են ենթարկել երկու ժամ շարունակ, մեքենայի մեջ` պարբերաբար հայհոյելով եւ սպառնալով:
«Այտուցված երեսով, կողերս կոտրված-նստած եմ», իրեն նկարագրեց Շահենը:
Նա դիմել է ոստիկանություն, ոստիկանությունը «Հայկական ժամանակ» թերթի հաղորդման հիման վրա արդեն քրեական գործ է հարուցել, հարցաքննել է բոլոր վկաներին եւ Շահեն Պետրոսյանին: Ծեծող մարդիկ, ըստ Շ. Պետրոսյանի, հայտնի են, նրանցից մեկը` ոմն Էդո, հեռախոսով ծեծի օրը խոսել է Շահեն Պետրոսյանի հետ` ասելով, թե «Էսօր հարցերդ կլուծվի»... ու եկել են լուծելու: Դաժանաբար ծեծել են, որից հետո ուզեցել են սպանել, բայց ... չեն սպանել, եւ իսկական ամերիկյան «բոեվիկների» վարձու մարդասպանների ոգով անգիտակից մարդուն մեքենայից դուրս են նետել Նորքի երկրորդ զանգվածում:
Այս բոլորից հետո ինչ-որ մեկը ծեծող կողմի անունից այցելել է Շ. Պետրոսյանին` հասկացնելով, որ պատրաստ են ներողություն խնդրել, բայց ուղիղ կապ չի եղել: Ի՞նչ է պատրաստվում անել Շ. Պետրոսյանը. «Ես պատրաստ եմ մինչեւ վերջ գնալ, բայց ես հույս չունեմ օրինական ճանապարհով մինչեւ վերջ գնալ Հայաստանում», ասաց նա «Ազգի» հետ հեռախոսազրույցում: Նա առավել մեծ շեշտադրում արեց այն հանգամանքի վրա, որ միջադեպն ավելի է ծանրանում առեւանգման փաստով` ամբողջ աշխարհում մարդկանց առեւանգումն ավելի խիստ օրենսդրությամբ է քրեականացված:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ